«Կառավարման բուրգում միջինից բարձր կառավարիչները մոռացել են կատարելը». Հոգեբան

Ժողովրդի, պետության վիճակն ուղղակիորեն կախված է կառավարման համակարգից՝ լավ կառավարման համակարգի դեպքում՝ կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ հակառակը: Այս կարծիքին է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե կառավարման համակարգն է պատճառը, որ այս վիճակի «դեմ ենք կանգնած»:

Նրա խոսքով՝ Հայաստանում միայն վերջերս է սկսվել ժամանակակից և որակով կառավարիչների պատրաստումը. «Մինչև այդ չի եղել, և կառավարիչներ ընտրվել են  բոլորովին ուրիշ հատկություններով, ոչ թե նրանց կառավարչական հմտություններով, ոչ թե կառավարչական գիտելիքներով, այլ բոլորովին ուրիշ հատկություններով: Ինչ-որ առումով՝ դա մինչև հիմա շարունակվում է»: Նա նշեց, որ թեև շատ լավ մասնագետներ կան, բայց նրանց աշխատելու հարցը շատ լուրջ խնդիր է. «Վերջերս նոր սկսվել է այդ շարժը, որ ընդունում են մասնագետների, որոնք պատրաստված են հենց  այդ ուղղությամբ: Խնդիրն այն է, որ այն համակարգը, որտեղ աշխատում են այն մարդիկ, որոնք անձնական փորձով են դարձել կառավարիչ, ոչ թե ժամանակակից կառավարման ձևերին են տիրապետում, նրանք բավականին ամուր նստած են իրենց տեղերում, և, բնական է, նոր մարդկանց շատ դժվար է մտնել աշխատանքի մեջ»:

Նա կարծում է՝ մեծ տեղ պետք է տրվի կառավարման հոգեբանությանը: Հոգեբանը չի հասկանում՝ ինչպես կարելի է ընդհանրապես ղեկավարել մարդկանց, եթե մարդը չգիտի հոգեբանություն, չի ճանաչում ուրիշներին: «Կառավարման բուրգում միջինից բարձր կառավարիչներն ավելի շատ կառավարում են, հրամաններ են տալիս, քան կատարում են, նրանք մոռացել են կատարելը, և այդ առումով իրենց տրվում է  հանձնարարություն՝ իրենց մակարդակի համապատասխան, բայց նրանք այդ հանձնարարությունն իջեցնում են իրենցից ցածր մակարդակներ: Հնարավոր է՝ նախարարին տրվի հանձնարարություն, նախարարը տալիս է փոխանախարարին, վարչության պետին: Այսինքն՝ կրտսեր աշխատողն անում է այն, ինչը պետք է անի նախարարը»,- նշեց Ռ. Աղուզումցյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս