Հետսովետական ԶԼՄ-ների խնդիրը ֆինանսական անկախություն գտնելն է ճնշումներին դիմակայելու համար. Պոլիվանով
«Ուկրաինական ճգնաժամի որևէ կողմ պատվով չհաղթահարեց տեղեկատվական պատերազմը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Meduza.io լատվիական կայքի լրագրող, նախկինում «Լենտա», «Վեդոմոստի» կայքերի վերլուծաբան-լրագրող Ալեքսանդր Պոլիվանովը` անդրադառնալով ուկրաինական պատերազմի ֆոնին մղվող հիբրիդային պատերազմին և ԶԼՄ-ների պատրաստվածությանը:
Ալեքսանդր Պոլիվանովը նշեց, որ ուկրաինական ճգնաժամը լուրջ փորձություն դարձավ լրագրության համար, և ոչ մի կողմ այդ փորձությունը չկարողացավ պատվով հաղթահարել:
Նրա խոսքով` այսօր հիբրիդային պատերազմն իրողություն է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրականում շատ կառավարական ԶԼՄ-ներ դառնում պրոպագանդիստական գործիք, լրագրությունը՝ որպես մասնագիտություն, բացարձակապես դուրս է գալիս նրանց աշխատանքից, բայց կան մի քանի լրագրողներ, որոնք հավատարիմ մնացին լրագրության բազային սկզբունքներին:
Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն վախենում տաք կետեր գնալուց և լուսանկարելուց, նկարահանելուց, խոսելուց, ռեպորտաժներ պատրաստելուց: Հասկանալի է, որ նրանք դարձան այս հակամարտության լրագրող աստղերը: Մեկ լուսանկարի միջոցով այնպիսի պատմություններ են պատմվել, որ անհավանական է, նրանք իսկապես լրագրության աստղեր են, որովհետև կարողացել են մեկ լուսանկարով լցնել տասնյակ էջերի դատարկություն»,- ասաց Պոլիվանովը: Նրա կարծիքով` հետսովետական տարածքում գործող ԶԼՄ-ների գլխավոր խնդիրն այն է, որ ոչ բոլորն են, որ կարող են իրենց համար ֆինանսական անկախություն ապահովել, որի հետևանքով կամ ընկնում են իշխանության ազդեցության տակ, կամ ընկնում են ինչ-ինչ մարդկանց ազդեցության տակ, որոնք ունեն գումար, բայց չեն հասկանում լրատվամիջոցների աշխատանքից բացարձակապես ոչինչ, և օգտագործում են այդ ԶԼՄ-ներն իրենց ագիտացիայի համար:
«Եթե ԶԼՄ-ն ցանկանում է աշխատել անկախ, ապա պետք է կախվածության մեջ չլինի որևէ կենտրոնից, ֆինանսական անկախություն պետք է ունենա կամ ֆինանսական այնպիսի կտրուկ պայմանավորվածություններ, որոնք պարտավորություններ չեն ենթադրի»,- նշեց Պոլիվանովը: Խոսելով հայաստանյան լրատվամիջոցներից` նա ասաց, որ առիթ չի ունեցել հետևելու: «Սակայն հայ գործընկերներիս հետ պարբերական շփումները թույլ են տալիս հասկանալ, որ հայաստանյան ԶԼՄ-ները շատ ժամանակակից ձևաչափեր են օգտագործում, ժամանակակից տեխնիկա, պարզապես լսարանն է այստեղ շատ փոքր»,- ասաց Պոլիվանովը: