Հովհաննես Մանուկյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների մասին
Ինչպես հայտնի է՝ մայիսի 20-ին անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոցներ էին արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը, ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չէր տուժել: Ավտոմեքենայում դեպքի ժամանակ եղել են վարորդը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա օգնականը : Լրագրողներն այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իր կարծիքով՝ հանցագործության ձևացում տեսնո՞ւմ է կատարվածի մեջ, թե՞ ոչ:
«Եթե ես այդ հարցին պատասխանեմ՝ միամիտ տպավորություն չե՞մ թողնի Ձեզ վրա,- ասաց Հովհաննես Մանուկյանը, ապա շարունակեց,- Լուրջ իրավաբանը՝ նախարարի պաշտոն զբաղեցնող, կարո՞ղ է նման հարցի պատասխանել՝ այսպիսի սիրողական մակարդակով: Դիլետանտական կստացվի, եթե ես լրատվության միջոցներով ստացված ինֆորմացիայի հիման վրա նման բան ասեմ ձեզ»:
Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է արդար քննությանը՝ հաշվի առնելով հասարակության անվստահությունը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին դարձյալ չի պատժվի, քանի որ նա ընդամենը վկայի կարգավիճակում է, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Այդ ամենը թույլ է տալիս հույս ունենալ, որ քննությունը կգա իր տրամաբանական ավարտին՝ և´ օրենքի տեսակետից, և´ ճշմարտության»: Հարցին, թե ի՞նչն է նախարարին թույլ տալիս նման հույս ունենալ, Հ. Մանուկյանը պատասխանեց. «Իմ լավատեսությունը և նվիրվածությունը երկրին»: