Վարկային միլիոններ՝ ատոմակայանի համար
Խորհրդարանական քննարկումներում նորից էներգետիկայի ոլորտն է: Լուրերի ու իրադարձությունների տարափ է: Դրամի դեկտեմբերյան 15 տոկոսանոց արժեզրկումից հետո բոլորը հակված ու համակերպված էին: Սակագների աճն անխուսափելի էր թվում: Հատկապես, որ պաշտոնապես ակնարկվում էր այդ մասին: Խոսվում էր ՀԵՑ-երի աղետալի ֆինանսատնտեսական վիճակի մասին: Բայց հանկարծ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստան մատակարարվող գազն էժանանալու է: Էժանանալու է դրամի արժեզրկմանը համադրելի չափով:
Սահմանի վրա «Գազպրոմ-Արմենիան» հազար խմ-ի համար 190 դոլարի փոխարեն` 165 է վճարելու: Ու այսքանով բարի լուրերը սահմանափակվեցին: Որովհետև գազ մատակարարող ընկերությունը վաղուց էր հայտարարել, որ սպառողների համար ներքին շուկայում փոփոխություն չի լինելու: Պաշտոնապես բացատրվեց, որ գազի համաշխարհային գնանկումը «Գազպրոմ-Արմենիային» պարզապես հնարավորություն կտա չդիմել Սակագնային հանձնաժողով` ներքին շուկայում գազի թանկացման համար: Իրավիճակը միջնադարյան հայտնի կատակն է հիշեցնում.
«Երբ Աստված ուզում է աղքատին ուրախացնի` կովը կորցնում, հետո գտնել է տալիս»: Բայց չհասցրեցինք վայելել աղքատի բաժին մեր ուրախությունը: «Գազպրոմ-Արմենիա» մեծապատիվ ընկերությունը հայտարարեց, որ մայրաքաղաքում կրթական նոր համալիրի շինարարություն է ֆինանսավորում: Հավանաբար` հերթական էլիտար ու վճարովի կրթահամալիրը: Խորհրդարանում մոտ երկու շաբաթ առաջ էին պատգամավորները զարմանում, որ այս ընկերությունը մատակարարվող գազի սակագնի մեջ իր գնած ծաղիկների ու գեղարվեստական գործերի արժեքն է մտցնում: Հիմա վճարելու ենք այդ կրթահամալիրի համար:
Որովհետև ոչ ոք` ո՛չ պաշտոնյա, ո՛չ ընդդիմադիր քաղաքական, ոչ էլ հասարակական որևէ գործիչ հրապարակավ չքննարկեց այս ձեռնարկի իմաստը: Ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ` բարոյական: Մարդիկ մեր Սակագնային հանձնաժողովի ու տնտեսական իշխանությունների թույլտվությամբ աննախադեպ բարձր գնով գազ են վաճառում: Վաճառում են` ձմռանը ջեռուցման դիմաց աղքատ ընտանիքների վերջին գրոշների հաշվին, իսկ տարին բոլոր` բարձր սակագնով հնարավորինս խանգարելով տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Ջերմոցային տնտեսությունից` մինչև ամենապարզ արտադրությանը:
Բայց էներգետիկ համակարգի շուրջ կրքերն այսքանով չսահմանափակվեցին: Պարզվում է` հարազատ իշխանությունները խորհրդարանին ներկայացրել են ՌԴ-ից 270 մլն դոլար նոր վարկ վերցնելու պայմանագիր: Այս գումարն անհրաժեշտ է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու համար: Վարկի ծավալն իսկապես տրամաբանական է:
Ատոմակայանի մասին ֆինանսական շատ տվյալներ չեն հրապարակվում: Հավանաբար` անվտանգության նկատառումներով: Պաշտոնապես երբեք չի ասվել, թե ինչ գնով է ԱԷԿ-ը ձեռք բերում վառելիքը, որքան են կազմում օգտագործված վառելիքի պահեստարանի ծախսերը, և այլն: Ատոմակայանի մասին պաշտոնապես հայտնի է հետևյալը` ԱԷԿ-ը տարեկան արտադրում է միջինը 2,5 մլրդ կՎտ/ժամ հոսանք, որ վաճառում է մեկ կՎտ-ն` 5,726 դրամով: 270 մլն դոլարանոց վարկի վավերացումից երկու-երեք տարի հետո հոսանքի վաճառքի գինն անհրաժեշտ կլինի ավելացնել 2,5 դրամով: Շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու դեպքում ԱԷԿ-ը կարտադրի առնվազն 25 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
Պարզ հաշվարկով` մինչև 2026 թվականը ԱԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիայի դիմաց կստանա մոտ 425-430 մլն դոլարին համարժեք գումար, որը կբավականացնի և՛ անխափան արտադրության, և՛ վերցրած վարկը մարելու համար:
Եթե չեմ սխալվում՝ սա միակ դեպքն է, երբ պարզ ու հստակ նկատելի է թե՛ վերցվող վարկի ծավալը, թե՛ այն վերադարձնելու հնարավորությունը: Այս անգամ իշխանություններն այնքան բարեհաճ են, որ նախապես հրապարակեցին ֆինանսատնտեսական այն քայլերը, որոնց հաշվին ապահովվելու է վարկի վերադարձելիությունը: Խոսքն առաջին հերթին` ատոմակայանի արտադրած հոսանքի 2,5 դրամանոց թանկացման մասին է: Նախկինում նման բան չի եղել:
Մենք երբեք նախապես չենք իմացել, թե, օրինակ, ինչպես Հայաստանը 300 մլն դոլարանոց պարտք կուտակեց մատակարարված գազի դիմաց: Թե ինչպես երկրի ամենամեծ ու, թվում էր, թե ֆինանսապես ամենաապահովված ձեռնարկություններից մեկը` ՀԷՑ-ը, հայտնվեց ֆինանսատնտեսական աղետալի վիճակում: ԱՊՀ անդամ բոլոր երկրների էներգետիկ ոլորտի կառավարիչները երբեք չեն թաքցրել իրենց հիացմունք-նախանձը, թե ինչպես Հայաստանին հաջողվեց հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, և հատկապես այն, որ Հայաստանում հաջողվեց մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց ամբողջական վճարում ապահովել:
Ա՛յ հենց ամբողջական վճարումների պատճառով էլ հասարակության համար հասկանալի չէ այն տարօրինակ իրավիճակը, որ ստեղծվել է այդ ոլորտում: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու գազ մատակարարող ընկերության համար սահմանին նվազելու է գինը, բայց նա չի նվազեցնելու մատակարարման գինն իր խոշոր սպառողների համար: Խոսքն առաջին հերթին` գործող ՋԷԿ-երի մասին է: Նրանց թանկուկրակ արտադրանքն է, որ երկրի տնտեսությանն ու բնակչությանը մշտապես պահում է էլեկտրաէներգիայի սակագնի աճի սպասում-տեռորի ահի տակ: Ռուսաստանյան մենեջմենթով կառավարվող գազամատակարար և ջերմային կայանների «անհասկանալի» հարաբերությունների պատճառով է, որ ոլորտը լրացուցիչ 270 մլն դոլարի վարկի կարիք ունեցավ:
Սա նույնիսկ կառավարող կուսակցության անդամ պատգամավորներն են հասկացել: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նրանք մի գլուխ նշում էին, որ վարկային պայմանագիրը վավերացնելուց առաջ լրացուցիչ բացատրություն են ուզելու: Նրանց համար էլ է անհասկանալի, թե ինչպես սահմանին կարող է էժանանալ մի ապրանք, որ ներքին շուկայում չի էժանանալու: Նշելը` նշում էին, բայց հո բոլորս էլ համոզված ենք, որ պայմանագիրը վավերացնելու են: Անկախ ամեն ինչից: