Բաժիններ՝

«Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է սկսել նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա այսօր առավոտյան այցլել է Գ.Ենոքյանին, ով գտնվում է Էրեբունու նախնական կալանքի պահպանման վայրում:

«Առ այս պահը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ մեղադրանք է առաջադրվում կամ ինչո՞ւմ է կասկածվում Ենոքյան Գոհարը, և այդ ի՞նչ հանրային վտանգ էր ներկայացնում 73-ամյա հիվանդ կինը, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել նրա խափանման միջոցը ընտրել կալանքը:

Տիկին Ենոքյանը ներկայացրեց իր վարկածը, թե ինչում են իրեն մեղադրում և կասկածում, և նա դա համարում է կատարյալ աբսուրդ, դեդեկտիվի վերջնակետի ժանրի կատարելագույն աբսուրդ: Բայց երբ կլինի հատուկ քննչական ծառայության պարզաբանումը, մեկնաբանումը, մենք հարցի իրավական կողմին, բնականաբար, անպայման կանդրադառնանք:

Այս պահին իմ խնդիրն է, որպես ԲՀԿ նախագահ, մենք ստորագրահավաք ենք սկսել խափանման միջոցը փոխելու համար դիմելու պատկան մարմիններին, որ րոպե առաջ խափանման միջոցը փոխվի, որովհետև տիկին Ենոքյանի առողջական վիճակը խիստ վատ է:

Նա շատ բարձր ճնշում ունի և վերջերս տարել է բավականին լուրջ վիրահատություն, և ուղղակի անթույլատրելի է նման առողջական վիճակ ունեցող 73-ամյա կնոջը պահել КПЗ-ում»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ անձնական հաշվեհարդարի կամ ունեցվածքը խլելու վերաբերյալ Գ.Ենոքյանի պաշտպանը հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ. «Մեզ միացել են նաև մյուս խմբակցությունների պատգամավորներ և այժմ կարևորը խափանման միջոցը փոխելն է: Ես այստեղ քաղաքական և կուսակցական որևէ ենթատեքստ չեմ տեսնում և միանշանակ չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս