Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի համար նշանավորվեց դրական արդյունքներով

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի հետ

– Ավարտվեց այդքան քննարկված ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի 4-րդ գագաթաժողովը Ռիգայում, որի արդյունքներն ամփոփվեցին եզրափակիչ ընդհանուր հռչակագրում։ Ռիգայի գագաթաժողովից շատ ավելի մեծ էին գործընկեր երկրների սպասելիքները, սակայն, ինչպես ԵՄ պաշտոնյաներն ասացին, փորձել են գտնել ոսկե միջինը, որը որոշակիորեն կբավարարի գործընկերներին և ԵՄ անդամ երկրներին։ Ինչո՞վ նշանավորվեց, ըստ Ձեզ, «Արևելյան գործընկերության» այս գագաթաժողովը։

– Իմ համոզմամբ` այս գագաթաժողովը նշանավորվեց ԵՄ-ի նոր մոտեցմամբ, որը կարելի է անվանել ճկունության քաղաքականություն։ Իրականում, ԵՄ երկրներն այսուհետ կվարեն յուրաքանչյուր գործընկերոջ հետ անհատական, առանձնահատուկ քաղաքականություն, համաձայն որի` ԱլԳ այն երկրները, որոնք կձգտեն էլ ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, կստանան այդ հարցում ԵՄ օժանդակությունը, այն երկրները, որոնք կունենան սահմանափակումներ և որևէ հատուկ նախասիրության քաղաքականություն չեն ցուցաբերի, ԵՄ-ից կստանան ինչ-որ սահմանափակ հնարավորությունների, ծրագրերի տրամադրում։ Այսինքն` ԵՄ-ն կվարի քաղաքականություն` համաձայն ԱլԳ յուրաքանչյուր երկրի հավակնությունների։

– Օրերս ՀՀ ԱԳ նախարարը, ամփոփելով գագաթաժողովի արդյունքները, ասաց, որ խորհրդակցությունների փուլը ՀՀ-ն ու ԵՄ-ն եզրափակեցին և եկան ընդհանուր հասկացողության, որ պետք է շուտով բանակցություններ սկսել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտակա ժամանակ Եվրամիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը` բանակցող թիմի համար, որից հետո կսկսվեն բանակցությունները։ Ինչպե՞ս եք գնահատում Ռիգայի արդյունքները ՀՀ-ի համար և Ս. Սարգսյանի ելույթները, որոնցում նա հավաստիացնում է, որ ՀՀ-ի եվրոպական օրակարգը շարունակում է առաջնահերթություն մնալ։ Որքա՞ն մենք կարող ենք համատեղել եվրոպական և եվրասիական օրակարգերը։

Կարդացեք նաև

– Ռիգայի գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար իսկապես դրական էին։ Նույն այն անհատական մոտեցումը, որի մասին խոսեցի, Հայաստանին է ցուցաբերվելու, դրական է, որ ստացվեց մանդատ, որպեսզի բանակցությունները մեկնարկեն, և հուսանք, որ մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները, և երկուստեք կա քաղաքական կամք` այն չձգձգելու շուրջ։ Հուսանք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների բանակցված համաձայնագրին, նոր իրավական հիմքին, և, ինչո՞ւ ոչ, նաև ստորագրել։ Պետք է ուրախությամբ նշել մեկ այլ հանգամանքի մասին ևս։ Ակնկալիքներ կային, որ ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը բաղկացած է լինելու հարաբերությունների քաղաքական բաղադրիչից, բայց հայտնի է դառնում, որ տնտեսական ևս լինելու է։

Հուսով եմ, որ այս տարին կավարտենք նոր պայմանագրով։ Իսկ մնացած ուղղությունների շրջանակում, ինձ թվում է, որ սեպտեմբերի 3-ն իր բաժին դասերն է տվել և՛ Հայաստանին, և՛ Եվրոպական միությանը։ Եթե յուրաքանչյուր կողմ իր համապատասխան դասը քաղել է, ապա ՀՀ-ն ու ԵՄ-ն համագործակցություն կվարեն այն ոլորտներում, որտեղ մաքսիմալի կհասցվի «և-և»-ի մոտեցումը և Եվրասիական, այսպես կոչված, տնտեսական միությունը որևէ խոչընդոտ չի առաջացնի ՀՀ եվրոպական օրակարգում։

– Ի վերջո, այս գործընթացում, ցավոք, գլխավոր դերակատարները միայն ՀՀ-ն ու ԵՄ-ն չեն, այլ ՌԴ-ն` ևս։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ապագա համաձայնագրի ստորագրման ճանապարհին ևս ՌԴ-ն խոչընդոտներ չի առաջացնի։ Տեսակետ կա, որ ՌԴ-ն մեղմ դիրքորոշում է զբաղեցրել, որով փորձում է մեղմել իր նկատմամբ գործադրվող արևմտյան պատժամիջոցները։

– Եկեք մի փոքրիկ ետ անդրադարձ կատարենք։ Չնայած սեպտեմբերի 3-ի որոշմանը, սեպտեմբերի 4-ին ՀՀ իշխանություններն արդեն հայտարարել էին, որ պատրաստ են քաղաքական բաղադրիչը ստորագրելուն։ Այնուհետև ևս մի քանի անգամ եղել է այդ մտադրության մասին բարձրաձայնում։ Այնպես որ, այս պարագայում ամեն ինչ կապել ՌԴ-ի և ՌԴ թույլտվության հետ, սխալ է։ Միգուցեև հանրային ականջի համար, ինչ-որ բացատրությունների համար գեղեցիկ կարող է հնչել, կամ լավ հնարավորություն է` ասելու, որ այս կամ այն գործողությունը հնարավոր չէ անել, քանի որ սահմանափակվածություն կա, քանի որ ինչ-որ մեկը մեզ չի թույլ տալիս, բայց ինձ չի թվում, որ արտաքին հարաբերություններն այդ երևույթների վրա են ձևավորված։

Հայաստանը պետք է առաջնորդվի իր սեփական շահերով, և իր շահերից ելնելով` պետք է իր ցանկացած քաղաքականությունը վարի, որոշումներն ընդունի։ Եթե սեպտեմբերի 3-ի ճնշումներին պատրաստ չէինք, ապա մեր համար դաս էր։ Հուսով եմ, որ այդ դասերը քաղելուց Հայաստանը կանի այն ամենը, ինչը հարկավոր է իր երկարատև շահերին` ԵՄ ինտեգրման ուղղությամբ զարգանալու համար, բայց այնպիսի քայլերով, որ սեպտեմբերի երեքներ չկրկնվեն։ Թե ինչ են թույլ տալիս, ինչ են անում, ավելի շատ իրական քաղաքականությունից չի գալիս, այլ նրանից, թե որտեղ դու ինքդ պետք է որոշես` ինչ քայլեր ձեռնարկել սեփական շահերդ առաջ մղելու համար։ Կարծես այն ամենը, ինչի ականատեսն ենք մենք այսօր, բխում է այն շահերից, որ ունի Հայաստանը։

Գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ում մենք նոր վերցնելու բան չունենք, արժեհամակարգում չկան բաներ, որ Բելառուսից և Ղազախստանից սովորենք, եթե կստացվի այդ շուկաներն օգտագործել, որոնք փաստաթղթի վրա կան, բայց դեռ կյանքում չենք տեսել, ավելի լավ, բայց մենք պետք է մեր սեփական շահերով առաջնորդվելով` մեր խնդիրներն առաջ տանենք։ Պետք է առաջնորդվենք ոչ թե նրանով` ով ինչ կասի, ինչպես կասի, ում ինչ տրամադրությամբ ինչը դուր կգա կամ չի գա, այլ նրանով, թե ինչ պետք է անենք մեզ համար, ինչը համապատասխանում է մեր ցանկություններին և ձգտումներին։

– Դուք, փաստորեն, համոզված եք, որ ԵՏՄ կազմում Հայաստանը կարող է զարգացնել պետական ինստիտուտները, բարեփոխվել, ավելի ժողովրդավար դառնալ։

– Եթե բարեփոխումների եվրոպական օրակարգը շարունակենք, այդ ժամանակ կարող ենք, այլապես ԵՏՄ կազմում ոչինչ չենք կարողանալու անել, ԵՏՄ-ից բան չունենք վերցնելու։ Եթե ցանկանում ենք զարգացում ունենալ, բոլորի համար հասկանալի է, որ դա մեր շահերից է բխում, ապա մենք պետք է կարողանանք գտնել հարաբերությունների այն բոլոր ձևերը, որոնք թույլ կտան` եվրոպական ինտեգրման ուղին շարունակենք։ Բարեփոխումների մեր օրակարգը, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման, պետական ինստիուտների զարգացումը միայն և միայն հնարավոր է եվրոպական ինտեգրացիայի դեպքում։

– Վերջերս ստորագրվեց ՀՀ-ԱՄՆ «Առևտրի և ներդրումների» համաձայնագիրը, ԱլԳ Ռիգայի գագաթաժողովում որոշակի արդյունքներ արձանագրվեցին, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց։ Տեսակետ կա, որ ՀՀ-ն հավասարակշռում է իր արտաքին քաղաքական ընտրությունը սեպտեմբերի 3-ից հետո` վերադառնալով իր «և-և»-ի քաղաքականությանը։ Համաձա՞յն եք այս տեսակետների հետ։

– Ես կարծում եմ, որ գնահատել պետք է արդյունքներով։ Ունենք նոր օրակարգ հայ-ամերիկյան հարաբերություններում, որն ավելի շատ տնտեսական ներդրումների զարգացմանն է ուղղված, տնտեսական համագործակցությանը, կան պայմանագրեր, պայմանագրերը կյանքի կկոչվեն, ուրեմն կասենք, որ իրականություն է։ Ունենք Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում նշված նպատակները, որ Հայաստանը «Հորիզոն 20/20» ծրագրին է միացել, ավիացիային է միացել, վիզաների դյուրացումից դեպի վիզաների ազատականացման գործընթացին ապագայում կմիանա, վիզաների երկխոսություն կսկսվի, ունենք այն տեղեկությունը, որ մանդատ է տրամադրվել բանակցությունների համար։ Կունենա՞նք մինչև տարեվերջ բանակցված պայմանագիր, կարող ենք գնահատել, որ նման քաղաքականություն ընթանում է, արդյունքներով գնահատելն ամենաճիշտն է, եթե այդ բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել են, կկոչենք կյանքի, ուրեմն կա նման քաղաքականություն, եթե ոչ, ուրեմն կարելի է ասել, որ խոսում ենք, բայց ոչ` գործում։

Տեսանյութեր

Լրահոս