
«Ուզում են մռնչալ, թող մռնչան». ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը՝ Սուսաննա Մարգարյանին

Երեկ «Հիմնադիր խորհրդարանի»՝ Էրեբունի թանգարանի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը դժգոհություն էր հայտնել, որ ազատամրտիկները, որոնք պայքարել են երկրի անկախության, տարածքների ազատագրման համար, հիմա իրենց կողքին չեն: Խոսելով հացադուլ անելու կոչով հանդես եկող ազատամարտիկների մասին, Ս. Մարգարյանը հայտարարել էր, որ հացադուլը վախկոտներն են անում, իսկ ազատմարտիկները պետք է առյուծների նման մռնչան:
Ս. Մարգարյանի այս ասածների վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանից, ով միայնակ հացադուլ է հայտարարել ՄԻՊ-ի գրասենյակի առջև: Ազատամարտիկը նախ նշեց, որ ինքը չի պայքարել երկրի անկախության համար, այլ պայքարել է մեր հողերը ազատագրելու համար. «Ուզում են մռնչալ, թող մռնչան, ի՞նչ ասեմ, իրենց կարծիքն է: Համենայնդեպս, ես իրենց կողքին կանգնած պայքարողներին կաջակցեմ ինչով կկարողանամ, իրենց չեմ խոչընդոտի: Յուրաքանչյուրն ինքն է իրավասու որոշելու՝ ինչպես ինքը կպայքարի, կարևորը պայքարեն այս իշխանությունների դեմ, մնացածն արդեն անձնական կարծիք է, կամ էլ ամբիցիաների տակ արված խոսքեր են երևի»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն այն, որ Ս. Մարգարյանը ասում է հացադուլը վախկոտներն են անում, դրանք ամբիցիաների տակ արված խոսքե՞ր են, ազատամրտիկն այսպես արձագանքեց. «Դուք կարծում եք՝ Սոս Սարգսյանը վախկո՞տ էր, Րաֆֆի Հովհաննիսյանը վախկո՞տ էր: Հացադուլը դա քաղաքակիրթ աշխարհում ընդունված պայքարի ձև է»: