«120 դրամով կարտոֆիլ են վաճառում, բա ուզում եք ամեն ինչ միանգամից 300 դրամ լինի՞». փոխնախարար
Հայաստանում անցած տարվա կարտոֆիլը դեռ չի իրացվել, և շուկայում առկա հին բերքը մեծամասամբ փչացած է: Գյուղացիներն ասում են, որ չեն կարողացել իրենց անհրաժեշտ ծավալով վաճառել բերքը, իսկ պահպանելն էլ հեշտ չէ և բերքի մի որոշ մասը ստիպված են ոչնչացնել, քանի որ արդեն շուկայում առկա է նոր կարտոֆիլը, ու շատերը դա են գերադասում:
168.am-ը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիր է եղել կարտոֆիլի իրացման հետ կապված: Փոխնախարարը վստահեցրեց, որ խնդիրներ չեն եղել, շուկայում էլ դեռ հին կարտոֆիլը նորմալ իրացվում է:
«Արտահանող կազմակերպությունները մեր բոլոր մարզերում ավելի կարտոֆիլ ունեցածների հետ կապի մեջ են, որոնք կանխամտածված պահել էին՝ 2-3 անգամ թանկ ծախելու համար: Երբ աշնանը հայտարարեցի, որ կարտոֆիլի արտադրության ծավալներն ավելի են, հարց էիք տալիս՝ ինչո՞ւ է շուկայում թանկ. որովհետև այդ ժամանակահատվածում տեղումներ էին, նպաստավոր չէր, քիչ էր քանդվում, քանդվածն էլ շուկա չէր գալիս, մտածում էին՝ պահենք, թանկ ծախենք»,- ասաց Ս.Գալստյանը:
Մեր դիտարկմանը, որ այժմ էլ մարդիկ տուժում են, փոխնախարարը չհամաձայնեց. «Ինչի՞ են տուժել: 120 դրամով կարտոֆիլ են վաճառում: Բա ուզում եք ամեն ինչ միանգամից 300 դրամ լինի՞: Փչացած չէ, իդեալական կարտոֆիլ է, եթե մի մարդ չի կարողացել իր ամբարատնում կարտոֆիլ պահի, թող ինքը մտածի դրա մասին: Էսօր արտահանողները բոլոր խոշոր արտադրողների հետ կապի մեջ են: Ու պատահական չէ, որ վերջերս բավականին հին կարտոֆիլ արտահանվեց՝ շուրջ 2000 տոննայից ավելի: Բացարձակ իրացման խնդիր չունենք: Մեր շուկայում հինը վաճառվում է, նորն էլ դուրս է եկել, գինն էլ պակաս է անցած տարվանից, որովհետև արտադրության ծավալներն են ավելի, քանի որ հեկտարներն էլ են ավելացել»:
Ս.Գալստյանը նշեց, որ այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները կավելանան 1100-1200 հեկտարով, ինչը նշանակում է, որ 200 ցենտներ բերքի պայմաններում առնվազն անցած տարվա մակարդակը կգերազանցենք. «Թիվ չեմ ասում: Օրը գա՝ բարին հետը»: