Բաժիններ՝

Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը տեղեկացրել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հրավիրվել են 47 երկիր ու տարբեր միջազգային կազմակերպություններ: Շուրջ 20 երկիր կներկայացվի նախարարների մակարդակով:

Արմեն Աշոտյանի խոսքով` Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք:

«Սա ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր, ճակատագրական որոշում է կայացնելու միլիոնավոր ուսանողների, հազարավոր բուհերի համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացին անդամ երկրներում»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանը` որպես նախարարական 2015թ. գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ընտրել է հարևանության ձևաչափը և ֆորումին հրավիրել նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին` Աֆրիկյան պետություններից, Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։

Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական նման մեծ միջոցառում Հայաստանը չի ունեցել` ընդգծելով, որ միջոցառումը Երևանում անցկացնելու համար քվեարկությունը 2012 թվականին եղել է միաձայն, ընդ որում` ոչ մի երկիր դեմ չի քվեարկել: Նախարարի խոսքով` համաժողովի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը սովորական նուռ չէ, այլ մասնիկներ` եվրոպական տարածք խորհրդանշող աստղիկներով:

Լրագրողները հարցեր են ուղղել նախարարին, որոնցից մեկը վերաբերել է Հայաստանի` անդամակցության տաս տարիներին գրանցված արդյունքներին: Արմեն Աշոտյանի խոսքով` կրթության ոլորտում մեր երկիրը շոշափելի արդյունքներ է գրանցել:

«Այս տաս տարիների ընթացքում Բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ. ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական չափանիշներին»,- նշել է նախարարը` միաժամանակ ընդգծելով, որ բավական անելիքներ դեռ կան: Լրագրողների հարցերը վերաբերել են նաև կրթական համակարգում հնարավոր փոփոխություններին, ֆորումին գործընթացի անդամ երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների հնարավոր մասնակցությանը, չճանաչված պետությունների կրթության իրավունքին, կրեդիտային համակարգին, գագաթաժողովի ընթացքում նոր համաձայնագրերի ստորագրմանը և շատ այլ խնդիրների:

Նշենք, որ Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր:

Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս