Երիտասարդներն աշխատանք են փնտրում աշխատանքի տոնավաճառում
Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանի դիմացի այգում աշխատանքի տոնավաճառ էր բացվել, որին մասնակցում էին 70-ից ավելի կազմակերպություններ: Առավոտյան ժամը 11-ին բազամաթիվ քաղաքացիներ էին եկել տոնավաճառ՝ աշխատանք գտնելու ակնկալիքով:
168.am-ի հետ զրույցում մի աղջիկ նշեց, որ թեև հույս չունի, որ կկարողանա աշխատանք գտնել այստեղ, բայց ամեն դեպքում եկել է փորձելու. «Հուսով եմ՝ մի հարմար բան կկարողանամ գտնել: Ուսանող եմ, հիմա շատ դժվար է ուսանողների համար աշխատանք գտնելը: Տեսնեմ՝ ինչ կստացվի, թեև առանձնապես հույս չունեմ»:
Մի երիտասարդ էլ ասաց, որ առաջարկվող շատ հարմար աշխատանքներ կան, բայց դժար է ասել, թե իրեն որ կազմակերպությունից կկանչեն: Նշենք, որ քաղաքացիներից շատերը մեզ հետ զրույցում նշում էին, որ իրենք կոնկրետ մի աշխատանքի համար չեն եկել՝ այլ «մի քանի տեղ թողնելու են իրենց ռեզյումերները, գուցե մի տեղից կանչեն»:
Այստեղ հիմնականում կարելի էր հանդիպել ուսանողների, բայց կային նաև 40-անց քաղաքացիներ:
Նշենք, որ տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից:
Մեզ հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ տոնավաճառն իրականացվում է 2007 թվականից, իսկ 2009 թվականից իրականացվում է պետական ծրագրով: Տոնավաճառի նպատակն է աշխատող-գործատու ուղիղ կապի հաստատումը:
«Ունենք 74 գործատու և մոտ 400 աշխատատեղ՝ տարբեր ոլորտներում՝ բանվորից սկսված մինչև գործարանի տնօրեն: Այս տարի դեռ չենք վերլուծել, բայց բավականին թափուր աշխատատեղեր ունենք IT ոլորտում, քանի որ գիտեք, որ այս ոլորտը շատ արագ է զարգանում: Մարդիկ գալիս են տարբեր աշխատանքների համար»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ սա շատ արդյունավետ միջոց է: Նա նկատեց, որ այս ձևաչափն ամբողջ աշխարհում է տարծաված:
Հարցին՝ հիմնականում ո՞ր տարիքային խմբերի համար է սա, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ գրեթե բոլոր:
Հայաստանում շատ ընդունված է ծանոթ-բարեկամին աշխատանքի ընդունելը, և նման ակցիաները, շատերի գնահատմամբ՝ հիմնականում ձևական բնույթ են կրում: Հարցին՝ ինչքանո՞վ եք համոզված որ այս միջոցառումը ձևական բնույթ չունի և մարդիկ, որոնք գալիս են աշխատանք գտնելու ակնկալիքով, գտնում են այդ աշխատանքը, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց, թե սա ձևական բնույթ չի կրում. «Գործատուները եկել են այստեղ, ուզում են փնտրել աշխատող»:
Հարցին էլ՝ հետագայում շա՞տ են հենց ձևաչափվ աշխատանքի ընդունվողները, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ շատ են:
Գործատուներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ առավոտից շատ մարդկանց դիմումներ են վերցրել, և կարծում են՝ կկարողնան իրենց անհրաժեշտ աշխատողներին գտնել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: