«Առողջապահության նախարարությունը ստում է». Խաչիկ Ստամբոլցյան
«Պարզվում է՝ արդեն 4 տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է ավելի փոքր թիրախային խմբի վրա, և մոտ 50-60 հազար երեխա մի քանի տարի շարունակ անցնում է այս ծրագրով և ստանում է ֆորտիֆիկացված սնունդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հանուն առողջ սննդի նախաձեռնության» անդամ Արման Մխիթարյանը՝ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու մասին:
Նրա խոսքով՝ չկա ելակետային ուսումնասիրություն՝ արդյոք այդ երեխաները դրա կարիքն ունեցե՞լ են, թե՞ ոչ. «4 տարի անց ուզում են այդ օրինագիծը ժողովրդի վրա կիրառել, բայց չկա վերջնական հետազոտություն՝ այս 4 տարվա ընթացքում այդ երեխաների մոտ ի՞նչ արդյունք է գրանցվել: Այսինքն՝ եթե այսպես բարձիթողի վիճակ է այս թիրախային խմբի մոտ, ի՞նչ կկատարվի ամբողջ երկրի վրա, երբ կիրառվի ամբողջ ազգաբնակչության նկատմամբ այս նախագիծը»:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ հայտարարեց, որ Առողջապահության նախարարությունը (Ան) «ստում» է. «ԱՆ-ն հայտարարում է, որ բարձր տեսակի ալյուրն իր մեջ երկաթ և ֆոլաթթու չի պարունակում, դրա համար նրանց ֆորտիֆիկացնում են: Մենք ուսումնասիրել ենք բարձր տեսակի հացը և ստացել ենք, որ մոտավորապես 10 միլիգրամ կիլոգրամի մեջ պարունակվում է երկաթ, որը բավարար է մնացած սննդի հետ, որովհետև մարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 20 միլիգրամ»:
Խաչիկ Ստամբոլցյանի խոսքով՝ Կանադայում, որն ամենաշատն է օգտագործում ֆորտիֆիկացված ալյուր, 4-ից 1-ը քաղցկեղով է տառապում:
Նա նաև նշեց, որ իրենք դիմել են ՀՀ Քննչական կոմիտե քրեական օրենսգրքի 127 և 279-րդ հոդվածներով ՝ քրեական պատիժ նախատեսել այն կառույցներին կամ անձերին, որոնք առանց ծնողներին տեղյակ պահելու՝ երեխաների վրա 5 տարի փորձ են կատարել:
«Այս վերջերս մի հոդված տպվեց, որ բժիշկն ինքն ապացուցում էր, որ ֆոլաթթուն տղամարդկանց մոտ առաջացնում է կանացի հորմոնների զարգացում և բերում է ճարպակալման և խեղաթյուրման»,- նկատեց Խ. Ստամբոլցյանը: