«Ռուսաստան խոպան եմ գնում». Վիգեն Մնոյան
Հարցազրույց լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ
– Մի շրջան Վիգեն Մնոյան անունը բում էր՝ շնորհիվ հեռուստատեսային նախագծի, որտեղ Դուք ճանաչված մարդկանց էիք լուսանկարում: Վաղուց արդեն չկաք եթերում: Պասի՞վ շրջան է Ձեզ մոտ:
– Պատճառը շատ հասարակ է, պարզապես Մոսկվայում էի աշխատում 3 տարուց ավելի: Դա էր պատճառը, որ եթերում չեմ: Սակայն աշխատանքս նույն կերպ շարունակվում է թե՛ անհատական պատվերների, թե՛ նախագծերի շրջանակներում:
– Ի՞նչ նախագծերի մասին է խոսքը:
– Սոցիալական նախագծերի, որոնց մասին հեռուստատեսությամբ ավելի քիչ են խոսում և ցուցադրում: Եղել է նախագիծ պատերազմի թեմայով, որից հետո մարզերում ապրող երաժիշտ երեխաների մասին պատմող նախագիծ էի անում, որին հաջորդեց երկրաշարժի թեման:
– Հիմա ինչո՞վ եք զբաղված:
– Իմ լուսանկարչական աշխատանքով: Հնարավոր է՝ հեռուստատեսությամբ ևս մի նախագիծ իրականացնեմ, որովհետև TV-ում չլինելուս պատճառը, նորից եմ կրկնում, Ռուսաստանում լինելս էր: Հիմա արդեն վերադարձել եմ այստեղ՝ ընտանեկան խնդիրներից ելնելով:
– Ամուսնացե՞լ եք:
– Չէ, դեռ չեմ ամուսնացել:
– Նշեցիք ընտանեկան խնդիրները, դրանից ենթադրվում էր, թե ամուսնացել եք:
– Ծնողներիս հետ կապված: Ժամանակը գնում է, բոլորս էլ մեծանում ենք: Հիմա ավելի շատ Հայաստանում եմ լինում: Ռուսաստան խոպան եմ գնում-գալիս: Այսինքն՝ այնտեղի հետ ևս կապս չեմ կորցրել: Այնտեղ ինձ համար՝ որպես լուսանկարիչ, շատ հետաքրքիր էր, քանի որ աշխատում էի ռուս հայտնի՝ կինոյի և թատրոնի դերասանների հետ: Մոսկվայում երեք ցուցահանդես եմ ունեցել: Ի դեպ, հայկական բնապատկերների թեմայով ցուցահանդեսիս վաճառքի ժամանակ իմ լուսանկարներից 4-ը գնել է Յուրի Բաշմետը:
– Վիգեն, որևէ բան պարզվե՞լ է Ձեզ վրա հարձակում կատարած անձանց վերաբերյալ: (Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 20-ին Վիգեն Մնոյանին Ավան թաղամասում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել: Լուսանկարիչը պատմել էր, որ նշված վայր էր գնացել պատվիրատուին նկարահանելու նպատակով, սակայն հենց մուտքի մոտ տեղի է ունեցել դեպքը: Վիգեն Մնոյանի հետ եղել էր նրա աշակերտը, սակայն որևէ բան նկատել կամ ֆիքսել երկուսն էլ չեն կարողացել, քանի որ մութ է եղել):
– Բան չունեմ ավելացնելու այդ թեմայով, քանի որ, ցավոք սրտի, ոչինչ չպարզվեց: Քննությունը կասեցվել է: Եթե նոր հանգամանքներ բացահայտվեն՝ գործը կրկին կբացվի:
– Ուզում եք ասել, որ կատարվածի համար անձամբ ոչ մի պատճառաբանություն, կասկած մինչ օրս չունե՞ք:
– Ոչ մի պատճառ:
– Դուք հիմա անկե՞ղծ եք խոսում:
– Եթե որևէ բան պարզված լիներ՝ կամ դրանց բռնած կլինեին, կամ էլ ես այդ հարցն իմ ձևով կլուծեի: