Հումորը դիվանագիտության մեջ
«Հումորը արտակարգ երեւույթ է»: Այսպես է ասել ամերիկյան մեծատաղանդ գրող-երգիծաբան Մարկ Տվենը եւ ավելացրել. «Նրա (հումորի.- Ա.Ն.) մի կայծը բավական է, որպեսզի խստությունը մեղմանա, բարկությունը եւ չարությունը անէանա, հոգուն իջնի լույս ու ուրախություն»:
«Հումոր» բառն առաջացել է լատինական humorem բառից, որը թարգմանվում է՝ «հոսող» կամ «հեղուկաձեւ»: Այն ֆիզիոլոգիական առումով նշանակում է՝ օրգանիզմի հեղուկ, օրինակ` աչքի ապակենման մարմին (vitreous humor): Բժշկության նախահայր հույն Հիպոկրատը (մ.թ.ա. IV դ.), ենթադրում էր, որ մարդու առողջությունը կախված է չորս հեղուկների հավասարակշռությունից կամ էլ օրգանիզմի «հումորներից», որոնք են` արյունը, լիմֆերը, սեւ մաղձը եւ դեղին մաղձը: Հետագայում մեկ ուրիշ հույն բժիշկ՝ Գալենը (մ. թ. ա. II դ.) առաջ քաշեց այն վարկածը, որ այդ չորս հեղուկներն ունեն առանձնակի հոգեբանական հատկություններ: Եվ եթե դրանցից մեկնումեկի քանակն ավելորդ է, ապա մարդու մոտ առաջանում է խառնվածքի` տեմպերամենտի եւ բնավորության` խարակտերի որոշակի տեսակ` տիպ: Եթե օրգանիզմում գերակշռում է արյան քանակը, բնավորությունը դառնում է սանգվինիկ կամ ուրախ, իսկ սեւ մաղձի ավելորդությունը բերում է մելանխոլիկ կամ դեպրեսիվ անձի ձեւավորման: Այսպես է մեկնաբանում հումորը Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի պրոֆեսոր Ռոդ Մարտինը, որը համարվում է այդ առարկայի առաջատար մասնագետներից մեկը, եւ որի հայտնի մենագրությունը ես մեկնակետ եմ ընտրել այս ենթավերնագրի հոգեբանական ասպեկտը նկարագրելիս: (The Psychology of Humor: An Integrative Approach. Rod A. Martin).
Հոգեբանական տեսանկյունից հումորը, ըստ էության, դրական էմոցիա է, որը կոչվում է ուրախություն: Հումորը սոցիալական կոնտեքստում սովորաբար առաջացնում է գնահատման իմացական` կոգնիտիվ պրոցես, որը ներառում է կատակային, ոչ լուրջ ընկալում: Այդ ընկալումը վարքային մակարդակով արտահայտվում է համապատասխան միմիկայով եւ ծիծաղով: Սոցիալական փոխգործակցություններում հումորն ընդունում է բազմաթիվ տարբեր ձեւեր: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Լեոնիդ Կուլիկովը հումորը համարում է հաղորդակցության փայլուն միջոց, որը կարող է գործել այլակերպ վարքային իրադրություններում: Նա նշում է, որ հումորը մարդկային հարաբերություններում կարող է իջեցնել լարվածության առաջացման ռիսկը, եթե զրուցակիցը (մեր դեպքում կարդա՝ դիվանագետը.- Ա.Ն.) կարողանա տեղին օգտագործել «կոնսերվացնող կատակը»: Հիշենք, որ հումորիստական ձեւով, կատակի տոնով ասված ինֆորմացիայից հրաժարվելը շատ ավելի հեշտ է, քան լրջորեն արված հայտարարությունից: (Այս տարբերակը, բնականաբար, պիտանի չէ պաշտոնական բանակցությունների ժամանակ): Քանի որ հումորը բազմիմաստ է, այն օգտագործվում է տարբեր, այդ թվում նաեւ՝ իրարամերժ նպատակներով: Ասենք` մարդկանց իրար մոտեցնելու կամ իրարից հեռացնելու, խմբից օտարելու, սոցիալական նորմերը խախտելու կամ դրանք հարգելու, նրանց վրա իշխելու կամ նրանց «խաղացնելու» (երեւանյան սլենգով` «ֆռռացնելու» համար): Հումորը կարելի է օգտագործել հարաբերություններում կոնֆլիկտը կանխելու կամ, ընդհակառակը, պրոբլեմները լուծելուց խուսափելու, համակրանքի զգացում արտահայտելու եւ կամ մարդու հեղինակությունը վարկաբեկելու նպատակով:
Հոգեբաններ Դեբրոյ Լոնգը եւ Արթուր Գրասերը մանրամասն համակարգել են խոսակցական հումորը` այն անվանելով սրախոսություն: Նրանք նշել են հումորի ներքոհիշյալ տարատեսակները.
1. Հեգնանք` իրոնիա – խոսողը բերում է փաստարկ, որում իմաստը տառացիորեն հակասում է իրականությանը: Օրինակ` դրսում անձրեւ է, քամի, կարկուտ, իսկ նա ասում է. «Ի՜նչ հոյակապ եղանակ է»։
2. Երգիծանք` սատիրա – սոցիալական ինստիտուտները կամ քաղաքականությունը ծաղրող ագրեսիվ հումոր:
3. Թունոտ հեգնանք` սարկազմ – ագրեսիվ հումոր, որն ուղղված է ոչ թե համակարգի, այլ անձի դեմ: Բարձրաշխարհիկ ճաշկերույթներից մեկի ժամանակ, ազնվական մի կին նկատողություն է անում Չերչիլին` ասելով. «Սըր, դուք հարբած եք»: «Այո,- պատասխանում է Չերչիլը,- իսկ դուք այլանդակ եք: Բայց վաղը ես լուրջ կլինեմ, իսկ դուք մեկ է` կմնաք այլանդակ»:
4. Չափազանցություն կամ մեղմացում (նվազեցում) – ասվածի իմաստի փոփոխություն, երբ հնչած խոսքը կրկնում է մեկ ուրիշը` դրան հաղորդելով այլ մտքային շեշտադրում: Օրինակ` զրուցակիցներից մեկը, լավ իմանալով, որ դիմացինը մի քանի անգամ ամուսնացած է եղել՝ հարցնում է. «Ընդհանրապես, դուք ամուսնացած եղե՞լ եք»: Նրա փոխարեն պատասխանում է զրույցին մասնակցող երրորդ դեմքը. «Նա, ընդհանրապես, չամուսնացած չի եղել»:
5. Ինքնահեգնանք` ինքնաիրոնիա – հումորիստական դիտողություն՝ ուղղված սեփական անձի դեմ` որպես հումորի օբյեկտի: Սա կարող է արվել համեստություն ցուցաբերելու, զրուցակցին կաշկանդվածությունից ձերբազատելու, նրա վստահությունը շահելու համար:
6. Թեթեւակի ծաղրանք, երբ ձեռք են առնում խոսակցին – սա հումորիստական դիտողություն է դիմացինի արտաքին տեսքի կամ այլ թերության կապակցությամբ: Սարկազմից տարբերվում է նրանով, որ նպատակ չունի լրջորեն վիրավորել կամ նեղացնել:
7. Հռետորական հարցերի պատասխան – այս տիպի հարցերը տրվում են առանց պատասխանի ակնկալման: Իսկ եթե դուք պատասխանում եք, ապա խախտում եք հարց տվողի սպասելիքը, զարմացնում նրան եւ ուրախություն պատճառում, ինչը ձեր իսկ նպատակն է:
8. Բառախաղ – բառի հումորիստական օգտագործում, որի հետեւանքով այն ստանում է երկրորդ իմաստ, առաջացնելով նույն հնչեղությունն ունեցող, բայց այլ իմաստ արտահայտող բառ:
Հումորի այս վերբալ ձեւերի կողքին հաղորդակցության ժամանակ մարդիկ օգտվում են նաեւ ոչվերբալ միջոցներից, որոնք են դեմքի ծիծաղելի արտահայտությունները, անսովոր քայլվածքը, ժեստերը, կեցվածքը եւ այլն:
Խոսելով սոցիալական հաղորդակցության ընթացքում հումորի խաղացած դերի մասին, Ռոդ Մարտինը նշում է, որ այն կարող է ընդունել միանգամայն տարբեր ձեւեր: Օգտագործելով հումորի հնարավորությունները, մարդիկ հաճախ, հնարավոր է՝ չգիտակցված ձեւով, հետապնդում են որոշակի նպատակ: Այդ նպատակը կարող է լինել սոցիալական (մեր դեպքում՝ քաղաքական.- Ա.Ն.), ինչն արդեն դուրս է գալիս զվարճության եւ ուրախության շրջանակներից: Դրան հասնելու համար մարդիկ կատակում են կամ անեկդոտ պատմում, ձգտելով իրենց սրամտությամբ տպավորություն գործել շրջապատի վրա, ուշադրություն գրավել եւ հեղինակություն ձեռք բերել: Հաղորդակցության պրոցեսում հումորը հատկապես օգտակար է այն իրադրություններում, երբ լուրջ եւ ուղիղ բանակցային միջոցները հղի են առճակատման վտանգով եւ կոնտակտների խզումով: Դիվանագիտական բանակցությունների մեծ փորձ ունեցողները լավ գիտեն, որ լուրջ քննարկումները երբեմն բերում են արգումենտների եւ հակաարգումենտների անվերջ շփոթության, մասնակիցների ֆրուստրացիայով եւ նյարդայնությամբ: Եվ հումորի, սրախոսության, կատակի պատկերավոր դարձվածքների միջոցով նրանք կարողանում են ստեղծել փոխըմռնման եւ փոխզիջման մթնոլորտ, որը հնարավորություն է ընձեռում հաջողությամբ շարունակել բանակցությունները, հանդիպումներն ու զրույցները:
ԵԱՀԽ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Վլադիմիր Մարկովը, ես չեմ վախենում այդ բառն օգտագործելուց, տաղանդավոր մարդ էր: Ասում էր, որ տատը` մոր մայրը, հայ էր, ինքը ծնվել է Աշգաբադում, եւ մինչեւ ընտանիքի Մոսկվա տեղափոխվելը, խոսել է միայն հայերեն: Բայց իր տատի լեզվով գիտեր ընդամենը մի նախադասություն, որը, հավանաբար գուշակեցիք, «Ցավդ տանեմ»-ն էր, եւ այդ կերպ էր ինձ ողջունում, երբ մի փոքր խմած էր լինում, ինչը քիչ չէր պատահում: Դեսպանի այդ թուլությունը, սակայն, ամենեւին չէր մթագնում նրա տաղանդները, որոնք փայլատակում էին Վիեննայի Հոֆբուրգ պալատի բոլոր նիստերում: Մարկովը կենդանի հանրագիտարան էր: Ռուս, ամերիկյան, եվրոպական պատմությունը, գրականությունը, արվեստները նրան այնքան մոտ էին եւ մատչելի, որ նա իր քաղաքական ելույթներում կարող էր սահուն եւ օրգանական անցումներով, արձակի եւ պոեզիայի մեջբերումներով, դրանք դարձնել ծայր աստիճան հետաքրքիր ու գրավիչ: Սակայն նրա «հաղթաձին» հումորն էր: Կարդացած եւ բազմակողմանի զարգացած դիվանագետներ շատ եմ տեսել, մանավանդ ռուսական դիվանագիտական կորպուսում, սակայն հումորի զգացողության եւ սրամտության առումով Մարկովն ինձ համար մնում է էտալոն: Ամենակնճռոտ եւ անլուծելի թվացող հիմնախնդիրների քննարկման ժամանակ, երբ դահլիճը ասես էլեկտրականանում էր, խոսք էր վերցնում Մարկովը եւ խաղում էր իսկական շանթարգելի դեր: Իհարկե, խնդիրները մնում էին չլուծված, բայց նա կարողանում էր լիցքաթափել մթնոլորտը: Նրա արտահայտությունները, մեջ բերած աֆորիզմները, անեկդոտները, ամենապակասը` ժպիտ էին առաջացնում` անտարբեր չթողնելով անգամ ամենամռայլ պատգամավորին: Դա հիշեցնում էր մեկ կատակերգակի թատրոն` հաշվարկված բովանդակության, չափի ու ձեւի մեջ:
Հեղինակի անձնական արխիվից
Սեւ հումորը սպանիչ հատկություն ունի
Հումորի սոցիալական կարեւոր գործառույթներից` ֆունկցիաներից մեկը ագրեսիան, հարկադրանքը եւ մանիպուլյացիան է: Հումորը այս դեպքում դառնում է «սեւ հումոր», կորցնում է իր բարյացակամությունը, սոցիալական դրական ասպեկտները, ընդունում է զուտ քաղաքական բնույթ: Ֆրանսու Կալիերը իր հայտնի՝ «Ինչպես բանակցել տիրակալների հետ» գրքում նկարագրում է թունոտ հումորի օգտագործման հետեւյալ տեսարանը.
Հռոմի ճանապարհին Տոսկանայի դուքսը հանդիպելով վենետիկյան մի դիվանագետի, գանգատվեց նրան.
– Լսեք, ձեր հանրապետությունը մեզ ուղարկել է դեսպան, որն իրենից ոչինչ չի ներկայացնում, ոչ գիտելիք ունի, ոչ էլ դիրք, դրան ավելացրած` շփումների ժամանակ տհաճ անձնավորություն է:
– Այո, մեզ մոտ՝ Վենետիկում, ապուշներ շատ կան:
– Մեզ մոտ՝ Ֆլորենցիայում, նույնպես ապուշներ շատ կան, բայց, կներեք, մենք նրանց արտասահման չենք արտահանում:
Նկարագրված միջադեպում ընդամենը անձերից մեկն է ծաղրում մյուսին, ընդ որում, խոսքի մեջ կա նաեւ ինքնահեգնանք. («մեզ մոտ՝ Ֆլորենցիայում, նույնպես ապուշներ կան»): Եվ նրանք, հավանաբար, խաղաղ բաժանվում են:
Բայց ահա նույն ժամանակներում, միջին դարերում, ավելի կոնկրետ` 1661թ. սեպտեմբերի 30-ին, եվրոպական երկու խոշոր պետություն՝ Ֆրանսիան եւ Իսպանիան, հրաշքով են փրկվում պատերազմից: Թունոտ հումորով` սարկազմով ասված մի անմեղ արտահայտության պատճառով: Դա լինում է այսպես: Լոնդոն է ժամանում Շվեդիայի դեսպանը: Արարողակարգի համաձայն՝ դիվանագիտական կորպուսը դիմավորում է նրան: Թափորում տեղերի համար կարճատեւ վեճ է տեղի ունենում Ֆրանսիայի դեսպան դգ Էստրադային եւ Իսպանիայի դեսպան Վատեւիլիային ուղեկցողների միջեւ: Վեճն արագ հարթվում է արարողակարգի շեֆի միջամտության շնորհիվ: Հետո ֆրանսիական դեսպանի շքախմբից մեկը հեգնական արտահայտություն է բաց թողնում իսպանական դեսպանի կառքի մասին: Բռնկվում է իսկական փողոցային ճակատամարտ` տասնյակ դիակներով եւ հարյուրավոր վիրավորներով, որին վերջ տալու համար անգլիացիները զորքեր են հանում փողոց: Լյուդովիկոս XIV-ը ցանկանում է պատերազմ հայտարարել Իսպանիային եւ հանգստանում է միայն այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորը հետ է կանչում դեսպանին եւ պատժում: Բացի այդ, բոլոր երկրներում իսպանական դեսպաններին ուղարկվում է շրջաբերական առ այն, որ նրանք ամենուր ճանապարհը զիջեն Ֆրանսիայի դեսպանին: Եվ այս ամենը մի հեգնական ակնարկի պատճառով: (Մեր «Մի կաթիլ մեղրի» կոտորածի մոտիվը, հաստատ, ավելի ծանրակշիռ է, երբ խանութպանը սպանում է չոբանի շանը):
Հումորը պարադոքսալ երեւույթ է: Նա իր հիմքում ոչ բարեկամական է, ոչ էլ ագրեսիվ: Հումորը էմոցիոնալ բավարարվածություն ստանալու միջոց է, որը կարող է օգտագործվել եւ՛ բարի, եւ՛ չար նպատակներով: Հումորը կարող է օգտակար լինել, եթե նպատակ է հետապնդվում՝ ամրապնդել հարաբերությունները, մեղմացնել կոնֆլիկտը եւ ձեռք բերել միասնություն (կոնկրետ խմբում): Հումորը կարող է օգտակար լինել նաեւ այն ժամանակ, երբ ցանկանում են մեկնումեկին խիստ հալածել` ենթարկել օստրակիզմի, ստորացնել կամ նրա հաշվին բարձրացնել սեփական վարկն ու հեղինակությունը: Սա, իհարկե, ստոր եւ անպատվաբեր մեթոդ է, սակայն հազվադեպ չէ քաղաքական կյանքում:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Մարտ 11, 2010
«168 ԺԱՄ»