Բուդոյի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի և Սուրիկ Խաչատրյանի մեքենաների վրա արձակված կրակոցները նույն ձեռագիրն ունեն
«Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ անտառից 10 կրակոց է եղել, որոնցից ոչ մեկը չի կպել որևէ մեկին, սկսում ես մտածել, որ սա ավելի շատ կազմակերպված թատերական ներկայացում է, քան որևէ վրեժխնդրություն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կատարված հարձակման մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոց են արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը, ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չի տուժել: Ավտոմեքենայում դեպքի ժամանակ եղել են վարորդը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա օգնականը: Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ այն, որ Սուրիկ Խաչատրյանը և նրա ընտանիքը հասցրել են իրենց կյանքն այնպես ապրել, որ վաստակել են բազմաթիվ թշնամիներ, որոնք կուզենային պատժել նրան, քանի որ Հայաստանի արդարադատության համակարգը դա չի արել, խոսք չկա, այն, որ Սուրիկ Խաչատրյանը կամ միգուցե իշխանության որոշ շրջանակներ կցանկանան շրջանառության մեջ դնել վարկածներ՝ որևէ մրցակցի շարքից հանելու համար, և բացառված չէ, որ առաջիկայում լսենք ինչ-որ ցուցմունքներ՝ կապված հենց Սուրեն Խաչատրյանի հակառակորդների հետ, սա էլ չի բացառվում, բայց մյուս կողմից՝ ապատեղեկատվության պայմաններում առավելապես հավանական է թվում այս ամեն ինչի կազմակերպված լինելը՝ հօգուտ Սուրեն Խաչատրյանի.
«Մենք, այնուամենայնիվ, ունենք ինքնավնասման բավականին հետաքրքիր նախադեպեր՝ սկսած 1997-98 թվականներից՝ Բուդոյի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի մեքենայի վրա կրակոցները, որոնք նույնպես հանրությունը, վերլուծաբանները և փաստերը կապում են ավելի շատ ինքնակազմակերպման, քան այլոց կազմակերպման հետ, և այս կտրվածքով՝ թերևս, ձեռագիրը նույնական է, որովհետև դրանով մի քանի խնդիր է լուծվում, նախ՝ զսպում է հնարավոր հակառակորդներին, ովքեր կարող էին վրեժխնդրության դիմել, նրանք արդեն կզգուշանան, քանզի արդեն իսկ այս չակերտավոր տապալված դեպքը կա, և երկրորդը՝ կարծես թե հանրային քննարկման օրակարգում էլ թեմա է փոխվում, եթե մինչ այժմ քննարկվում էր Գորիսի միջադեպը, և հանրային քննարկումն ուղղակի դատապարտյալի աթոռին էր դնում Սուրեն Խաչատրյանի ընտանիքին, հիմա թեմա է փոխվել, և կարծես թե ֆորմալ առումով Սուրեն Խաչատրյանը տուժողի կարգավիճակում է»:
Հարցին՝ եթե հաշվի առնենք, որ շատերն են Ձեզ նման մտածում, արդյոք հաջողության հասա՞ն նրանք՝ այդ ինքնավնասման քայլին դիմելով, Ստեփան Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Մասամբ արձանագրենք, որ շատ կարևոր հոգեբանական բան է տեղի ունենում: Ինչքան էլ հանրությունը վշտանա, որ Սուրեն Խաչատրյանին չի կպել, որքան էլ հանրությունը չհավատա այս պաշտոնական վարկածին (այն, որ Սուրեն Խաչատրյանը մահափորձի թիրախ է եղել), այնուամենայնիվ, դա փոխում է քննարկումների ուղղվածությունը, դա հնարավորություն է տալիս Սուրեն Խաչատրյանին և իր կողմնակիցներին օրակարգ բերել այլ դիսկուրսներ, մի կողմ ենք թողնում՝ դրան ովքեր կհավատան և ովքեր չեն հավատա: Հիմա Սուրեն Խաչատրյանը շատերի համար զոհ է, և այդ դաշտում կարող են քննարկումներ բացել և ծավալել, այս առումով պետք է ասել, որ տեխնոլոգիան կիրառվեց, և այնքան էլ անիմաստ չէր՝ անկախ նրանից, թե քննարկումների ժամանակ որ դիսկուրսի կողմնակիցներն ինչքան են, բայց համենայն դեպս՝ ինքը տեսականորեն ստեղծել է Սուրեն Խաչատրյանին խղճալու, պաշտպանելու հարթակ»: