«Համակարգը պետք է փոխվի»
Մեր զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
– Պարոն Խուրշուդյան, 1 տարի առաջ ձևավորվեց ներկայիս կառավարությունը, ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում նրա գործունեությունը:
– Կառավարությունը պետք է հաշվի առներ անցած տարեվերջի ճգնաժամը և բյուջետային ռազմավարությունն ամեն դեպքում պետք է փոխեր, բայց դա չի արվել: Այսինքն՝ ժամանակահատվածն այնպիսին է 1 տարվա, որ ընթացքում ֆինանսական ճգնաժամ արձանագրվեց, որն ազդել է ՀՀ տնտեսության վրա, և այդ ազդեցությունը քաղաքականության փոփոխության մեջ չենք տեսել, կարծես ոչինչ չի եղել:
– Բացի ճգնաժամի ազդեցությունից՝ կառավարության գործունեությունը դրակա՞ն է, կամ դրականի սպասումներ կա՞ն:
– Գիտեք, իներցիոն է, ոչ թե նախաձեռնող, այսինքն՝ կարծես բյուրոկրատական լինի, քաղաքական հստակ գիծ չկա, չենք հասկանում՝ պրոտեկցիոնիստակա՞ն է, լիբերա՞լ է, տնտեսությա՞ն համար է, սոցիալակա՞ն է: Այսինքն՝ դժվար է որևէ բնութագիր տալ: Կառավարությունն իներցիոն վերարտադրում է այն, ինչ եղել է, և ինչպես կարող է, իսկ նման պայմաններում սկսում են գերակա դառնալ տարբեր շերտերի, խմբերի շահերը, որոնք կարողանում են ազդել քաղաքական որոշումների վրա: Դա վերջերս ակնհայտ երևաց և այժմ էլ երևում է՝ էներգետիկ խնդիրների, սակագնի քննարկման հետ կապված, թե ինչպես են էներգետիկ ոլորտում բիզնեսներն իրենց շահերն առաջ տարել այս ամբողջ ընթացքում: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է իր դերը վերագտնի:
– Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ հիմնարար բարեփոխումներ են իրականացվում, և այս տարվա ընթացքում դրանց արդյունքը կերևա: Համաձա՞յն եք նրա հետ:
– Օրակարգում առկա երկարաժամկետ բարեփոխումների փաթեթում կենսաթոշակային բարեփոխումներն են, որ դեռևս առկախված վիճակում են մնացել, համայնքային խոշորացումները նույնպես հնուց են եկել և շարունակվում են, ուրիշ ոլորտային բարեփոխման մասին տեղյակ չեմ: Հակակոռուպցիոն գործընթացները պետք է սկսվեն, պետք է ռազմավարություն ունենանք, բայց ակտիվություն չի երևում այդտեղ, ընթացիկ փաստաթուղթն է միայն: Սա է այս պահին գնահատականը:
– Կարո՞ղ եք բալային համակարգով գնահատել կառավարության գործունեությունը:
– Դա անշնորհակալ գործ է, թույլ տվեք նման գնահատական չտալ: Այսինքն՝ իմ մտահոգությունը հենց այն է, որ չեմ կարողանում գնահատական տալ: Շատ անորոշ վիճակ է, իսկ անորոշությունը վտանգավոր է: Մենք չգիտենք, թե ինչ շահ կմտնի հանրային օրակարգ, և այդ շահն ինչպես կբավարարվի: Հայաստանում մենք լոբբիստական կառույցներ և թափանցիկ համակարգ չունենք, և որոշումները կայացվում են՝ տարբեր շահերից ելնելով: Հանրային շահն այսօր արտահայտվում է ակտիվիստական կամ բողոքի ցույցերով, բայց դա ցանկացած հիմնախնդիրների վերևի մասն է, երբ խնդիրն արդեն մարդկանց կոկորդին է հասնում: Հանրային շահի այլ խողովակներ, որոնք կարող են ազդել որոշումների վրա, այս պահին՝ չունենք: Տակը մնում է մասնավոր շահը, և մասնավորն էլ փորձում է իր ձևով խնդիրները լուծել: Ով կարողանում է՝ իր վիճակը կբարելավի, բայց դա կլինի մյուսների հաշվին: Դա է բիզնես ոլորտի վտանգը: Եթե համեմատենք, ապա նախկին կառավարությանը քննադատում էինք՝ շատ լիբերալ ու ակտիվ լինելու, կամ՝ մասնավորի վրա շատ ազդելու, շատ ռեֆորմներ անելու համար, որոնք դրսից են գալիս, բայց այս պահին հակառակ պրոցեսն է:
Այսինքն՝ մի ծայրահեղությունից թռել ենք մյուս ծայրահեղություն, գրեթե ոչինչ չենք անում, ինքնահոսի գնում է, որոշումները կայացվում են, և ինչ կլինի վերջը՝ չի էլ ասվում: Տնտեսական աճի շուրջ ենք խոսում միայն, վերջերս վարչապետն էլ խոսեց, բայց, թեև տնտեսական աճի ցուցանիշը շատ կարևոր է՝ մակրոտնտեսական քաղաքականության առումով, որ ճիշտ քաղաքականություն տարվի, բայց այն շատ չնչին ցուցանիշ է և շատ սոցիալական երևույթներ չի բնութագրում, օրինակ՝ ինչպիսին է աղքատությունը Հայաստանում, ինչպիսին է սոցիալական արդարությունը: Նման հարցեր ուղղակի չեն քննարկվում այսօր Հայաստանում:
– Կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանը գերատեսչությունների ղեկավարներից ոմանց խիստ դիտողություններ արեց: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ում առկա իրավիճակի համար ղեկավարնե՞րն են մեղավոր, թե՞ ենթակա օղակները:
– Խնդիրն ավելի խորքային է, ինչ-որ մեկին կամ նախարարներին մեղադրելը, կամ գտնել մեղավորին և ասել՝ լավ չեք աշխատում, բավարար չէ: Խնդիրն ընդհանրապես կառավարման մոդելի մեջ է: Եվ այս համակարգը շատ վաղուց դրվեց, կարելի է ասել՝ երբ կոալիցիոն կառավարություն ստեղծեցին ու ասացին՝ ամեն մի նախարար պատասխանատու է իր ոլորտի համար: Այսինքն՝ այն, որ գործադիրը երկրի քաղաքականության համար պատասխանատու է, իսկ ոլորտներն իրար հետ փոխկապակցված են, անջատ անհնար է դա անել, ահա այդ մոտեցումը չեղարկվեց և ընդունվեց մոտեցում, որ ամեն մեկն ընդամենը իր բյուրոյի պատասխանատուն է: Եվ մենք ունենք մի վիճակ, որ այս պարագայում այնպես է զարգացել մեր կառավարման մոդելը, որ յուրաքանչյուր նախարար այս պահին ոչ թե՝ քաղաքական գիծ կամ քաղաքականություն է ներկայացնում, այլ՝ ինչ-որ բյուրոկրատական կամ մասնավոր շահի բավարարման կառույցներ են ներկայացնում:
Եվ դա պետք է միանշանակ փոխվի, պետք է կառավարությունը հասկանա, որ կառավարության նիստերում իրենք բոլորը պատասխանատու են այս երկրի զարգացման, ապագայի ու այսօրվա համար, ոչ թե ամեն մեկն իր ոլորտի համար ինչ-որ բան արեց կամ չարեց:
– Տեսակետ կա, որ գործող վարչապետը կամ կառավարության որոշ անդամներ պետք է փոխվեն: Դուք փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դեռ պետք է սպասել, տեսնել, թե ինչ կանեն:
– Եթե զուտ մարդ են փոխում, համակարգը մնում է նույնը, ի՞նչ օգուտ դրանից: Այսինքն՝ նույնիսկ փոխելը ձև ունի, եթե փոխում են՝ քաղաքական պատասխանատվություն կրելով, այսինքն, որ քաղաքական պատիժ է կրում, այսպես ասած, նշանակում է՝ ապագայում քաղաքական գործընթացներից ինչ-որ մի գործիչ դուրս է մնում, դա կհասկանայիք, բայց Հայաստանի անցյալը ցույց է տալիս, որ նման բան երբեք չի լինում, հաճախ փոփոխությունների արդյունքում պաշտոնների վերադասավորում է լինում: Այդ փոփոխությունն ընդամենը դառնում է հոգեբանական մեղմում:
Մինչդեռ՝ համակարգը պետք է փոխվի: Դա շատ քաղաքական խնդիր է Հայաստանում: Միայն կառավարությամբ չի որոշումների ընդունումը, ինչպես գիտենք՝ Սահմանադրությունը լիարժեք պետք է աշխատի, դատական համակարգը պետք է լիարժեք հակակշռի կառավարությանը, որպեսզի մենք ունենանք ավելի բալանսավորված ապագա: Ազգային ժողովը պետք է հակակշռի կառավարությանը, բայց դա էլ մենք չենք տեսնում, այստեղ միայն ընդդիմադիր դաշտն է այդ գործառույթը կատարում, և մենք ունենում ենք կառավարման մի մոդել, որը ձգտում է նմանվել Սովետական Միության ժամանակվա մոդելին, երբ կուսակցությունն էր կառավարում երկիրը, ոչ թե՝ ըստ Սահմանադրության՝ երկիրը կառավարում էին համապատասխան կառույցները և ինստիտուտները: Այս հարցը պետք է մտնի օրակարգ: