
«Սևոլ» լաստանավի նավապետին դատապարտել են ցմահ ազատազրկման

Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի ապրիլի 16-ին խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավի նավապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նման որոշում կայացրել է Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը՝ Լի Չժուն Սոկին մեղավոր ճանաչելով 304 մարդու սպանության մեջ:
Դրանով իսկ չեղյալ է հայտարարվել դատարանի նախկին որոշումը, որով «Սևոլի» նավապետը դատապարտվել էր 36-ամյա ազատազրկման: 2014 թվականի նոյեմբերին Լի Չժուն Սոկին հաջողվեց խուսափել մահապատժի ենթարկվելուց, որը պնդում էր մեղադրում կողմը:
Այն ժամանակ նրան մեղավոր ճանաչեցին արտակարգ իրավիճակում ցուցաբերած անփութության մեջ, ինչը հանգեցրել էր մարդկանց զոհվելին, սակայն նա մեղավոր չէր ճանաչվել մարդկանց սպանության համար:
«Սևոլ» լաստանավի վրա գտնված 476 անձանցից, որոնց մեծ մասը եղել են դպրոցականներ, զոհվել է 304-ը: «Սևոլի» գործով ազատազրկման է դատապարտվել ավելի քան 50 մարդ: