«Հո ազգային գրադարանն էլ չե՞նք կիսելու, կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ». Գրականագետը՝ բուհերը Գյումրի տեղափոխելու մասին
Մայիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը ներկայացրել է Գյումրիի զարգացման իր առաջարկը՝ կենտրոնանալով գերծանրաբեռնված Երևանը որոշակիորեն բեռնաթափելու և այդպիսով նաև՝ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված քայլեր կատարելու վրա։ Մասնավորաբար, նա այդ հարցի լուծումը տեսնում է մայրաքաղաքը բեռնաթափելու քաղաքականության արդյունքում՝ Երևանից Գյումրի 1-2 բուհական հաստատությունների տեղափոխմամբ, ինչը կնպաստի Գյումրիի երիտասարդացմանն ու աշխուժացմանը։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով աջակցում է Գ. Մուշեղյանի այս առաջարկությանը և կողմ է նրա բերած բոլոր փաստարկներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ նախագծի հիմքում ընկած է բիզնես նախագիծ. «Այս պարագայում, երբ մենք չունենք բյուջետային ֆինանսական միջոցներ՝ ռեգիոնալ մակարդակի զանազան խնդիրներ լուծելու համար, ինքն ուղղակի առաջարկություն արեց՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Երևանը գերխտացված է»:
Նա հայտարարեց, որ ինքը Գ. Մուշեղյանի մատնանշած բոլոր փաստարկների հետ համաձայն է. «Այսպես թե այնպես, այդ բուհերի տիպերը կապված են Գյումրիի բնակլիմայական կամ այլ յուրահատուկ պայմանների հետ: Բոլոր բուհերի մասին չէ խոսքը, գուցե մեկ կամ երկուսը լինեն»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ կարծիք հայտնեց, որ սրանով արհեստական լարում են ստեղծում հասարակության մեջ. «Ամիսներ առաջ քննարկում էին՝ Միկոյանի արձանը դնե՞լ, թե՞ չդնել, վերջում պարզվեց՝ Միկոյանի արձանը ձուլարանից կորել է, ու հարցը, կարծես, այդպես էլ փակվեց. մարդկանց լարումի հասցրեցին ու փակեցին: Ես կտրականապես դեմ եմ այս փոփոխություններին, պատմականորեն ձևավորվում է միջավայր, բուհեր, այն ուսանողները, որոնք գալիս են բուհում սովորելու՝ գալիս են ոչ միայն գիտելիք սովորելու, այլ նաև մշակութային միջավայրի մեջ լինելու, մայրաքաղաքային դաստիարակություն ստանալու համար: Հո ազգային գրադարանն էլ չե՞նք կիսելու, կեսը՝ այստեղ, կեսը՝ այնտեղ: Սա աղետալի ծրագիր է՝ հերթական անգամ լարումի հասցնելու համար: Ամեն ինչ պետք է մնա իր տեղում: Չի կարելի նման բան անել, սրանք պատմականորեն ձևավորված հաստատություններ են: Ուրիշ բան, որ մենք մտածենք մեր գավառներն ու մարզերն ամրապնդելու մասին»:
Գրականագետը կարծում է՝ սա հերթական փորձությունն է, որ դրվում է մեր հասարակության, մտավորականության, ժողովրդի առջև:
Դ. Գասպարյանն ասաց, որ ինքը Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում չորս տարի աշխատել է, իսկ հիմա այն ավերակ է. «Երևանյան բուհերը տեղափոխեցինք՝ ուսման որակն ընկնելու է»: