Ելակը բարձրացնում է դիմադրողականությունը
Ելակը վարդազգիների ընտանիքի բույս է։ Այն հանդիպում է բնության մեջ խոնավ, սաղարթավոր անտառներում։ Գիտական անվանումն է` Fragaria moschata, թարգմանաբար նշանակում է` գետնամորի մուսկատի։ Ելակը անտառային գետնամորու (Fragaria vesca) մոտ ազգականն է։ Բնության մեջ աճող գետնամորու բոլոր տեսակների տերեւները ծառայում են որպես հումք դեղերի արտադրության համար։
Գետնամորի մուսկատի տեսակը աչքի է ընկնում իր բարձրությամբ, ի տարբերություն մյուս տեսակների` դրա ծաղիկները բարձր են տերեւներից, իսկ հասունացած հատապտուղն ավելի ամուր է կպած ծաղկակոթունին։ Գետնամորի մուսկատից են ստացվել ելակի բազմաթիվ տեսակներ, որոնք մշակվում են պարտեզներում եւ ջերմոցներում, հատկապես հայտնի են Fragaria virginiana եւ F.chiloensis տեսակները, որոնք աչքի են ընկնում հատապտուղների խոշոր չափերով։
Բոլոր տեսակների ֆրագարիաներն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն` հատապտուղը, դա մսոտ ծաղկապսակն է, իսկ այն պատող բազմաթիվ սերմերը պտուղներն են։ Ելակի ծաղկման շրջանում մեղուները հավաքում են ծաղկափոշին եւ ծաղկահյութը, 1 հա մեղրատվությունը կարող է տատանվել 15-30 կգ սահմաններում եւ ավելի։ 100 գ թարմ հատապտուղների կալորիականությունը 30 կկալ է։ Այդ քանակության մեջ պարունակվում է 2,3 տոկոս բջջանյութ, 0,6 տոկոս սպիտակուց, 7 տոկոս ածխաջրեր, օրգանական թթուներ (հիմնականում` կիտրոնի), պեկտին, դաբաղանյութ, ազոտ պարունակող միացություններ։
Ելակը հարուստ է մակրո եւ միկրոտարրերով, 100 գ հատապտուղների մեջ պարունակվում է 14 մգ կալցիում, 10 գ մագնիում, 19 մգ ֆոսֆոր, 24 մգ կալիում. այս նյութերի փոխհարաբերակցությունը նպաստավոր է դրանց յուրացման համար, 0,4 մգ երկաթ, 0,7 մգ սելեն, 4 մկգ կոբալտ, նաեւ յոդ, ցինկ, մարգանեց։
Ելակը հարուստ է ասկորբինաթթվով` 57 մգ, ֆոլիաթթվով` 17 մկգ, պարունակում է կարոտին` 0,03 մգ, վիտամին PP-0,3 մգ, B1-0,03 մգ, B2-0,03 մգ, B5-0,18 մգ, B6-0,06 մգ, տոկոֆերոլներ 0,54 մգ, բիոտին 4 մկգ, ֆլավոնոիդներ, սալիցիլաթթու։ Ելակը ունի շաքարը իջեցնող հատկություն, այդ պատճառով ընդգրկվում է շաքարային դիաբետով հիվանդների սննդակարգի մեջ։
Ավանդական բժշկության մեջ գետնամորին եւ հատկապես ելակը օգտագործվում է որպես միզամուղ միջոց, խորհուրդ է տրվում երիկամների եւ միզուղիների հիվանդությունների դեպքում։ Հատապտուղն օգտակար է սակավարյունության եւ երկաթի դեֆիցիտի դեպքում։
Հայտնի է, որ կոբալտի զգալի մասը կուտակվում է վահանաձեւ գեղձում, այս տարրը հատկապես կարեւոր է վահանաձեւ գեղձի կանոնավոր աշխատանքի համար։
Աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, խոլեցիստիտի դեպքում օգտակար են ելակի թարմ հատապտուղներով պատրաստված թուրմերը: Պատրաստեք հետեւյալ կերպ. 50 գ հատապտուղը թրմեք 2 ժամ 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտների դեպքում հանգստացնող հատկություն ունի ելակի հյութը, օրվա ընթացքում մինչեւ սնունդ ընդունելը խմեք 50-70 մլ թարմ հատապտուղներից պատրաստված հյութ կամ եփուկ։
Զգուշացում` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում ելակի հատապտուղը կարող է առաջացնել ստամոքսաբորբի սրացում։ Թույլատրվում է միայն եփված վիճակում։
Ելակը հարուստ է մանրէասպան` ֆիտոնցիդ նյութերով։ Այդ պատճառով օգտագործվում է ողողումների համար, նվազեցնում է բերանի տհաճ հոտը, պահպանում վարակներից, օգնում մրսածության դեպքում. ողողեք կոկորդը ելակի տերեւների թուրմով։
Հատապտուղների թուրմն օգտագործվում է կտրվածքների, մանր վերքերի, մաշկի լաքաների, պեպենների, կորյակների դեպքում։
Ելակի մեջ պարունակվող ցինկը նպաստում է սեռական ակտիվությանը, այն համարվում է սիրահարվածների հատապտուղ։
Որոշ հետազոտությունների համաձայն` ելակի մեջ պարունակվող ներկանյութերը եւ եթերային յուղերը կանխարգելում են ուռուցքների զարգացումը, իսկ օրգանական թթուները շրջափակում են կոնցերոգեն նյութերի եւ ռադիացիայի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ելակը հարուստ է ֆոլիացինով, թեեւ զիջում է մաղադանոսին, սպանախին, կաղամբազգիներին, այնուամենայնիվ ապացուցված է, որ նպաստում է սրտամկանի ամրացմանը եւ կանխարգելում ծերունական սկլերոզը։
Ելակը նպաստում է նյութերի փոխանակմանը, ավելորդ հեղուկի հեռացմանը օրգանիզմից եւ մարսողության լավացմանը։ Հատապտուղը պարունակում է Կոէնզիմ Q10, ինչը նշանակում է, որ ունի հակաօքսիդանտ եւ երակների տոնուսը բարձրացնող հատկություն (0,1 մգ 100 գ մեջ)։ Կարեւոր է իմանալ, որ ելակն ունի նյարդերը հանգստացնող, հոգնածությունը հանող քնաբեր հատկություն։ Այն լավ հակադեպրեսանտ է։
Զգուշացում։ Ելակը կարող է առաջացնել ալերգիա։ Այդ դեպքում անհրաժեշտ է ուտել շատ փոքր չափաքանակներով, կաթի կամ այլ կաթնամթերքի հետ։ Հատկապես պետք է զգուշանան փոքր երեխա ունեցող մայրերը եւ հղիները։
Դեղատոմսեր
Աթերոսկլերոզի, նյարդային գրգռվածության դեպքում
- Խառնեք առյուծագի, դաղձի, փշոտ հաղարջենու, ելակի խոտերը եւ մասուրի ճզմած պտուղը (1։2։3։4։5)։
- Թրմեք 1 ճ/գ խառնուրդը 200 մլ եռջրի մեջ, պահեք ջերմապահում։ Քամեք թանզիֆով, խմեք կումերով օրվա ընթացքում։ Ժամկետը` 1 ամիս։ Ընդմիջեք 1 ամիս, կրկնեք նույն ձեւով։
Լեղապարկի քարերը հեռացնող միջոց. Խառնեք նարդոսի ծաղիկները, պատրինջի, կատվադաղձի (Nepeta), դաղձի, ուրցի խոտերը, ելակի պտուղը եւ տերեւը (1։1։2։2։2։2)։ Խառնուրդի 1թ/գ-ն թրմեք 15 րոպե 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, խմեք 50 մլ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Բուժումը երկարատեւ է։ Չափաբաժինները եւ հետազոտման հաճախականությունը ճշտեք բուժող բժշկի հետ։
Այս խառնուրդի մեջ ուրցը եւ ելակը դանդաղորեն քայքայում են քարերը, նարդոսը (լավանդա) կանխարգելում է բորբոքումները, մնացած բաղադրամասերը ապահովում են ավազի առանց ցավի հեռացմանը օրգանիզմից։
Հոդատապի դեպքում. Խառնեք չոր, մանրացրած տուղտի (Althaea) արմատները, ելակի տերեւը, եգիպտացորենի մազմզուկները, կծոխուրի արմատը, կեչու տերեւը (6։5։4։3։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ն 8-10 ժամ թրմեք 600 մլ եռջրով ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 200 մլ թուրմ գոլ վիճակում, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ, ավելացրեք 1-2 թ/գ մեղր։ Խմեք 1 ամիս, կրկնեք 1 ամիս ընդմիջումից հետո։
Նյութափոխանակությունը լավացնող միջոց. Մանրացրեք եւ խառնեք հավասար քաշային հարաբերությամբ լոբու փեղկիկները, երկտուն եղինջի խոտը, հապալասի եւ ելակի տերեւները, լորենու ծաղիկը։ Խառնուրդի 2 ճ/գ-ն 15 րոպե թրմեք 500 մլ եռջրով։ Քամեք, խմեք 100 մլ, օրը չորս անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Ժամկետը` 2 շաբաթ։
Շաքարային դիաբետի դեպքում
- Խառնեք ձիաձետ դաշտայինի, ելակի, մատիտեղ թռչնի չոր եւ մանրացրած խոտերը (1։1։2)։ Խառնուրդի 2 ճ/գ-ն թրմեք 1 ժամ 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Բաժանեք 2-3 մասի եւ խմեք օրվա ընթացքում, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
- 1 ճ/գ ելակի չորացրած տերեւները (կամ հատապտուղը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, բաժանեք մասերի եւ խմեք սնունդ ընդունելուց 15 րոպե առաջ։ Կամ նույն հերթականությամբ խմեք 2-3 ճ/գ թարմ հատապտղի հյութը։
- Ելակի հյութը կանխում է բորբոքումների եւ խոցերի զարգացումը ստամոքսում, աղիներում եւ լեղուղիներում։ Խմեք 50 մլ, սնունդ ընդունելուց առաջ։ Նույն նպատակով խմեք ելակի եւ դեղձի հյութերի խառնուրդը 1։2 հարաբերությամբ։
Գլխացավի դեպքում
- Խառնեք 1-ական թ/գ դաղձի, խնկածաղկի, ելակի տերեւները, ավելացրեք 50 մլ եռջուր, թրմեք 30 րոպե։
- Հովանալուց հետո քամեք, ավելացրեք նույն քանակությամբ կիտրոնի հյութ։ Խմեք 1 ճ/գ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։
Միկոզների (սնկային բնույթի մաշկային հիվանդություններ) դեպքում. Մանրացրեք եւ խառնեք հավասար քանակությամբ մոշենու եւ ելակի պտուղն եւ տերեւը, աղավնիճ (վերբենա) եւ մատիտեղ թռչնի խոտը։ Ստացված խառնուրդի կեսի չափով ավելացրեք կաղնու չոր, մանրացրած կեղեւը։ Լավ խառնած հումքի 3 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 15 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք, խմեք օրը 4 անգամ, մեկական ճ/գ։
Ելակով եռօրյա սննդակարգ
Առաջին օր. Նախաճաշ 100-ական գրամ կաթնաշոռ եւ 100 գրամ ելակ։ Երկրորդ նախաճաշ 150 գրամ ելակով կիսել։ Ճաշ 200 գր խաշած հավի միս, 100 գրամ ելակ։ Ընթրիք 200 մլ կաթնային կոկտեյլ եւ 100 գրամ ելակ։
Երկրորդ օր. Նախաճաշ 200 մլ յուղալի յոգուրտ կամ կեֆիր, 100 գրամ ելակ։ Երկրորդ նախաճաշ – 200 գ ելակ եւ 2 թ/գ մեղր։ Ճաշ 150 գ խաշած ձուկ, լոլիկ, վարունգ, կանաչի։ Ընթրիք 200 գ ելակ եւ 1 ճ/գ ֆնդուղ։
Երրորդ օր. Նախաճաշ 200 մլ կեֆիր կամ կտրված կաթ եւ 100 գ ելակ։ Երկրորդ նախաճաշ 200 գ ելակ եւ 50 գ հունական ընկույզ։ Ճաշ 50 գրամ խաշած հորթի միս, 150 գ կաղամբ եւ գազարով աղցան (ձիթապտղի ձեթով խառնած)։ Ընթրիք 2 եփված խնձոր` չամիչով եւ 100 գրամ ելակով։
Թարմացնող ըմպելիք
- Տրորեք 100 գրամ ելակը, հարեք 100 մլ կաթի, կես թ/գ մեղրի եւ 50 մլ գազը հանած հանքային ջրի հետ։
- Խառնեք 400 մլ թարմ ելակը 200 մլ մանրացրած սառույցին, ավելացրեք 50 մլ խնձորի հյութ եւ 1 ճ/գ թարմ կիտրոնահյութ։ Մատուցեք սառույցի հետ։
Վիտամինային խառնուրդ
Խառնեք նախապես մանր կտրատած 100 գ ելակը կես խնձորի եւ կես նարնջի հետ, տրորեք այնքան, մինչեւ ստացվի շիլայատիպ զանգված։ Ավելացրեք 1թ/գ մեղր եւ 150 գրամ կաթնային սերուցք։
Լոսյոն
Խառնեք 25-ական մլ ելակի եւ վարունգի հյութերը, ավելացրեք 1թ/գ կիտրոնահյութ եւ 50 մլ օղի։ Չոր մաշկի դեպքում օղին փոխարինեք չոր գինով։ Պահեք սառնարանի մեջ։
Դիմակներ
Ելակի հյութով դիմակները սպիտակեցնում, սնում են դեմքի մաշկը, դարձնելով այն թավշյա փափկության։
- 100 մլ թարմ հատապտղի հյութի մեջ թրջեք թանզիֆը, 20 րոպե դրեք դեմքի մաշկի վրա, լվացեք գոլ ջրով, դեմքին քսեք սնուցող քսուք։
- Խառնեք ելակի մի քանի պտուղները մեկական թ/գ մեղրի եւ թթվասերի հետ, քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Մաքրեք դեմքը ջրի մեջ թրջած բամբակե խծուծով։
- Պատառաքաղով տրորեք 200-300 գրամ ելակ։ Չոր մաշկի դեպքում ավելացրեք 150-200 մլ սլիվկի, իսկ նորմալի կամ ճարպոտի դեպքում` կաթ։ Ստացված խառնուրդը քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սառը ջրով։
- Խառնեք 1 ձվի դեղնուցը 1 ճ/գ ելակի հյութի հետ, քսեք դեմքին, 15 րոպե անց լվացեք սառը ջրով։
- Մաշկի թեփոտման դեպքում ավելացրեք 1 թ/գ արեւածաղկի յուղ։