«25 տարի դուք առանց նախապայմանների բան եք առաջարկում՝ ինչի՞ եք հասել». Պարույր Հայրիկյան
«Ես հաճելի անակնկալ ապրեցի այս օրերին, որ պետությունը նման լուրջ միջոցառմանը կարողացավ իրեն բավականին կազմակերպված և պատրաստված դրսևորել, ներկայանալ՝ որպես այսպիսի մեծ գործի պատրաստ կառույց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Միաժամանակ՝ Պ. Հայրիկյանը նշեց, որ այս բոլոր միջոցառումները մի փոքր «մթագնեցին», որովհետև դրանց նախորդեցին որոշ կալանավորումներ. «Բնական չէ՞, որ շատ ավելի լավ կլիներ, որ որևէ մեկը չկարողանար խոսել այս օրերին Հայաստանում քաղաքական կալանավորներ ունենալու ակնհայտ իրողության մասին: Բայց հուսով եմ և ինձնից եկածն էլ կանեմ, որ շատ արագ մենք ձերբազատվենք այդ բեռից»: Ըստ նրա՝ որևէ ազգ չէր կարողանա այսպիսի միջազգային ընդգրկման միջոցառումներին ներկայանալ՝ պետություն չունենալու պարագայում:
Նա կարծում է՝ Ցեղասպանության 100-ամյակին մենք՝ որպես ազգ, ներկայացանք պատշաճ մակարդակով: Բայց ԱԻՄ առաջնորդի համոզմամբ՝ ավելի կարևոր է խոսել բացթողումների մասին: Նա կարծում է, որ ամբողջ խորությամբ չմատուցվեց մեր ապրած ողբերգությունը. «Համեմատության համար կարելի է ասել, որ Օսմանյան Թուրքիայի տարածքում այնքան հայ է սպանվել, որքան հայ ապրում էր այն ժամանակ Իրաքի ներկայիս տարածքում, իսկ այնտեղ ապրում է 40 միլիոն մարդ: Շատ մակերեսային էր անդրադարձը: Մատուցելու շատ բան կար»: Պ. Հայրիկյանը կարծում է՝ քաղաքագիտական տեսակետից՝ անկատար պատկերացումների դրսևորում է՝ խոսել Ցեղասպանության մասին և չխոսել «Ցեղասպանությունն ամփոփած Ռուս-թուրքական պայմանագրի մասին»: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ Վ. Պուտինի այցելությունը Հայաստան մեղմեց այդ ցավի զգացողությունն ինչ-որ չափով, բայց «բոլոր գրագետ մարդիկ գիտեն, որ թուրքական ցեղասպանությունն իր նպատակին հասավ այն պատճառով, որ կնքվեց Մոսկվայի մարտի 16-ի պայմանագիրը»:
Նա նկատեց, որ Ցեղասպանության մասին խոսելիս՝ իշխանությունները շարունակում են քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունները և նշել, որ մենք առանց նախապայմանների մոտեցման կողմնակից ենք: «Մանավանդ, հանգամանքների բերումով բարձր պաշտոնների հասած որոշ մարդիկ հպարտանում են իրենց խելացի քաղաքականությամբ: Ա՛յ կիսագրագետիկներ, որևէ քաղաքականությամբ պետք է հպարտանալ, երբ դու ձեռքբերում ունես: 25 տարի դու առանց նախապայմանների բան ես առաջարկում՝ շարունակելով Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած ողորմելի կեցվածքը: Ինչի՞ ես հասել»,- ասաց նա: