ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում կընդգրկվի ավելին, քան Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչն է. Հրանտ Կոստանյան

168.am-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Հրանտ Կոստանյանը 

– Պարոն Կոստանյան, Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն օրերս ասել էր, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար` հաշվի առնելով ՀՀի` ԵՏՄ անդամակցությունը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը դեռ չեն սկսել համաձայնագրի մշակման պաշտոնական բանակցությունները, խոսքը հենց համաձայնագրի՞ ստորագրման, թե՞ հռչակագրի մասին է:

– Խոսքը վերաբերում է Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի ընդհանուր հռչակագրին, որում ամրագրվելու է ԱլԳ բոլոր վեց երկրների և ԵՄ-ի հարաբերություններին առնչվող որոշակի տեղեկատվություն, այսինքն` տեղեկատվություն այն մասին, թե ինչ կոնկրետ արդյունքների են հասել, և, թե ինչպիսի ծրագրեր կան ապագայում: Այս համատեքստում է խոսվում Հայաստանի հետ հնարավոր նոր համաձայնագրի մասին: Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա, ամենայն հավանականությամբ, ընդհանուր հռչակագրում կընդգծվի, որ ՀՀ-ն և ԵՄ-ն ավարտել են հարաբերությունների իրավական հենքի հստակեցման շուրջ քննարկումները, և առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը կստանա մանդատ, որի համաձայն՝ կսկսի վարել պաշտոնական բանակցություններ ՀՀ-ի հետ:

– ՀՀ ԵՏՄ անդամակցության որոշման հանրայնացումից հետո ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի տեսքի վերաբերյալ տարբեր կանխատեսումներ են հնչել, ՀՀ իշխանություններն են առաջարկել վավերացնել նույն Ասոցացման համաձայնագիրը՝ առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, որոշ տեսակետների համաձայն՝ ՀՀ-ն կստորագրի հենց Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, պարզապես համաձայնագիրն այլ անվանում կունենա: Ի՞նչ հնարավոր տարբերակներ կան Հայաստանի դեպքում:

– Կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ կընդգրկվի ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի տեքստում: Բայց համաձայնագրում կլինի ավելին, քան Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչն է: Համաձայնագրում կլինեն հարաբերությունների՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ միգրացիոն, թե՛ հիմնարար ազատություններին վերաբերող հատվածներ, կլինեն որոշակի ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր, մոտավորապես քսանից ավելի ճյուղ կարող է ներգրավվել համաձայնագրում:

Որոշակի կարգավորումներ նաև երկկողմ առևտրին կվերաբերեն: Ամեն դեպքում, կլինեն այն ոլորտները, որտեղ հակասություն չկա Եվրասիական տնտեսական միության հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Հայաստանի հետ կապված այլ հատվածներ ևս կլինեն: Հայաստանի վերաբերյալ նույն հռչակագրում կնշվի նաև «Հորիզոն 20/ 20» միջազգային պայմանագրին, ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու մասին: Հայաստանը կմիանա Եվրոպական ավիացիոն համաձայնագրին: Անշուշտ, համաձայնագիրն ամենակարևորն է լինելու, սակայն, սրանից բացի, կան այլ ծրագրեր, որոնք պակաս կարևոր չեն:

– Վիլնյուսյան գագաթաժողովից հետո արևմտյան փորձագետները խոսում էին Ռիգայում ԱլԳ ծրագրում բեկում մտցնելու, այն ակտիվացնելու անհրաժեշտության շուրջ: Վրաստանը և Ուկրաինան պետք է ստանային ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, ասոցիացված բոլոր երկրների առաջընթացը պետք է արձանագրվեր, այս երկրները ԵՄ անդամակցության հեռանկար ստանալու հույս ևս ունեին, բայց հատկապես այս վերջիններում լուրջ դժգոհություններ կան գագաթաժողովի օրակարգից և ԵՄ քաղաքականությունից, որը, տարբեր գնահատականներով՝ դանդաղել է: Ի՞նչն է պատճառը:

– Եմ գործընկեր երկրների սպասելիքները միշտ ավելի շատ են, քան այն, ինչ հնարավոր է և քաղաքականապես կարող է առաջարկել Եվրոպական միությունը, որովհետև այստեղ Եվրոպական միության անդամ երկրները տարբեր կարծիքներ ունեն վերը նշված խնդիրների վերաբերյալ: ԵՄ որոշ անդամ երկրներ պատրաստ են վիզայի ազատականացմանն այս երկու երկրների հետ, բայց որոշ անդամ երկրներ համաձայն չեն, և, քանի որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուային սկզբունքով, վիզաների ազատականացման հարցում Վրաստանն ու Ուկրաինան առաջիկայում չեն ստանա առաջընթաց, բայց դա չի նշանակում, որ նրանք դա ապագայում չեն ստանա: Այս պահին գագաթաժողովում դա հնարավոր չի լինելու, դա արդեն հստակ է:

Թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդավան անդամակցության հնարավորություն էին փնտրում, դա նույնպես ապագայում հնարավոր չի լինի: Այդ իմաստով, այո, գործընկեր երկրների սպասումներն ու ակնկալիքները և այն, ինչ քաղաքականապես հնարավոր է առաջարկել, միշտ չէ, որ իրար համընկնում են, և հասկանալի է, որ կլինեն նաև հիասթափություններ, բայց սա քաղաքական գործընթաց է, և միշտ չէ, որ այս գործընթացում հնարավոր է առավելագույնն առաջարկել, հատկապես, երբ որոշումները կայացվում են կոնսենսուսի համաձայն, և, երբ 28 անդամ երկրների միջև կան տարաձայնություններ և խի՛ստ տարաձայնություններ:

Տեսանյութեր

Լրահոս