Բաժիններ՝

«Ո՞ւմ ենք ցանկանում խաբել, ի՞նչ ենք ցանկանում անել»

Ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի համար գազի սակագինը կզեղչվի, բայց հայ սպառողը գազի համար կվճարի նույն գինը, ինչ նախկինում։

«Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց։ Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդեռնիզացման աշխատանքներում»,- հայտարարել էր Միլլերը` ամփոփելով իր երևանյան այցի արդյունքները։

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայումս 189 դոլար է` 1000 խմ-ի դիմաց։ Հայաստանյան մասնագետների, սպառողների համար շարունակում են առեղծվածային մնալ Հայաստանում գազի գնագոյացման սկզբունքները։ Մեզ հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը փորձեց պարզաբանել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է հայտարարվում գազի գնի զեղչման մասին, եթե այն չի իջնում սպառողի համար։

Տնտեսագետը նախ` ընդգծեց, որ պետք է վերջ տալ խոսակցություններին այն մասին, թե գազի գինն իջնում է սահմանի վրա, որովհետև սպառողներին չի հետաքրքրում, թե Հայաստանի սահմանի վրա գազն ինչ գին ունի, քանի որ սպառողները վճարում են այնքան, որքան պաշտոնական սակագինն է` 156 դրամ` մեկ խորանարդ մետրի համար։ «Սահմանի վրա կիջնի՞, թե՞ չի իջնի, մեզ համար որևէ նշանակություն չունի։ Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որտեղ գազ արդյունահանողը, տեղափոխողը, մեր տուն հսացնողը, ծառայությունների ներքին ցանցի սպասարկողը մեկ ընկերություն է, որը կոչվում է «Գազպրոմ»։

Մնացած բոլոր բացատրությունները կամ հայտարարությունները, թե սահմանի վրա գազն իջնում է, մեզ համար երկրորդական նշանակություն են ձեռք բերում։ Այս ամենը ես ընկալում եմ` որպես միտումնավոր շփոթ, որպեսզի մենք սկսենք այլ ուղղությամբ մտածել, թե Ռուսաստանն ամենաէժան գազն է վաճառում Հայաստանին։ Բայց նորից եմ կրկնում, որ մեզ համար որևիցե նշանակություն չունի, թե սահմանի վրա գազն ինչ գին ունի»,- պարզաբանեց Վահագն Խաչատրյանը։

Անդրադառնալով ռուսաստանցի տնտեսագետների պնդումներին, թե հայաստանյան ներքին շուկայում գազի գնի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը` Վահագն Խաչատրյանն ասաց, որ ճիշտ են ասում ռուս մասնագետները, եթե ասում են, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, որովհետև, ի վերջո, գազի սակագինը սահմանվում է Հայաստանում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ` «Գազպրոմի» ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։ Սակայն, տնտեսագետի վստահեցմամբ, այդ փաստաթղթերի վերլուծությունից հետո հեշտությամբ կարելի է եզրահանգել, որ գազի գինն իջեցնելու մեծ հնարավորություն կա, ինչի մասին խոսեցին ԱԺ գազային հարցերով հանձնաժողովի անդամները, այդ թվում` ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Այսինքն` երբ խորը վերլուծության ենք ենթարկում հիմնավորումները, ըստ որոնց` սակագինը սահմանվում է այն գնի հիման վրա, ինչ այսօր մենք վճարում ենք, իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն` կան ծախսեր, որոնք կարելի է կրճատել։ Օրինակ` վերցնենք աշխատողների թիվը, որոնք, չգիտես` ինչու, վերջին երեք տարվա ընթացքում ավելացել են հազարով, միջին աշխատավարձ, որը հայաստանյան միջին աշխատավարձից, այդ թվում` նաև ոչ բյուջետային միջին աշխատավարձից, բարձր է` 229 հազար դրամ։ Այսինքն` ի՞նչ չափանիշներից ելնելով է դա ընդունվում` որպես հիմք, և ձևակերպվում` որպես ծախս։ Ես այլ ծախսեր ևս կարող եմ թվարկել, որոնց հիման վրա ապացուցվում է, որ գազի գինն իսկապես կարող է ցածր լինել սպառողներիս համար»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է տեղի ունեցածը որակվում` որպես արտոնություն Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համատեքստում` Խաչատրյանը պատասխանեց, որ չեղածը որպես իրականություն ներկայացնելու սովորույթը շարունակվում է, ինչպես տնտեսական աճի կամ ճգնաժամի վերաբերյալ խոսակցությունների դեպքում, երբ պնդում են, թե Հայաստանում ճգնաժամ չկա, ընդհակառակը` կա տնտեսական աճ։

«Իսկապես, միգուցե ԵՏՄ անդամակցությունը տալիս է նման արտոնություն։ Ռուսաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ համապատասխան դրույքաչափ արտահանողը չի կիրառում, բայց խոսքը չի գնում այնպիսի մի երկրի մասին, որտեղ «Գազպրոմը» չունի 100% սեփականություն, խոսքն այն երկրի մասին է, որտեղ «Գազպրոմն» ունի 100% սեփականություն, ամբողջ համակարգի սեփականություն` անկախ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունից։ Դա երկրորդական նշանակություն ունի։ Մեզ բոլորիս` մասնագետներիս, լրագրողներին, քաղաքացիներին ամենակարևորը, մեծ շփոթմունքի մեջ են գցում, իրականությունը ներկայացնելու փոխարեն` շեղում են ուշադրությունն այլ հարցերի վրա, որպեսզի հիմնական հարցադրումը չարվի, թե ինչո՞ւ ՀՀ-ում սահմանից գազը հասնելով սպառողին` թանկանում է շուրջ երկու անգամ»,- ասաց Վահագն Խաչատրյանը։

Վերջինս մեկ այլ հանգամանք ևս շեշտեց։ «Խոսում էին, թե Հայաստանի համար գազի գինը պետք է համապատասխանի Օրենբուրգի մարզի գազի գնին, բայց երբ այնտեղ գազի գինն ենք դիտարկում, այն 70-80 դոլար է։ Հիմա ի՞նչ սկզբունքով առաջնորդվենք։ Դրանից ելնելով են ռուս մասնագետներն ասում, որ սակագնի բարձր լինելու հանգամանքը պայմանավորված է Հայաստանի իշխանություններով կամ տեղի խնդիրներով։ Համոզված եմ, որ գազի նվազեցման համար համապատասխան ռեզերվներ կան։

Պարզապես ցանկություն կամ կամք չկա, կամ ինչ-ինչ այլ պայմանավորվածություններ կան, քանի որ վերջին 2-3 տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ ստվերային պայմանավորվածություններն ավելի կարևոր նշանակություն են ունեցել, քան հրապարակայինները։ Նկատի ունեմ այն 300 միլիոնի պարտքը, որը տարօրինակորեն գոյացել էր։ Երբ մենք դիտարկում ենք գործող փաստաթղթերը, պայմանագրերը, ապա զարմանում ենք, որ գինն այսքան է ու չի իջնում։ Առավել ևս, եթե մեկ այլ հանգամանք ևս հաշվի առնենք, որ նույն գազի սակագնի համաշխարհային կոնյունկտուրայում գազի նվազեցում է նկատվում, կհասկանանք, որ որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար։ Հայաստանում ի՞նչ է փոխվել. արտառոց պայմաններ չեն փոխվել, մեծ վթարներ չեն եղել, մեծ ներդրումներ չեն կատարվում»,- ասաց տնտեսագետը` շարունակելով, որ մեկ մեծ խնդիր կա, որի մասին չեն խոսում. սպառողների թիվն է կրճատվում։

Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ «Գազպրոմի» ներկայացուցիչները խոսում են, թե Հայաստանում պետք է հասնեն 100% գազիֆիկացիայի մակարդակի, երբ Հայաստանում գազ սպառողների թիվը պակասում է, ասում են, թե գազի սպառման ծավալները մեծացել են, այնինչ նման բան հնարավոր չէ։ «Ո՞ւմ ենք ցանկանում խաբել, ի՞նչ ենք ցանկանում անել։ Իրականությունն այն է, որ Հայաստանում գազ սպառողների թիվը քչանում է։ Միլլերին և մնացածին հարցադրում եմ անում` դիտարկեք, տեսեք, թե Հայաստանում` ամենագազիֆիկացված երկրում, աթար օգտագործողների թիվն ավելացե՞լ է, թե՞ ոչ։

Եթե ուզում եք Հայաստանում գազ սպառողների թիվն ավելանա, ապա պետք է Հայաստանում ապրողների թիվն ավելանա, նրանց եկամուտը` ևս։ Ցավոք սրտի, ապրողների թիվը պակասում է տարեկան մինչև 2 %, իսկ եկամուտները նվազում են, թեկուզ, եթե միայն տրանսֆերտների կրճատումը դիտարկենք։ Այսինքն` ինչքան մարդիկ շատ հեռանան Հայաստանից, այնքան գազի գինը կբարձրանա։ Այս տրամաբանությունն է աշխատում, որը հին սովետական տնտեսագիտությունն է, ծախսային տնտեսագիտությունն է, որտեղ արդյունավետություն չկա, որտեղ գինը որոշում են ոչ թե` սպառողի հնարավորություններից ելնելով, այլ` միայն իրենց։ Հայաստանում գազի գնագոյացումը շուկայական չէ սկզբից մինչև վերջ»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս