Վերջին շրջանում Սիրիայից Հայաստան են ժամանել 200 հոգի
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց, որ ամենօրյա կապի մեջ են Հալեպում դիվանագիտական ծառայությունների, համայնքում գործող կառույցի հետ, որը կոչվում է «Շտապօգնություն և վերականգնում»:
«Ցավոք վիճակը, իրոք, գնալով առավել վտանգվում է, որովհետև վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ, և զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնյա շրջանները, մասնավորապես, նաև հայկական շրջանները: Դուք տեղյակ եք, որ փաստորեն հրթիռակոծվեց մեր հայկական եկեղեցին՝ Մանկանց քառասնից սրբոց եկեղեցին, և փաստորեն թալանվում, պղծվում են և՛ հուշարձանները, և՛ բնակարանները, և՛ պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ հեռանան տարածքից: Պետք է նշեմ, որ հիմնականում խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում: Մի մասը որոշում է կայացրել և այսօր արդեն տեղափոխվել են Սիրիայի անվտանգ տարածքներ: Մի մասը դուրս է գալիս կամ շարունակում է դուրս գալ, իսկ երրորդ մասը նպատակահարմար է գտնում շարունակել ապրել՝ չնայած դժվար պայմաններին: Պետք է ասեմ, որ խուճապային տրամադրություններն արդեն անցել են, որովհետև վերականգնվել է ջուրը, լույսը, էլեկտրաէներգիան, և այս առումով կարծես թե ավելի հանգիստ իրավիճակ է: Սակայն վերջին օրերին առավել ռմբակոծության տակ է վերցվել Դամասկոսի տարածքը և հակապես Պալմիրա քաղքը, որտեղ իհարկե հայեր շատ քիչ են: Այնտեղ էլ UNESCO-ն սկսել է տեղահանել ամենանշանավոր հուշարձաններ և արեք ներկայացնող նյութեր»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ վերջին շրջանում Հայաստան ժամանել է մոտ 200 հոգի և արդեն խնդիրներ են տեսնում: Նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը նրանց տեղավորման, բնակարանային վարձի հարցն է. «Նրանք հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում: Եկողները երկու կարգի են: Մի խումբ մարդիկ գտնում են, որ կարող է վերադառնան, որովհետև այս պահին դպրոցական արձակուրդներն են սկսվել և անկախ նրանից՝ վիճակը կլարվի, թե ոչ, սպասվում էր, որ նրանք ամռանը կգան Հայաստան։ Իսկ երկրորդ խումբն արդեն եկել է հաստատվելու պայմանով: Բնակվարձի հետ կապված մենք որոշակիորեն կարողացել ենք լուծումներ գտնել ՄԱԿ-ի գրասենյակի, բարեգործական կառույցների հետ: Երկրորդ խումբ հարցերն աշխատանքային խնդիրներն են: Մենք էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվացնում ենք արդեն փոքր բիզնեսի օգնության ծրագիրը և դասընթացների կազմակերպմանը նորեկներին կներգրավվենք, բիզնես ծրագրերի կազմմանը կօգնենք, որպեսզի նրանց համապատասխան վարկեր տրամադրեն»: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ երրորդ խումբ հարցերը կապված են առողջության հետ: