ՀՀ-ԵՄ հարաբերություններում անորոշություն կա. Նիկու Պոպեսկու
«Հայաստանին ու Եվրոպական միությանն անհրաժեշտ են երկարաժամկետ բանակցություններ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոլդավայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին խորհրդական, ԵՄ արտաքին հարաբերությունների լոնդոնյան բյուրոյի փորձագետ (2012), ԵՄ Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (Փարիզ) ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուն՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայում ընթացող գագաթնաժողովի հնարավոր արդյունքներին:
Նա նշեց, որ քանի որ Արևելյան գործընկերության երկրները բաժանվել են երկու մասի` Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Հայաստան, Ադրբեջան և Բելառուս, ծրագրում նրանց առաջընթացի արագությունները տարբեր կլինեն: Բնականաբար, նրա խոսքով, առաջին խմբի երկրները միգուցե նույնիսկ ուկրաինական ճգնաժամի չկարգավորման պայմաններում ստանան առաջընթաց որոշ հարցերում, ինչը դժվար է ասել մյուս երեքի մասին, քանի որ նրանց դեպքում իրավիճակն անորոշ է:
«ԵՄ-ն վերջնականապես չի հասկացել, թե ինչ են ցանկանում այս երեք երկրները»,- ընդգծեց նա: Վերջինիս համոզմամբ, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը հավելյալ բանակցություններ վարելու, երկկողմ ցանկությունները հասկանալու անհրաժեշտություն է առաջացրել: Սակայն, ըստ նրա, Հայաստանի հարցը կարծես քիչ-քիչ ուրվագծվում է:
Պոպեսկուի համոզմամբ` եթե կա ՀՀ իշխանությունների հանձնառությունը շարունակել հարաբերություններ ԵՄ-ի հետ, ապա խնդիրը մնում է ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի օրակարգը, մասնավորապես տնտեսական և առևտրային բաղադրիչը, որի շուրջ էլ կընթանան հետագա բանակցությունները: ԵՄ Անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (Փարիզ) ավագ վերլուծաբան Նիկու Պոպեսկուի համոզմամբ` Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ տեքստում կամրագրվի Հայաստանի հետ համաձայնագիր կնքելու հարցը, իսկ հետագա ընթացքը կախված է Հայաստանի իշխանություններից:
«Սակայն կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի հարցն այսօր անորոշ է»,- ընդգծեց նա: