
Ոստիկանները բռնության գործադրմամբ քաղաքացուն և դստերը տեղափոխել են բաժին՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին

Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից:
Դրանից հետո, ոստիկանության աշխատակիցները, դարձյալ բռնություն գործադրելով, իրեն և դստերը նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան, տեղափոխել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ու շուրջ երեք ժամ զրկել ազատությունից:
Քաղաքացի Նարինե Ղ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն