Թարխունի եւ օշինդրի բուժիչ մոգությունը

Բարձվենեկի ազգի բույսերը պատկանում են բարդածաղկավորների (աստղածաղկավորների = Asteraceac) ընտանիքին։ Դրանցից առավել հայտնի են չորսը` Artemisia abrotanum, A. absinthium, A. vulgaris, A. dracunculus։

A.abrotanum տեսակը բնության մեջ հանդիպում է Իտալիայում եւ Իսպանիայում, կա կարծիք, որ Արեւմտյան Ասիայում աճող A.paniculata տեսակը մշակովի ձեւերից է։ Հնագույն ժամանակներում նկատել են, որ բույսի չոր խոտը վառելիս արձակվող հաճելի հոտը վանում է օձերին, իսկ մոխրի խառնուրդը բուսայուղի հետ նպաստում է մազերի աճին։

Հունարեն «Abrotan» բառը կրում է Աստծո ծառ իմաստը, այս բույսը համարվել է երիտասարդ աղջիկների պաշտպանը։ Ի դեպ, այս ազգի բույսերն ունեն վիժում առաջացնող հատկություն։ Այս տեսակը սիրված է եղել միջնադարի պատանիների կողմից, քանի որ նպաստում է դեմքի մազակալման արագացմանը։ Անգլիայում բույսն անվանում են «պատանիների սեր»։

Բարձվենեկը հայերենում ունի նաեւ այլ անվանումներ` ափսինդ, բարձվենյակ, հոտզվենի, կանտորի, օշինդր, այլ։ Հայտնի է «ափսինթ» օղին, որ թրմված է A. abrotanum տեսակով։ 

Օշինդրի բոլոր տեսակներն ունեն ուղղաձիգ սլացիկ ցողուն, որի բարձրությունը հասնում է 1,5-2 մ։ Աբրոտան տեսակը պարունակում է կիտրոնի եթերային յուղ եւ ունի արտահայտիչ բուրմունք։ 

Բույսը լուսասեր է եւ ջերմասեր, սակայն աճում է նաեւ Կենտրոնական Եվրոպայում, Ռուսաստանի Կիրովի մարզում, Սիբիրի հարավում։ Պարզապես այս դեպքում սերմերը չեն հասունանում, եւ բույսը բազմացնում են վեգետատիվ եղանակով։ Ձմռանը ցրտահարվում է միայն վերգետնյա մասը, ցողունի ստորին փայտացած մասը պահպանվում է, իսկ վնասված ճյուղերն էտում են։ 

Օշինդր բուրումնավետը կազմում է մացառուտներ, որոնց տեսքը շատ գեղարվեստական է, համեմին նման կանաչ տերեւները պահպանվում են ամռանից մինչեւ սառնամանիքների սկիզբը։ Մշակվում է որպես զարդաբույս եւ բուրումնավետ դեղաբույս, արտադրվում է եթերային յուղ։ Բացի կիտրոնի հոտից, առկա է նաեւ փշատերեւ բույսերին բնորոշ բուրմունք։ 

Յուղը կիրառվում է անքնության, բրոնխիտի, գրիպի, դեպրեսիայի, լարինգիտի եւ անգինայի, նյարդային հոգնածության, էրեկտալ բնույթի խնդիրների, տագնապային վիճակի, հաճախակի քրտնածության, պնեւմոնիայի, սրտային բնույթի այտուցման, վերքերի, տրոֆիկ խոցի, հեմատոմայի դեպքում։

Բույսն ուտելի է, այն օգտագործում են սոուսների եւ ապուրի մեջ, խառնում քացախին, ալկոհոլային խմիչքներին, հացաբուլկեղենի խմորին, մայոնեզին, այլ։ Չորացած տերեւները պահպանում են իրենց օգտակար հատկությունները մեկ տարի։ 

Թարմ հումքը պարունակում է 1,5 տոկոս եթերային յուղ, ֆլավոններ, ալկալոիդ աբրոտան, կարոտին, C վիտամին, եւ այլն։

Ժողովրդական բժշկության մեջ տերեւը կիրառվում է անեմիայի, դաշտանային պարբերության խանգարման, փորացավի, ոսկրացավի, միզապարկի բորբոքման, իսկ արմատը` ընկնավորության եւ մենինգիտի դեպքում։

Թուրմ. 2 թ/գ տերեւը 1 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։ Թուրմով ողողումը նվազեցնում է ատամի ցավը։

Լնդերի բորբոքում. Թարմ տերեւը 7-10 օր թրմեք օղու մեջ (1։10)։ Շփեք լնդերը։ Օշինդր բուրումնավետով թրմված օղին սկզբից դառնում է կանաչ, ավելի երկար թրմվելու դեպքում` դարչնագույն, հետո` գորշ։ 

Քսուք.

  • Չորացրած, փոշիացրած տերեւը խառնեք կենդանական ճարպի կամ բուսայուղի հետ (1։4)։ Օգտագործեք վերքերի, այրվածքի, ցրտահարված հատվածների բուժման համար։ 
  • Բուսայուղով պատրաստված քսուքը փափկեցնում եւ խոնավացնում է մաշկը, ամրացնում մազարմատները, վերացնում թեփը։ 

Անքնություն. Բարձի երեսի տակ դրեք մի փոքր օշինդրի խոտ։
Arthemsia absinthium-օշինդր դառը 

Տեսակի անվանումը կապված է հունական aninthion բառի հետ, որը կրում է «պիտանի չէ խմելու համար» իմաստը։

Բույսը շատ դառն է եւ մեծ քանակության դեպքում վնասակար է առողջությանը։ Սակայն ճիշտ հաշվարկված չափաբաժինների դեպքում ունի բուժիչ ազդեցություն։ Կիրառվում է գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ եւ նաեւ հոմեոպատիայում, վաղուց ի վեր օգտագործվում է որպես համեմունք։ Դեղագործությունում կիրառվում է մարսողությունը լավացնող դեղորայքի մեջ։ Այդ մասին գրել են դեռեւս Դիոսկորիդիսը եւ Պլինիուս Մեծը։ Պլինիուսն առաջարկել է խմել տրորած տերեւով թրմված գինին օփիումից թունավորման դեպքում։ Օշինդրի բուժիչ հատկությունները նկարագրված են միջնադարյան «Պսեւդո-Մակրա» պոեմում (9-11 դարեր), որտեղ ամփոփված է 23 հույն եւ հռոմեացի բժշկապետերի փորձը։ Ավելի ուշ Պարացելսը կատարելագործել եւ օգտագործել է պոեմի նյութերը իր դասախոսություններում (1493-1541թթ.)։ Սակայն Ա. Ամասիացու նկարագրությունն ունի ժամանակակիցներից տարբերվող մոտեցումներ։ 

Պահպանվել են նրա հրաշալի դեղատոմսերը.

  • 77 գրամ օշինդրը մի օր դնել ջրի մեջ, հետո եփել, քամել։ Ավելացնել 350 գրամ մեղր կամ շաքար, եփել մինչեւ թանձրանալը։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ (Ջ.Ս.)։

Ըստ Ամասիացու` օշարակը օգտակար է լյարդի, ստամոքսի հիվանդությունների, փայծաղի եւ լեղապարկի քարացածության դեպքում, որն առաջացել է ջերմությունից։ Կօգնի նաեւ միզուղիների հիվանդությունների դեպքում եւ դուրս կհանի միզապարկի քարերը։

Ընդհանուր թուլության դեպքում կօգնի օշինդրի յուղամզվածքը.

  • Եթե 6 գրամ օշինդրը (փոշին) խառնեն մեղրի հետ եւ տան թութքով տառապող մարդուն, շատ կօգնի։

Դառը օշինդրի հայրենիքը Եվրասիայի բարեխառն կլիմայական գոտին է։ ՀՀ-ում տարածված է համարյա ամենուրեք` աճում է թփուտներում, գետերի, ջրամբարների ափերին, այգիներում եւ բանջարանոցներում (հաճախ` որպես մոլախոտ)։ Ունի խորը գնացող առանցքային եւ բազմաթիվ երկրորդական արմատներ, որոնց բողբոջներից առաջանում են բազմաթիվ ծաղկակիր եւ անպտուղ ցողուններ` տերեւային վարդակով։ Առանձնանալու դեպքում ցողունները կարող են ինքնուրույն աճել եւ զարգանալ։ Տերեւները երկարավուն են, եռամաս, փետրաձեւ, գորշ արծաթավուն, վերին մասը պատված է գորշ մազիկներով։ Խողովակավոր ծաղիկները հավաքված են գնդաձեւ դեղնականաչավուն զամբյուղիկների մեջ, որոնք իրենց հերթին` կազմում են հուրանաձեւ ծաղկաբույլեր։ 

Որպես համեմունք եւ բուժիչ հումք` մթերում են տերեւը` մինչեւ բույսի ծաղկելը։ 

Բույսի կանաչ մասը պարունակում է աբսինտին եւ անաբսինտին դառը գլիկոզիդներ, մինչեւ 2 տոկոս բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղ, ալկալոիդներ, ֆիտոնցիդներ, ասկորբինաթթու, կարոտին, K, B6 վիտամիններ, թթուներ (խնձորի եւ սաթի, հանքային աղեր, դաբաղանյութ, բուսախեժ, ածխաջրային միացություն կապիլլին, որն ունի արտահայտված հակասնկային հատկություն։ Կապիլլինը բնական հակամանրէ նյութ է։ 

Օշինդրը ակտիվացնում է ստամոքսահյութի եւ լեղու արտազատումը, ունի վերքամոքիչ, հակախոցային, որդաթափ ազդեցություն, կարգավորում է արյան ճնշումը։ Թույլ լուծողական է։ 

Զգուշացում։ Չափաբաժինների չարաշահումը եւ երկարատեւ օգտագործումը կառաջացնի ջղակծկում, փսխում, ուշագնացություն, նույնիսկ` պատրանք։ Օգտագործման առավելագույն ժամկետը 60 օր է։

Թուրմ. Օշինդրի 1ճ/գ թարմ (կես գդալ չոր) խոտը 30-60 րոպե թրմեք (փակ տարայում) 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ 

Կիրառում են` կանացի հիվանդությունների, ստամոքսաբորբի, երիկամների եւ միզապարկի բորբոքային հիվանդությունների, հազի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ 

Խոլեցիստիտ. Մանրացրեք, խառնեք չոր օշինդրի, ոսկեհազարուկի խոտերը, պղպեղադաղձի տերեւը (1։1։1)։ Հումքի 1 թ/գ-ն 10 րոպե թրմեք 350 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ` գոլ վիճակում։

Ստամոքսի քաղցկեղ. Մանրացրեք դառը օշինդրի չորացրած արմատը, 10 օր թրմեք 70 տոկոսանոց սպիրտի մեջ (1։5)։ Քամեք եւ թափեք հեղուկ մասը։ Հումքը մզեք եւ վերականգնեք նախնական ծավալը սպիրտով։ Խմեք 15-20-ական կաթիլ, օրը 3 անգամ` 50 մլ ջրով։ Դեղատոմսը կիրառելի է նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում։

Հելմինտոզ. Օշինդրը մաքրում է օրգանիզմը լյամբլյաներից, տրիխոմոնադից, որոնք խաթարում են նյութերի փոխանակման գործընթացը օրգանիզմում, առաջացնում բորբոքումներ, մաշկային հիվանդություններ։ Բացի վերոգրյալ թուրմի օգտագործումից, կարելի է մաքրել օրգանիզմը բույսի ծաղիկով, որը մոտավորապես լուցկու գլխիկի չափ է։ Մեկ ծաղիկը դրեք հացի խմորի մեջ, պատրաստեք փոքրիկ գնդիկ։ Կուլ տվեք 1-2 այդպիսի «հաբ»` սնվելուց առաջ կամ հետո։

Վարիկոզ. Տրորեք օշինդրի թարմ տերեւիկները, խառնեք կտրված կաթի թանձր մասի հետ (1։10)։ Քսեք թանզիֆի վրա եւ ամրացրեք այն հատվածին, որի վրա երակներն ավելի լայնացած են։ Օգտագործեք պոլիէթիլենային թաղանթ։ Ոտքերը դրեք բարձի վրա եւ հանգստացեք 30-40 րոպե։

Ստամոքսաբորբ. Մանրացրեք, խառնեք օշինդրի եւ եղեսպակի խոտերը (1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Շատ օգտակար է սրացման շրջանում (երկրորդ օրը)։

Մետեորիզմ. Խմեք 50-ական մլ վերոգրյալ թուրմը 1 թ/գ մեղրի հետ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 3-4 օր։

Միոմա. Խառնեք դառը օշինդրի չոր արմատը եւ խոտը (1։1)։ Հումքի 5 ճ/գ-ն թրմեք 15-20 րոպե 500 մլ օղու մեջ` մութ տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 2 ամիս։

Թարխուն 

Antemisia dracunculus անվանումը կապված է բույսի տերեւի երկար նշտարաձեւ տեսքի հետ` այն նմանեցրել են փոքրիկ վիշապի=draco լեզվի հետ։ Ազգությամբ արաբ, իսպանացի բուսաբան Իբն Բայտարը գրել է` բույսի մատղաշ ծիլերը եփել են բանջարեղենի հետ, իսկ հյութն օգտագործել ոչ ոգելից խմիչքների մեջ, քանի որ այն «քաղցրացնում» է շնչառությունը, նվազեցնում դեղերի դառնությունը եւ անուշ երազներ է պարգեւում։ Համարվում է, որ բույսի հայրենիքը Արեւելյան Սիբիրն է եւ Մոնղոլիան։ Մեր օրերում բույսն աճում է նաեւ Կալիֆոռնիայի, Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի բնական պայմաններում` գետերի ափերին։ 

Բույսը հնուց մշակվում է Այսրկովկասում, տեղական հայկական եւ վրացական տեսակները լավագույնն են աշխարհում։ Վրացական թարխունն ունի թեթեւակի կծու համ եւ անիսոնի բուրմունք։ Վիրահայերին ծանոթ է «ցվանիլիս գեդոպալա»=«կանաչիների թագուհի» էպիտետը, որը տրվել է թարխունին։ 

Կախված մշակման պայմաններից եւ ենթատեսակից, թարխունի քիմիական բաղադրությունը կարող է փոփոխվել` բարդ բաղադրությամբ եթերային յուղ (0,1-1,23 տոկոս), ենթավիտամին A (15 մգ` 100 գ հումքի մեջ), ասկորբինաթթու (190 մգ), ռուտին (170 մգ), կենսաբանորեն ակտիվ նյութեր։ 

Ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է` որպես հակալնդախտային եւ միզամուղ միջոց, մարսողության խանգարումների դեպքում, ջրգողությունը եւ հավկուրությունը բուժելու համար։ 

Թարխունը բարելավում է մարսողությունը եւ նյութափոխանակությունը։ 

Զգուշացում։ Թարխունը, ինչպես նաեւ այլ օշինդրազգի բույսերն ունեն աբորտատիվ հատկություն։ Սակայն թարխունը ցանկալի է ընդգրկել կլիմաքսի շրջանում գտնվող կանանց սննդակարգի մեջ։

Բույսը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

2012թ., Մայիս 17
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս