Հարգանգի տուրք անվանի վիրաբույժին

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացվեց նորոգված վիրաբուժական բաժանմունքը, որն անվանակոչվեց Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով:

Բաժանմունքի բացմանը հաջորդիվ տեղի ունեցավ «Նշտարի հրաշագործ վարպետը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ցուցադրվեց Վիկտոր Ափոյանի կյանքին և գործունեությանը նվիրված «Հուսո լույսը» ֆիլմը:

«Վերանորոգված բաժանմունքում հարմարավետ պայմաններ են ստեղծված հիվանդների բուժման և բուժանձնակազմի գործունեության համար»,- ներկայացնելով կատարված աշխատանքներն ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար` ընդգծելով, որ մշտապես կարևոր է ավագ գործընկերների, ուսուցիչների մեծարումը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ, որպես վիրաբույժ կայացման ճանապարհին, իր համար մեծ պատիվ էր «Արմենիա» բժշկական կենտրոնում օր ու գիշեր աշխատել Ափոյանի նման պրոֆեսորի կողքին: Նախարարը հիշեց, որ մեծանուն վիրաբույժին բնորոշ էր խորհուրդ տալու բացառիկ կարողությունը, առանձնահատուկ էին նրա հաստատուն սկզբունքներն ու մարդկային տեսակը:

_MG_4607«Ակադեմիական գիտելիքներին, վիթխարի կլինիկական փորձի տեր խիզախ վիրաբույժ լինելով` նա երբեք չէր դադարում լինել նաև մարդ»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ Ափոյանը պատրաստակամ էր իր ողջ հեղինակությամբ պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր կրտսեր գործընկերոջ համար:

«Նա բացարձակ ազնվության տեր անձնավորություն էր, որ կարող էր վիրահատությունից հետո հայտնել վիրահատության ոչ դրական ելքի մասին, ինչը յուրաքանչյուր վիրաբույժի համար բավականին ծանր է»,- ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ ուսուցչի և գիտնական-վիրաբույժի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում:

«Նա ռիսկի էր գնում վիրահատելով անհույսներին, վիրահատում էր նրանց, ում ուրիշները գուցե հրաժարվեին վիրահատել: Նման բարձ ինտելեկտի մարդկանց և հանճարեղ բժիշկներին պատմությունը չի մոռանում»,- հիշելով ընկերոջն ասաց Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը:

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը պատմեց, որ աշխատել է Վիկտոր Ափոյանի հետ շուրջ երկու տասնամյակ: Նրա գնահատմամբ` Ափոյանին հաջողվել է նպաստել մեր երկրում վիրաբուժության զարգացմանը, ներդնելով նորարարական մոտեցումներ:

«Այն դպորցը, որն անցավ Ափոյանը, մի շարք այլ անվանի վիրաբույժների հետ, դա Սուրեն Ավդալբեկյանի վիրաբուժական դպրոցն էր»,- ընդգծեց Սարուխանյանը:

Հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Վիկտոր Ափոյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Վիկտոր Ափոյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ. նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն ամուր կապված է եղել վիրաբուժության հետ: 1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի պաշտոնի:

1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ. մինչ մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:

1973-1974թթ. Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը: 1990-2008թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահը:

Պրոֆեսորը հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք: Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ: Կոչումով բժիշկը մահացել է 2013 թվականի փետրվարի 18-ին 83 տարեկանում:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս