Հարուցվել է քրեական գործ՝ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ. մայիսի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա.Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում տեղադրված տեսախցիկների` դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ 09.05.2015թ. ժամը 22:43-ին Ա.Կարապետյանը հիշյալ գրասենյակում վիճաբանել և ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել մի տղամարդու։ Վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին, ապա` կրծքավանդակից հրել, ինչի հետևանքով Ա.Կարապետյանը հետ է գնացել, կորցրել հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին և տեղում մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնից 10.05.2015թ. ստացված մահվան մասին բժշկական վկայականի կտրոնի համաձայն՝ Ա.Կարապետյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, նրա մոտ հայտնաբերվել է նաև ենթամաշկային արյունազեղում ձախ ծոծրակային շրջանում:

Վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը պարզվել է, ով ինքնակամ ներկայացել է եւ հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս