Խուան Խոսե Արեոլա «Էմանուել Կարբալյոյի հետ զրույցներից»

Է. Կ.- Ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս քո մեջ զարթնեց հետաքրքրությունը գրականության հանդեպ:

Խ. Խ. Ա.- Որքան էլ տարօրինակ է, ես երբեք չեմ սովորել կարդալ, ես տառերը սովորում էի լսողությամբ: Ես նայում ու լսում էի, թե ինչպես էին եղբայրներս վանկերով կարդում, եւ ակամա ընդօրինակում էի նրանց: Այնպես որ, իմ առաջին գիրքը ոչ թե այբբենարանն էր, այլ միանգամից դասագիրքը: Այդ պահից ի վեր ինձ համակեց մոլեգին սերը, պարզապես ագահությունն առ բառերը, իմ մեջ հիացմունք էին առաջացնում բոլոր նոր անուններն ու անվանումները, որոնք ինձ բախտ էր վիճակվում լսել: Պատահականության բերումով հազիվ էի ես սկսել ինքնուրույն կարդալ, ձեռքս ընկան նկարիչների մասին մի քանի գրքեր` որոնք լի էին ամեն տեսակի արտասահմանյան անուններով, որ գրավում էին ինձ իրենց հնչեղությամբ` Ջորջոնե, Տինտորետո, Հիրլանդաո: Այնպես որ, գրականությունն իմ մեջ հանգրվանեց ականջներիս միջով` առաջին տառերի հետ: Եվ եթե ես ինչ-որ գրական արժանիքներ ունեմ, ապա, ամենից առաջ, լեզվի մեջ նյութական, պլաստիկ կազմությունը տեսնելն է: Այդ առանձնահատկությունը սերում է դեպի հնչող բառը մանկական սիրահարվածությունից, որը ես այժմ գիտական ոճով կոչում եմ «շարահյուսական այլացումներ»:

Այդ անշոշափ լեզվական նյութը, միտքը կերտում է, հանց քանդակագործ, այն ենթարկում է իրեն` կառուցելով բառակերպարը: Այս հարցում ես համակարծիք եմ նրանց, ովքեր կարծում են, որ գրողի վարպետությունն այն է, որ վերցնի բառը, ենթարկի իրեն, եւ այդժամ այն ավելին կարտահայտի, քան սովորաբար արտահայտում է: Գրողի վարպետությունը հանգեցվում է բառերի դասավորմանը: Ճիշտ դասավորված բառերը միմյանց հետ նոր հարաբերակցությունների մեջ են մտնում եւ նոր իմաստներ են կազմում, առավել նշանակալից, քան նրանք, որ ի սկզբանե բնորոշ էին նրանց, որպես առանձնական մեծությունների:

Է. Կ.- Եկ վերադառնանք ներկային: Պատմիր մանրամասն այն մասին, թե ինչն ես դու կոչում լեզվի նյութական, պլաստիկ կազմ:

Խ. Խ. Ա.- Ես համարում եմ, որ լեզուն նյութ է, որը մշակման կարիք է զգում, որ գրողը, ինչպես եւ գեղանկարիչը, պետք է իմանա իր նյութը եւ կարողանա աշխատել դրա հետ, քանի որ այն ֆիզիկական բնույթ ունի: Ինձ համար բառերը, նույնիսկ հենց նոր թղթի վրա ուրվագծածները, մունջ չեն, նրանցից եւ նրանց միջից հնչողություն է հորդում: Ես գիտեմ, որ երբ գեղեցիկ նախադասություն է ստեղծվում (Այստեղ Անդրե Ժիդը ճիշտ էր), նրանում առավել գեղեցիկ միտք է ծնվում, ոչ այն պատճառով, որ նախադասությունն ի սկզբանե դատարկ է, այլ այն պատճառով, որ այն իր մեջ կրում է ոգու կարոտը, որ գեղեցկության մեջ մարմնավորվել է տենչում:

Այն, ինչը մենք սովորաբար գեղեցկություն ենք կոչում, չնայած բոլոր օրինակներին, սոսկ կարոտալի մերձեցում է առ գեղեցկություն, այսինքն՝ դրա ծարավը: Ինձ դուր չեն գալիս գեղեցկությունը ձեւակերպելու քննախույզ փորձերը: Գեղագիտության փիլիսոփաների մատը երկնքին է առնում, երբ որպես նմուշօրինակներ բերում են Վեներաներին, Ապոլոններին, քնարերգության եւ արձակի հատընտիր հատվածները, ձգտելով կոնկրետ ցուցադրել, թե ինչ բան է գեղեցկությունը: Ինձ համար պոեզիան, ինչպես նաեւ կերպարվեստն ու քանդակագործությունը` բացարձակ անհնարինություններ են: Ցանկացած մեծ արվեստագետ նմանակներ է արարում` մեր ուշադրությանը ներկայացնելով իր աշխատանքի արդյունքը, նա լավագույն դեպքում հասկացնել է տալիս, թե ինչպիսին էր իր մտահղացումը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդուն համակում է արարման կարոտը, քանզի նա ինքն էլ արարված է: Այդ է իմ միակ եւ խորունկ հաղորդակցումը Աստծո գաղափարին` Աստված-Արարչի: Այդ թեմային ես անդրադառնում եմ իմ պատմվածքներից մեկում` «Պաբլո»-ում:

Է. Կ.– Բայց գեղեցկության քո ընկալումն արտացոլված է եւ այլ պատմվածքներում:

Խ. Խ. Ա.- Այո, «Լե Արիստոտելի մասին» երկում: Այնտեղ ծեր փիլիսոփան գեղեցկությունը որսալու, պահելու գայթակղության մեջ է ընկնում, որը արթմնի հայտնվում է նրան Ներդաշնություն մուսայի տեսքով, որն էլ հենց նրա ներշնչանքն է, իսկ Արիստոտելը ձգտում է նպատակահարմարորեն առարկայացնել այդ երեւույթը, որն ըստ էության բացարձակապես իռացիոնալ է: Բանաստեղծական ներշնչանքն իմ պատկերացմամբ առավելագույն դրսեւորումն է այն բանի, որ ես կոչել եմ ստեղծագործական ոգի, նա իրենով է ներծծում լեզուն, նրան շարժում եւ դրամատիզմ է հաղորդում: Ահա այդ ոգու վերափոխումն էլ հենց ինձ չի թույլատրում նյութապաշտ դառնալ: Ես հավատում եմ նյութին, սակայն հավատում եմ սոսկ ոգով կենդանացած նյութին: Ես հանգել եմ այն մտքին, որ Աստված իրականանում է իր ստեղծածում, եւ որ արարումը կայրվի, երբ նրա բոլոր ձեւերը սպառվեն, երբ բոլոր ավազահատիկները կսպառեն իրենց փոխակերպությունների ամենայն կերպերն ու հնարավորությունները, երբ ինքը՝ կյանքը կլցնի գոյության ամենավերին եւ ամենաստորին մակարդակները: Ահա այդ ժամանակ, ես կարծում եմ, կավարտվի բոլորաշրջանը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Աստված գոյություն ունենար մինչ արարման սկիզբը: Աստված` գոյության հնարավորությունն է: Աստված կա, քանի որ կանք մենք…

1943 թվականին Խուան Խոսե Արեոլան Գվադալախարում հրատարակվող «Էոս» ամսագրում հրատարակեց իր առաջին մեծ պատմվածքը՝ «Այս աշխարհում նա բարիք էր գործում», որը մտավ «Ինվենցիաներ» (1949) ժողովածուի մեջ:

Է. Կ.- Ի՞նչ կարող ես ասել այդ գործի կապակցությամբ:

Խ. Խ. Ա- Այդ պատմվածքը ես գրել եմ քառասունմեկ թվականի հուլիս-օգոստոսին: Դա մի պատմություն է գավառական կյանքից, որը ես պարզահոգի պատմել եմ: Այն լեցուն է գավառական ճղճիմությամբ եւ իմ անձնական միամտությամբ: Դա իմ պատանեկան ոգեւորության եւ դեպի կյանքն ու սերը իմ հավատի բնական արդյունքն էր: Պատմվածքը գրվել է Ժորժ Դյուամելի ուղղակի եւ անմիջական ազդեցությամբ:

Է. Կ.- Եվ ինչպե՞ս այն քո մեջ նկատվեց եւ ինչպես հաղթահարվեց:

Խ. Խ. Ա.- Դյուամելն ինձ վրա տպավորություն թողեց իր «Առ սրբություն տենչողի օրագրով», որի գործողությունը ծավալվում է Փարիզում եւ մի շարք ընտանեկան եւ աստվածաբանական խնդիրներ է շոշափում, այդ ստեղծագործությունն ինձ անհրաժեշտ նյութ էր եւ մեքսիկական իրադարձությունների մեջ խորանալու համար պատշաճ վերաբերմունքի էր տրամադրում: Մնացյալ բաներից զատ, ես փոխառել եմ Դյուամելի տոնայնությունն ու հեգնանքը, ինչպես նաեւ մեկուսացած հայացքը, այսպես կոչված, կարգին մարդկանց հանդեպ, ովքեր իբր թե առաքինի կյանք են վարում: Իմ պատմվածքում շարադրված է գավառական կյանքից մի պարզ պատմություն, որտեղ սովորական իրադարձություններն ու զգացմունքները տեսնված են փոքր-ինչ շեղված: Այդ հայացքը ես փոխառել եմ Ժ. Դյուամելից: Նա նայում էր բարեպաշտներին, ասես գլուխը թեքելով եւ այդ ռակուրսով էլ ներկայացնում էր: Այսպես, եթե, ասենք, բարեպաշտությունը, ընդհանրապես սրբակեցությունը` ուղղահայաց է, ապա նա հսկում, մոտեցնում է այն սովորական մարդուն, եւ այն կախման մեջ է դնում այնքան փոքր, առօրյա բաներից, որ ի վերջո այն ծիծաղելի է դարձնում:

Է. Կ.- Ինչպե՞ս է կերպափոխվում հեգնանքը քո պատմվածքներում:

Խ. Խ. Ա.- Իմ հեգնանքը դառնում է առավել անողոք, այն հասնում է կծու ծաղրանքի, չարախինդ ծիծաղի: Առաջին անգամ այն հայտնվում է «Այս աշխարհում նա բարիք էր գործում» պատմվածքում: Այստեղ արդեն առկա է հեգնելու իմ կերպը, որը հետագայում կզարգանա եւ որի հիմքում այն է, որ հեգնես ելնելով ամենաթանկագին, ամենասուրբ բանից, որը կարող է հայտնի լինել իմ հոգուն` մարդկային զգացմունքների գիտակին: Հեգնանքը ծագում է այն փաստից, որ ես կասկածի տակ եմ դնում իմ անձնական հոգու խորությունները, իմ պատանեկան իդեալները: Եվ որքան որ շատ եմ ապրում, այնքան առավել կյանքը խլում է ոտքիս տակի հողը, եւ այնքան ավելի թեթեւորեն եմ հեգնում ամենախորունկ հարցերի կապակցությամբ: Այդ պատմվածքում ես ձաղկում եմ իմ հերոսի հեզաբարոյությունը, ով ջանում է բարեպաշտ լինել եւ տենչում է ամուսնանալ մի կնոջ հետ, ում նա նույնպես բարեպաշտ է համարում: Երբ նա համոզվում է, որ իր բարոյական աշխարհի հիմքերը խարխլված են, քանի որ խարսխված են օտար հիմքի վրա, վրա է հասնում ներքին բախումը: Պատմվածքի վերջում նրան հաջողվում է դնել գալիքի բարօրության հիմերը իր իսկ ներսում, սակայն իմ բարեպաշտ հերոսն այնքան էլ անշահախնդիր չէ:

Է.Կ.- Ի՞նչ ազդեցություններ ես դու կրել սկզբնական շրջանում:

Խ. Խ. Ա.- Եթե իմ գրած առաջին պատմվածքում «Ծննդյան տոների պատմություն»-ում նկատելի է ներշնչվածությունը Լեոնիդ Անդրեեւով, ապա «Տեր Աստծո մնջանքը» երկում զգացվում է Ռայներ Մարիա Ռիլկեի հոգեւոր ազդեցությունը, եւ ամենից առաջ նրա «Պատմվածքներ Տեր Աստծո մասին» շարքի:

Է. Կ.- Ի՞նչ նշանակություն ունի «Կոնֆոբուլարիում» ժողովածուն քո ստեղծագործության համապատկերում:

Խ. Խ. Ա.– «Կոնֆոբուլարիումը» մի շարք ազդեցությունների եւ փոխառությունների անձնական լուծումն է: Կարճ ասած, դա ամենայն ավելորդությունների եւ օտարամուտ բաների հատումն է, ոճի եւ նյութի խտացումն այն աստիճանի, որը որոշ գործերում կարող է բացարձակ համարվել: Արդյունքում քսան, երեսուն էջանոց գործերը խտանում էին մի քանի նախադասության մեջ:

Է. Կ.- Ինձ միշտ թվացել է, որ քո ստեղծագործությամբ դու բարոյական կարգի խնդիրներ ես հետապնդում: Սակայն մինչեւ այժմ ոչ ոք ինձ հետ համամիտ չէ: Դու նո՞ւյնպես համաձայն չես ինձ հետ:

Խ. Ծ. Ա.- Բոլոր ստեղծագործություններում ես ջանացել եմ արտահայտել անհատի վարքի տարբեր կողմերը: Ինձ համար, ինչպես եւ շատ այլ արվեստագետների եւ մտածողների համար, դրաման աշխարհում կենալն է, այն, որ դու կամենում ես դառնալ մի բան, սակայն կյանքի իրադարձությունների հորձանուտում դառնում ես բոլորովին այլ մի բան: Ես չեմ հավատում ընտրության ազատությանը: Այո, ղեկը գոյություն ունի, բայց արդյոք ի՞նչ օգուտ ղեկից մրրիկի ժամանակ: Նորից եմ կրկնում, ես ջանում էի, որքան կարող էի, արտահայտել գոյության դրաման, աշխարհում կենալու առեղծվածային բարդությունը: Եվ սիրո անհնարինությունը, որ կսկծում է իմ հոգում վերածվելով ինչ-որ հիասթափության: Խոսքը ինչ-որ կոնկրետ կնոջ մասին չէ, դա բացարձակ սեր ձեռք բերելու անհնարինության դառնությունն է, այն սերը, որ կյանքը ողողում է պայծառ, խորունկ եւ ճշմարիտ լույսով: Այդ հոգեկան վերքը ստիպում է ինձ ժխտել սիրո հնարավորությունը եւ ավելի ու ավելի է հաստատվում իմ վաղեմի ասույթում. «Հոգու կոչումը մենությունն է»: Եվ չունես ոչ քո նմանը, եւ ոչ էլ զուգընկերը: Այդ անհատնում դառնությունը ես ուղղեցի կանանց դեմ: Ցավոք սրտի, իմ վերջին պատմվածքներում ես սկսեցի նրանց պատկերել համարյա ծաղրանկարային ձեւով, ինչի համար հիմա ափսոսում եմ:

Որպես օրինակ կարող է ծառայել «Օտտո Վայնինգերին» պատմվածքը, որ նվիրված է հանճարեղ պատանի փիլիսոփային, որ քսանմեկ տարեկանում ինքնասպան է եղել, երբ նոր հազիվ ստեղծել էր զարմանահրաշալիորեն խելագար ու խորունկ «Սեռն ու բնավորությունը» գիրքը, որը կնոջ համընդհանուր դիվականացումն է: Ես գիտեմ, որ եւ նա, եւ ես, բոլոր նրանք, որ զբաղված են կանացի էության քննադատական վերլուծությամբ, բոլորս էլ սխալվում ենք, որովհետեւ հայտնվում ենք մեր քննադատության առարկայի ոտքերի մոտ: Շատ բաներում ես համաձայն եմ Վայնինգերի գաղափարներին, այսպես, ես հավատում եմ Պլատոնի անդրոգինի կեսի ողբերգական մենությանը, որը նախկինում իր մեջ բովանդակում էր տղամարդուն ու կնոջը ամբողջական միասնության մեջ: Եվ մենք բոլորս համակված ենք առ մյուս կեսն ուղղված այդ կարոտաբաղձությամբ: Անդրոգինի բաժանումը երկու մասերին էլ թունավորել է չարությամբ: Այն ամենը, ինչ գրականության եւ պատմության մեջ կոչում են սեռերի պայքար, սերում է այդ թույնի դառնությունից, ամբողջական էության բաժանումից: Ի սկզբանե մարդկային էությունը միասնական էր, ամբողջական եւ երկսեռ: Բաժանումն անարդարացի եղավ նաեւ այն պատճառով, որ կենսաբանական առումով կնոջն ավելի ծանր բեռ բաժին հասավ, տղամարդը, առաջին հայացքից, իրեն բաժին կարգեց հոգեկանությունը, նյութի այդ թեւածող էությունը: Ահա այստեղից էլ եւ ծագեց ցանկությունը` մյուսից խլելու այն մասը, որը նրան էր բաժին հասել բաժանումից հետո:

Ես ինձ համարում եմ այդ տիեզերական բաժանման մեջ տարրերի բաժանված, ցաքուցրիվ էակ: Ես տառապում եմ առ մյուս կեսն ուղղված կարոտաբաղձությունից եւ ջանացել եմ այդ զգացմունքն արտահայտել իմ տեքստերում, որոնք կարող են սխալմամբ ընկալվել՝ որպես հակաֆեմինիստական: Համարյա թե մանկուց ես ագահորեն տենչացել եմ լրացնել իմ էությունը կանացի սկզբնավորության մեջ: Ես չեմ պատկերացնում որեւէ տղամարդու, ով կարիք չունի առագաստի, որում նա հանգստանում եւ գտնում է ինքն իրեն, եւ ես չեմ պատկերացնում տղամարդու՝ առանց իր զուգընկերուհու որոնման:

Ես ողջ կյանքում փոփոխական հաջողությամբ փնտրել եմ նրան: Ես սիրո մեջ դժբախտ չեմ եղել, բայց ինչպես ամեն մի իդեալիստ, ես խորապես եւ հիմնավորապես դժբախտ էի:

1955 թվականին Արեոլան «Կոնֆաբալուրիումի» երկրորդ հրատարակության մեջ մտցրեց իր ամենատպավորիչ եւ բազմանշանակ պատմվածքներից մեկը՝ «Վարժեցված կինը» վերնագրով: Ինձ համար այդ սարսափազդու պատմվածքը Արեոլայի հեգնանքի բարձրակետն է եւ միաժամանակ` կնոջ եւ բացարձակ սիրո անհնարինության մասին նրա գաղափարների լավագույն մարմնավորումը:

Է. Կ.- Դու ինչպե՞ս կարող ես բացատրել այդ պատմվածքը:

Խ. Խ. Ա.- Այն ամենից, ինչ ես գրել եմ, միայն երկու պատմվածք կա, որ իր մեջ ճշմարիտ առեղծված է բովանդակում` «Վարժեցված կինը» եւ «Parturiunt montes»-ը: Մկան մասին պատմվածքում ներկայացված է ամենայն գրողի դրաման` ըստ էության, դա խոստովանանք է գրող լինելու համարյա բացարձակ անհնարինության մասին: Եվ եթե ես գրելը թողնեմ, ապա երդվում եմ քեզ, որ դա տեղի կունենա ոչ իմ գրողական թույլ կարողությունների պատճառով, այլ լիովին հիասթափությունից այն ամենից, ինչի պատկերը ես ջանացել եմ ստեղծել պատմվածքում: Եվ այդ դրաման սարսափելի է: Ահա տես` «Իմ ընկերների եւ թշնամիների շրջանում լուր է տարածվել, որ ինձ հայտնի է նոր մի տարբերակ լեռան մասին, որը մուկ է ծնել»: Այսինքն՝ այն մասին, որ ես գրող եմ: Դե ահա, ես գրող եմ, գրում եմ, եւ ոչնչություն է ստացվում: Իմ ամենագլխավոր ստեղծագործությունն այն է, որը ես դեռ չեմ գրել, եւ ոչ թե այն, որը ես ստեղծել եմ: Այն ամենում, ինչ ես գրել եմ, առկա է մտահղացման իրականացմանը նախորդող որոշակի հիասթափությունը: Այնինչ, այն, ինչը դու զգում ես՝ որպես հնարավորություն, եւ այն, ինչ արդյունքում ստացվում է, դրանցում վիթխարի տարբերություն կա, եթե դրանք նույնիսկ Գյոթեի, Շեքսպիրի կամ Սերվանտեսի ստեղծագործություններն են: Ինչ վերաբերում է «Վարժեցված կնոջը», ապա այդ պատմվածքում ներկայացված է սիրո ողբերգությունն ու վաղեմի զգացմունքի քայքայումը: Իմ ծանոթուհիներից մեկը դրանում զուտ կենցաղային պատկեր տեսավ: Ինձ համար այդ սյուժեն լի է անպարագրելի ողբերգականությամբ, որը վերաբերում է առ կինը վերաբերմունքին եւ այն բանի ընկալմանը, որ տղամարդը` կնոջը ենթակա էություն է:

Է. Կ.- Ովքե՞ր են կինն ու տղամարդը այս պատմվածքում:

Խ. Խ. Ա.- «Բացարձակ» տղամարդու տեսանկյունից, «Բացարձակ» կինը ծաղրանկարային էակ է: Տխուր եւ սարսափելի է պատկերացնել մի տղամարդու, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է կնոջը վարժեցնելու ծիծաղելի եւ անհույս գործին: Ահա նա որոշել է, որ հասել է իր նպատակին, եւ պետք է նրան դնի ի ցույց ամենքի: Այստեղ ես մոտենում եմ այս տեքստի ճիշտ մեկնաբանությանը: Վարժեցնողը` սիրահարն է, սիրահարն առավելապես, սիրահարը, ով գտել է իր կնոջը, սիրել է նրան ու դարձրել իր աստվածությունը: Եվ, որպես անգին գանձի տեր, նա կամենում է ցուցադրել նրան այլոց եւ այդ նպատակով փողոց է դուրս գալիս: Այսինքն՝ նա ցուցադրում է իր գանձը ողջ աշխարհին, իսկ ի՞նչ է աշխարհը, եթե ոչ տխմարների խառնամբոխ, ովքեր բերանբաց կանգնում են փողոցային խաբեբայի առաջ: Եվ հենց այս է ողջ հեգնանքը: Կինը գոյում է տղամարդուց անկախ, այդ տղամարդն է նրան պատվանդանի վրա դնում: Կնոջը սիրահարվածը իրեն ենթարկեցնում է նրան, զոհաբերում է իրեն, իսկ կինը փառաբանվում է անկախ իր կամքից…

Է. Կ.- Բայց կապը, որը նրանց միավորում է, այդ շղթան, հակասական է. այն այնքան բարակ է, որ հեշտությամբ կարող է պատռվել, սակայն բավականաչափ ամուր է գտնվում, քանզի երկուսն էլ չեն համարձակվում ճղել այն:

Խ. Խ. Ա.- Այո, դա ամուսնական կապվածության որոշակի տեսակ է: Ամուսինը կնոջը շղթայված է պահում (չեմ հիշում, թե շղթան ինչ նյութից է), իսկ մյուս ձեռքում պահում է մետաքսյա մտրակը, ինչը խորհրդանշում է սիրո քաղցրությամբ սանձահարված նրա տղամարդկային էներգիան… Մտրակն այդ ոչ այնքան առարկա է, որքան զուտ գաղափար, ուժի գաղափար, որը ցավ չի պատճառում` չէ՞ որ այն մետաքսից է… Իրեն հաստատելով որպես տղամարդ, նա իրեն կորցնում է որպես բարձրագույն էություն: Իսկ ես գալիս եմ այն բանից, որ կինը` ոգին գերելու կոչված յուրատեսակ մարմնական թակարդ է, նա իսկապես նման է թակարդի` իր ընդերքի որովայնախոռոչով, բացվածքով, ուր դու կամ ձգտում ես, կամ ընկնում ես հանց անդունդի մեջ… Իսկ ես այդպես մինչեւ կոկորդս խրվել եմ դատարկության մեջ, գոյության խորխորատի մեջ:

Է. Կ.- Դու ի՞նչ ես կարծում, որքա՞ն թեմաներ ես դու շոշափում քո պատմվածքներում: Ես կարծում եմ, որ քիչ:

Խ. Խ. Ա.- Այո, բարեբախտաբար, դրանք քիչ են, այդ պատճառով ես կարողացել եմ դրանք բավականաչափ խորունկ մշակել: Հիմնական թեման միատեղ գոյությունն է եւ սիրո անհնարինությունը: Ինչպես նաեւ՝ տարանջատվածությունը եւ մենությունը:

Է. Կ.- Ես ուշադրություն եմ դարձրել, որ այդ թեմաները դու մշակում ես կոնտրապունկտի սկզբունքով` անհատ եւ հասարակություն, տղամարդ եւ կին, սեր եւ ատելություն, բնական աշխարհ ու գերբնական աշխարհ:

Խ. Խ. Ա.- Հնարավոր է, որ դրանք բոլորը հանգեցվեն անհատի դրամային, մեկուսի էակի դրամային: Այդպիսին է իմ «Autrui»-ին: Այս պատմվածքում իմ հիմնական թեման ես հասցնում եմ ծայրահեղության` դրաման այն է, որ մարդը մենակ է, չնայած այն բանին, որ շրջապատված է ուրիշներով, autrui: Մեր յուրաքանչյուր շարժումը դեմ է առնում ուրիշի շարժմանը: Ուրեմն, մեր կենաց տարածությունը, բացի մեր մարմնի ֆիզիկական պատյանից, սահմանափակված է մեր մերձավորներով: Այդ պատճառով պերսոնաժը, որ ի սկզբանե միտված է դեպի բարձրագույնն ու վսեմը, մնում է փտելու իր անձնական «եսի» պատյանում: Նրանում փտում է իր «եսը»: Դա մարդկային էգոիզմի դրաման է:

Է. Կ.- Ինչպիսի՞ն է քո դիրքորոշումը աշխարհի եւ մարդկության մեծագույն խնդիրների նկատմամբ:

Խ. Խ. Ա.- Արմատական պեսիմիզմ, մասնակի օպտիմիզմի չափաբաժնով:

Է. Կ.- Եվ ո՞րն է այդ մասնակի օպտիմիզմը:

Խ. Խ. Ա.- Դա մտքի եւ զգացմունքի բերկրանքներն են, այսինքն՝ հեդոնիզմն ու ճգնակեցությունը միատեղ: Ի վերջո, միակ բանը, որ իմաստ ունի` հոգու փրկությունն է:

Է. Կ.- Ինչո՞ւմն ես դու տեսնում քո եւ Բորխեսի զուգադիպումներն ու տարբերությունները:

Խ. Խ. Ա.- Ինչ-որ մեկը ժամանակին նկատել էր, որ ես, ի տարբերություն Բորխեսի, չունեմ բնազանցական չափում: Ես դրա հետ համաձայն չեմ` Բորխեսի բնազանցությունը օպտիկական խաբկանք է: Բորխեսը, ում ես շատ սիրում եւ հարգում եմ, պատկանում է հնարավոր գրողների դասին:

Է. Կ.- Ի՞նչ է նշանակում՝ «հնարավոր գրողների»:

Խ. Խ. Ա.– Բացատրեմ օրինակներով: Ասենք, Խուան դե լա Կրուսը` անհնարին բանաստեղծ է: Կաֆկան` անհնարին արձակագիր, այսինքն՝ ոչ ոք չի կարող նրան որպես գրողի կրկնել: Իսկ Բորխեսը ներկայացնում է բանականության հնարավորությունները, այն բանի հնարավորությունները, ինչ կարող է արարել հանդարտ, սթափ եւ անշտապ միտքը:

Է. Կ.- Իսկ դու քեզ հնարավո՞ր, թե՞ անհնարին գրող ես համարում:

Խ. Խ. Ա.– Ճիշտն ասած, իմ մեջ անհնարինից շատ բան կա: Ես նույնիսկ համարյա չեմ գրում: Ես հետո հասկացա, թե բանն ինչ է, երբ ուրիշները փորձում են գրել, ինչպես ես, ոչ մի Բորխես էլ չի զգացվում: Իսկ Բորխեսը, ինչպես ես արդեն ասացի, այն բանի օրինակն է, թե ինչ կարող է արարել բանականությունը: Իսկ մենք, որ գնում ենք Կաֆկայի արահետով, գիտակցության սահմանից ավելի հեռուն ենք գնում… Ահա թե ինչու ի վերջո, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ այն քիչն ու վիճելին, որ ես գրել եմ, իմաստ ունի, այնքանով, որքանով որ համակված է մարդկային գոյության դրամայով, որը պատկանում է ոչ այսօրվան, ոչ երեկվան` այն հավերժական է: Ես սոսկ մի ավազահատիկ եմ դրել հավերժության կշեռքի վրա, բայց փոխարենը՝ պիտանի կշռաքարի վրա: Ես երբեք չէի կարողանա, նույնիսկ ինչ-որ քմայքով, կանգնել այն գրողների շարքում, որոնք նկարագրում են հասարակության վիճակը, դեդեկտիվային սյուժեները կամ քաղաքական ճղճիմությունները: Ես չեմ կարող լինել այդ խաղողի այգու խաղողագործը, ոչ առաջին ժամին, ոչ էլ` իններորդ: Ես աշխատում եմ անհայտ ժամին:

Autrui1

Երկուշաբթի. Այդ անծանոթը առաջվա պես հետապնդում է ինձ: Ինձ թվում է նրան կոչում են Autrui: Ես անգամ չեմ էլ հիշում, թե երբվանից եմ դարձել նրա զոհը: Երեւի թե ծննդյան օրից, ես նույնիսկ չէի նկատել: Ավելի վատ ինձ համար:

Երեքշաբթի. Այսօր թափառում էի քաղաքի թաղամասերով եւ հանկարծ նկատեցի, որ իմ երթուղու ուղղությունը բավական տարօրինակ դարձավ: Փողոցները վերածվեցին լաբիրինթոսի, անկասկած, ըստ Autrui-ի կամքի: Եվ, ի վերջո, ես հայտնվեցի փակուղում:

Չորեքշաբթի. Ինձ կյանքի համար հատկացված է ինչ-որ խղճուկ թաղամասի խիստ սահմանափակ մասը: Անօգուտ է այստեղից դուրս գալ փորձելը: Autrui-ն թաքնված է յուրաքանչյուր անկյունում, պատրաստ փակելու ելքերն առ բազմամարդությունը:

Հինգշաբթի. Ես մշտապես վախենում եմ թշնամուս հետ առանձին եւ դեմ առ դեմ հանդիպելուց: Նույնիսկ փակվելով իմ վանդակում, անկողին մտնելու պատրաստ, ես զգում եմ, որ հանվում եմ Autrui-ի հայացքի ներքո:

Ուրբաթ. Ողջ օրը ես տանն անցկացրի, որեւէ բանի անընդունակ: Գիշերն իմ շուրջ ինչ-որ օղակ հայտնվեց, աղոտ մի շրջանագիծ, հազիվ թե ավելի վտանգավոր, քան սովորական տակառագոտին:

Շաբաթ. Արթնանալով, հայտնաբերեցի, որ գտնվում եմ վեցկողմանի ըստ իմ չափի արկղում: Ես չհանդգնեցի պատերին ձեռք տալ, քանի որ զգում էի` դրսում ես կտեսնեի նույն վեցանիստը:

Անտարակույս, կալանավորմամբ ես պարտական եմ Autrui-ի մութ խաղերին:

Կիրակի. Զմռսված իմ դամբանում, ես հետզհետե քայքայվում եմ: Ինձանից տարածվում է դեղնավուն երանգով կպչուն շարավը: Օ՜, երբեք չէի կամենա ճաշակել այդ մեղրը…

Իհարկե, ոչ ոք, ի բացառյալ Autrui-ի:

Լե2 Արիստոտելի մասին

Մարգագետնի կանաչ շրջանում պարում է Արիստոտելի մուսան: Ծեր փիլիսոփան ժամանակ առ ժամանակ բարձրացնում է գլուխը եւ զննում է պատանի, ծիածանաքարի երանգով մարմնի շարժումները: Արյունը եռում եւ բորբոքում է նրա զառամող մարմինը, նրա դողացող ձեռքերից վայր է ընկնում պապիրուսի խշխշան փաթեթը: Իսկ մուսան անդադար պարում է մարգագետնում եւ Արիստոտելի հայացքի առաջ ծավալում է ռիթմերի եւ շարժումների տրամաբանության ճկուն, պիրկ կապը:

Արիստոտելը հիշում է պարմանուհի հարճին իր հարազատ Ստագիրի ստրուկների շուկայում, ում չկարողացավ գնել: Այդ ժամանակից ի վեր ոչ մի կնոջ չէր հաջողվել այդչափ խռովել նրա երեւակայությունը: Բայց այժմ, երբ մեջքը ծռվում է տարիների ծանրության տակ, իսկ աչքերին փառ է պատել, Ներդաշնակություն մուսան ավելի ու ավելի հաճախ է գալիս նրա հանգիստը խախտելու: Նա զուր է ջանում նրա կիզիչ գեղեցկությանը հակադրել սառը դատողությունների խստությունը` նա նորիցնոր վերադառնում է եւ դարձյալ սկսում է իր կրակոտ անկերպարան պարը:

Արիստոտելը փակում է պատուհանները եւ վառում է ծխացող կանթեղը, որի ներքո նա դժվարությամբ կարդում է գրածը, բայց ամեն ինչ զուր է. Ներդաշնակությունը ճիշտ նույն կերպ պարում է նրա մտքում եւ խախտում է նրա մտածողության լուրջ կարգը, որը վերածվում է հոսքի, լույս ու ստվերի իր խաղերով:

Այդժամ իր գրած բառերը կորցնում են դիալեկտիկական խոհածությունների նախկին կշիռը եւ լցվում են զրնգուն յամբերի հնչեղությամբ: Անհայտ ուղղություններով տարված, հիշողության մեջ մոռացությունից հայտնվում են կիսամոռացված, բայց ամրակուռ, դաշտերի բույրերով լեցուն խոսքերը:

Արիստոտելը թողնում է իր գործը եւ դուրս է գալիս հանց մի մեծ ծաղիկ բացված այգին, որը գարնանային օրով բույր ու շողանք է արտածում: Ծեր փիլիսոփան ներկլանում է վարդերի բույրը եւ դեմը թարմացնում է գիշերային ցողով:

Ներդաշնակություն մուսան թռչկոտում է նրա առջեւ փոփոխական եւ խուսանավող պարի ուրվանկարում, հյուսելով աղոտ ձեւերի լաբիրինթոսը, որը կործանարար է առողջ բանականության համար: Եվ ահա արդեն ինքը՝ Արիստոտելը, հանկարծահաս առույգությամբ նետվում է գեղեցկուհու ետքից, ով ակնթարթաբար հալչում եւ անհետում է մոտակա պուրակում:

Ուժասպառ եւ ամոթահար, փիլիսոփան ետ է դառնում իր խուցը: Նա ձեռքերի վրա է հակում իր ճերմակահեր գլուխը եւ լալիս է անհետ սպառված պատանեկան ուժի համար: Երբ նա գլուխը ձեռքերից վեր է բերում, նա իր առջեւ տեսնում է պարմանի մուսայի միեւնույն անվերջանալի պարը: Եվ այդժամ Արիստոտելը հանկարծ որոշում է գրել մի տրակտատ, որով վերջ կտա Ներդաշնակության հավերժական պարին, տրոհելով այն բաղկացուցիչ մասերի: Նա ստիպված եղավ հաշտվել բանաստեղծության անհրաժեշտության հետ, որպես շարադրման միջոց, եւ սկսեց իր աշխատանքը «Ներդաշնակության մասին» տրակտատի վրա` գլուխգործոց, որը կործանվեց Օմարի հրում:

Այն ամբողջ ընթացքում, երբ նա գրում էր, Ներդաշնակություն մուսան շարունակում էր իր պարերը: Գրելով վերջին բանատողը, փիլիսոփան բարձրացրեց հայացքը եւ հասկացավ, որ տեսիլքն անհետացել է: Եվ այդ ժամանակ նրա հոգին ճանաչեց անդորրը, գեղեցկության խայթող սրսկոցներից ազատված:

Սակայն մի անգամ Արիստոտելը մի տարօրինակ երազ տեսավ` գարնանային օրով նա չորեքթաթ սողում է խոտերի վրայով, իսկ իրեն հեծնել է հենց նույն մուսան: Եվ, զարթնելով, նա վերցրեց իր ձեռագիրը եւ սկզբնամասում հավելեց հետեւյալ տողերը` «Իմ բանատողը ծանրաշարժ է եւ անճոռնի հանց ավանակ: Փոխարենը այն կառավարում է հենց ինքը՝ Ներդաշնակությունը»:

1 ֆր. ուրիշ, օտար
2 միջնադարյան երգերի ժանր:

Թարգմանությունը Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ
2009, սեպտեմբեր 24, «168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս