Պուտինից հետո հիմա էլ Մեդվեդևն է օգտագործում «ցեղասպանություն» բառը. թուրքական մամուլ

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հետո 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը «ցեղասպանություն» եզրույթով անվանել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նա հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում էլ օգտագործել է «ցեղասպանություն» բառեզրը և դատապարտել է հայերի զանգվածային սպանությունները:

Թերթը հիշեցնում է, որ սրանից առաջ Պուտինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էր հղել, որում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Թերթն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Պուտինն ապրիլի 24-ի կապակցությամբ մեկնել է Երևան, ուր, սակայն, զերծ է մնացել այդ բառը գործածելուց:

Թերթը հիշեցրել է նաև ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի Պետդումայի ընդունած հայտարարության մասին, ինչպես նաև Պուտինի խոսքերի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արձագանքի մասին, ով հայտարարել էր, որ վիրավորված է Պուտինից՝ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար:

Մեդվեդևի կողմից «ցեղասպանություն» բառի գործածմանը լայնորեն արձագանքել է թուրքական մամուլը՝ Anadolu, Cihan, Ihlas լրատվական գործակալությունները, Sabah, Radikal, Taraf թերթերը, NTV, TRT Haber հեռուստաալիքները, Son Dakika, Internet Haber լրատվական կայքերը, Dünya Bülteni լրատվական պորտալը և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս