ԱՆ աշխատակիցները` ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու մասին
ԱՆ-ի հիմնական գործառույթներից մեկը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է, այդ կոնտեքստում շատ կարևորվում է ոչ միայն հիվանդությունների բուժումը, այլև հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու մասին՝ Գ. Ավագյանն ասաց, որ ալյուրի հարստացման ռազմավարությունը բնակչության առողջության պահպանման ծրագերից մեկն է: Նրա, խոսքով՝ միկրոէլեմենտների անբավարարությունը խիստ բացասական է անդրադառնում բնակչության, հատկապես՝ մոր և մանկան առողջության վրա: «Բավական է նշել, որ 2000-2005 թվականներին կատարած հետազոտություններով՝ սակավարյունությունն աննախադեպ բարձր տարածվածություն ունի երեխաների շրջանում: 2005 թվականին ուսումնասիրությունը ցույց տվեց 37% տարածվածություն: Կանանց շրջանում նույնպես մենք ունենք 24% անեմիայի տարածվածություն: Էլ չեմ խոսում նյարդային խողովակի արատների մասին, որոնք մեր երկրում 4 անգամ ավելի բարձր են, քան այն բոլոր երկրներում, որոնք ալյուրը հարստացնում են կամ ճիշտ օգտագործում են հավելանյութեր: Սա պատճառն է, թե ինչու ենք մենք ուզում հարստացնել ալյուրը, և ինչու է դա մեզ համար ռազմավարական ծրագիր»,- ասաց Գ. Ավագյանը:
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանն էլ խոսելով միջազգային փորձի մասին՝ նշեց, որ Ռուսաստանը չի հրաժարվել ալյուրը հարստացնելուց, ինչպես հաճախ ներկայացվում է. «Ուրիշ բան է ամեն օր հեռուստատեսությամբ տարբեր ալիքներով ժողովրդին ասել, որ Ռուսաստանը հրաժարվել է, դա բացահայտ հերյուրանք և սուտ է, Ռուաստանը չի հրաժարվել, ու դրա մասին խոսում են կառավարության ընդունած որոշումները, ուրիշ բան է, որ դեռևս համապատասխան հնարավորություններ չունի՝ ամբողջությամբ համապետական մակարդակով, օրենսդրորեն, լայնածավալ, զանգվածային ձևով ապահովել անհրաժեշտ միկրոսննդատարրերի ապահովումը, որպեսզի կոմպենսացվի այն դեֆիցիտը, որը կա ազգաբնակչության մեջ: Ռուսաստանը շատ մեծ պետություն է, և այնտեղ կան տասնյակ հազարավոր ալյուր արտադրողներ, որոնց բերել ընդհանուր մեկ դաշտ և իրականացնել դա, հեշտ չէ: Բայց այն մարդը, ով ասում է, որ Ռուսաստանը հրաժարվել է, սուտ է ասում»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Եվրոպայի առաջատար երկրներից ոչ ոք չի կիրառում դա, Հ. Ասլանյանը պատասխանեց, որ, երբ երկաթի անբավարարությունը գտնվում է 3-5 %-ի սահմաններում, այսինքն՝ չի գերազանցում այն շեմը, որ այն կարող է հայտարարվել որպես հանրային առողջապահության խնդիր, այդպիսի անհրաժեշտություն չի առաջանում:
Նա նաև նկատեց, որ եվրոպական երկրներից շատերը կիրառում են վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման մեկ այլ ռազմավարություն, որը մի փոքր ավելի թանկ է և գուցե առայժմ հասանելի չէ զարգացող երկրների համար: Հարցին էլ՝ ինչո՞ւ եք հենվում 2005 թվականի տվյալների վրա, նոր տվյալներ չունե՞ք, Հ. Ասլանյանն այսպես պատասխանեց. «Եթե դուք գտնում եք, որ այդ տվյալները թարմ չեն, ես ձեզ կարող եմ ներկայացնել, որ վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում սննդակարգերում այնպիսի բարելավումներ, որոնք կխոսեին այն մասին, որ մեր երկրում վերացել է դեֆիցիտը, չեն եղել: 2005 թվականից հետո սննդակարգերը, որոնք դեֆիցիտային են, չեն բարելավվել»: