Ինքներս պետք է ընտրենք` մենք Եվրոպայի՞ հետ ընդհանուր արժեքներ ունենք, թե՞ ՌԴ-ի և Ադրբեջանի

168.am-ի զրուցակիցն է հեղինակավոր «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

– Օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հստակեցրել է, թե որն է Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության գինը` ԼՂ հակամարտության կարգավորումը, ըստ ամենայնի, ի օգուտ Ադրբեջանի: Սա չի բացառել նաև ԱԳ նախարար Մամեդյարովը, ով վերջին օրերին բանակցություններ վարեց նաև Լավրովի հետ` դժգոհելով Եվրոպայից և Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներից: Կարծես ռուս-ադրբեջանական ջերմացում է նկատվում, Ադրբեջանն իր գինն է առաջարկում, փաստորեն: Այս սցենարները շատ են քննարկվում, բայց որքանո՞վ են իրատեսական:

– Ադրբեջանը շատ նմանություններ ունի Ռուսաստանի հետ. երկուսի հետ էլ Արևմուտքը պարտադրված է որոշակի չափով հաշվի նստել` էներգակիրների պատճառով, ու դրա շնորհիվ երկուսն էլ ներքին քաղաքականության առումով շարժվում են բռնատիրության ուժեղացման ուղղությամբ: Սակայն Ադրբեջանը, ի տարբերություն Ռուսաստանի, գլոբալ անվտանգության առումով վտանգ չի ներկայացնում (Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը հանգեցնող գործողություններից ձեռնպահ մնալու դեպքում) և, ըստ այդմ, Արևմուտքի կողմից ընկալվում է՝ որպես էներգետիկ անվտանգության ապահովման առումով կարևոր գործընկեր` Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար:

Դրա շնորհիվ է Ի. Ալիևը վստահ, որ իր վարչակարգի նկատմամբ հանդուրժող կգտնվեն` չնայած թե՛ հակառակորդների նկատմամբ դաժան բռնաճնշումներին, թե՛ Ռուսաստանի հետ մերձեցմանը և, դրան զուգահեռ` սահմանային գոտում զինված սադրանքներին: Այս իրավիճակում Ի. Ալիևը կարող է փորձել օգտագործել ռուսաստանյան վերնախավի հիվանդագին կայսերապաշտական աշխարհընկալումը` ԼՂ հիմնահարցն իր օգտին լուծելու նպատակով: Անհնար է չնշել, որ նման մտահղացման թեկուզ տեսական հնարավորությունն առաջացավ միմիայն հայ քաղաքական վերնախավի ռուսամոլ, ստորաքարշ պահվածքի հետևանքով:

Եթե Ադրբեջանի ներկայացուցիչները հույս ունեն այդ կերպ Ռուսաստանի օգնությամբ իրենց խնդիրը լուծել, նշանակում է, որ իրենք կարծում են, որ Կրեմլի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ այնքան ուժեղ է, որ կարող է պարտադրվել թե՛ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությանը համաձայնելը, թե ԼՂՀ-ից հրաժարվելը` թեկուզ ռուս «խաղաղարարների» տեղաբաշխման պատրվակով:

Այնուամենայնիվ, ռուս-ադրբեջանական գործարքի հավանականությունն առայժմ ավելի շատ տեսական է, դրա իրականացման հավանականությունն այնքան էլ մեծ չէ` նաև արտաքին գործոնների պատճառով: Ամենացավոտ խնդիրը հենց այն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն և մյուս իրավասու կառույցները չեն աշխատում Ռուսաստանից սկիզբ առնող մարտահրավերների դեմն առնելու համար, և տարածաշրջանային այլ խաղացողների դերակատարումն է առավել ազդեցիկ` ռուս-ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանա-թուրքական հնարավոր գործարքի կանխման առումով:

– Ադրբեջանը բացեիբաց քննադատում է և՛ Մինսկի խմբին, և՛ Եվրոպական միությանը: Գաղտնիք չէ, որ դեմ չէ ՄԽ ձևաչափի տապալմանը, որին, ըստ որոշ միջազգայնագետների, դեմ չի լինի նաև Ռուսաստանը: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը Մինսկի խմբից և Հայաստանի ցանկությունից անկախ գործընթաց սկսեն:

– Ադրբեջանը կշարունակի բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից հանելուն նպատակաուղղված սադրանքները, իսկ նման գործելակերպն անհնար է՝ առանց Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունքի: Առավել ևս, որ առանց ռուսական զենքի լայնածավալ մատակարարումների Բաքուն նման գործելակերպ իրեն թույլ տալ ուղղակի չէր կարող: Ձեր նշած «Մինսկի խմբից անկախ գործընթացը» հնարավոր է խթանել միայն նոր զինված բախումներ հրահրելու միջոցով, և Բաքվի պսևդոօլիմպիադայից հետո կարող են նոր սադրանքներ լինել:

– Երբ խոսվում է Մինսկի խմբի արդյունավետության մասին, դիվանագետները պնդում են, որ այդ ձևաչափն իր նպատակին ծառայում է, չի կարող կարգավորում պարտադրել կողմերին: Վերջերս ՄԽ-ն հանդիպումներ ունեցավ, որոնք կարծես ոչնչով չեն նշանավորվում և նշանավորվելու, խոսվեց նախագահական հանդիպում կազմակերպելու մասին, Սա բնակա՞ն է: Բեկման համար ի՞նչ է անհրաժեշտ:

– Բանակցություններին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը որոշ չափով կնպաստեր դրանց արդյունավետությանը: Սակայն Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի պայմաններում առաջընթացի հասնել հնարավոր չէ: Մյուս կողմից՝ տարածաշրջանային իրադարձություններն Արևմուտքի հետ գլոբալ հակամարտության համատեքստում ընկալող Ռուսաստանի ազդեցությունը ևս արդյունավետությանը չի նպաստում:

– Պարոն Գրիգորյան, կայացավ ԱլԳ չորրորդ գագաթաժողովը Ռիգայում: Արդյունքների մասին շատ խոսվեց: Ըստ Ձեզ՝ այս անգամ կհաջողվի՞ պահել պայմանավորվածությունները: Եթե Հայաստանն ու ԵՄ-ն կարող էին ունենալ հարաբերությունների նման օրակարգ, ինչո՞ւ չստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ է փոխվել հիմա, որ այս օրակարգն ընդունելի է: Կամ միգուցե սա համաձայնեցվա՞ծ չէր Մոսկվայի հետ, այլ ՀՀ իշխանությունների նախաձեռնությունն էր, քանի որ իշխանություններն ունեն ակնկալիքնե՞ր:

– Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվեր՝ ազատ առևտրի պայմանագիրը ներառելով, և դրանից հրաժարվելը հանգեցրեց նոր բանակցություններ անցկացնելու և այլ բովանդակությամբ պայմանագիր մշակելու անհրաժեշտությանը: Սա էլ դեռ չի նշանակում, որ աշխատանքները հաջողությամբ կավարտվեն. երբ պայմանագրի ստորագրման պահը գա, Կրեմլը կարող է նորից իր ուզածը պարտադրել:

– Տեսակետ կա, որ Մոսկվան դեմ չի լինի Հայաստանի՝ ԱլԳ անդամությանը, քանի որ այդ ծրագրի շրջանակում Հայաստանը պաշտպանում է Ռուսաստանի շահերը, պայքարում, որպեսզի չընդունվեն հակառուսական ձևակերպումներ, և այլն: Որքանո՞վ են իրատեսական այս կարծիքները:

– Այո, նույնիսկ ընդհանուր առմամբ Ռիգայի գագաթաժողովի վերաբերյալ լավատեսական կարծիք արտահայտող հայ վերլուծաբաններից ոմանք են ընդգծում, որ համաժողովին Ս. Սարգսյանի մասնակցությամբ կանխվեց Ղրիմի բռնակցման վերաբերյալ առավել կոշտ բանաձևի ընդունումը: Խնդիրն այն է, որ հայ քաղաքական վերնախավը Ռուսաստանի շահերն է պաշտպանում` իր մորթապաշտական շահերից ելնելով, և Ռուսաստանից պատասխան քայլեր չի պահանջում:

– Գագաթաժողովի արդյունքներն ի՞նչ ապագա են խոստանում ԱլԳ երկրներին և ՀՀ-ԵՄ համագործակցությանը:

– Վրաստանի, Մոլդավայի և Ուկրաինայի իշխանություններին ավելի հստակ պահանջներ են ներկայացվելու` բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու նպատակով, սակայն առանց շռայլ խոստումների` հեռանկարային ԵՄ անդամակցության և այլնի վերաբերյալ: Այնուամենայնիվ, եվրոինտեգրման ուղիով առաջ ընթանալու պատրաստ և ժողովրդավարության հիմնական չափանիշերին համապատասխանող այդ երկրներն այլ վերաբերմունքի կարժանանան, քան մարդու տարրական իրավունքները կոպտորեն խախտող բռնատիրությունները և գրեթե բացառապես Ռուսաստանի շահերով առաջնորդվող Հայաստանը: Ընդհանուր առմամբ, դուռը կիսաբաց է մնում նաև Հայաստանի համար, սակայն ինքներս պիտի ընտրենք` մենք Եվրոպայի՞ հետ ընդհանուր արժեքներ ունենք, թե՞ Ռուսաստանի և Ադրբեջանի:

 

Տեսանյութեր

Լրահոս