«Կոչ ենք անում գերտերություններին՝ ազատվել երկակի ստանդարտներից». Արսեն Միխայլով
«Օրվա խորհուրդը բոլորիս համար պարզ է՝ մենք բոլորս հիշում ու պահանջում ենք ամբողջ աշխարհից և Թուրքիայից, որ ընդունի այս ոճրագործությունը: Ասորական համայնքը, համայն աշխարհի ասորական միությունը, եվրոպական տարբեր ասորական կազմակերպություններից այստեղ են, որ հարգանքի տուրք մատուցեն անմեղ զոհերի հիշատակին»,- այսօր Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը:
Նա նշեց, որ երբ մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ասորիների և հույների ցեղասպանությունը, դա ավելի ոգևորեց իրենց հայրենակիցներին աշխարհի տարբեր գաղթօջախներում և նրանք ավելի եռանդով են սկսել պայքարը. «Եթե տարբեր երկրներում աշխարհի գերտերությունները կանխել են վերջին տարիների ցեղասպանությունները, բայց ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ այսօր և տեսնում ենք, հիշում ենք Մոսուլի ու Սիրիայի դեպքերը, դրա համար կոչ ենք անում գերտերություններին, որ երկակի ստանդարտներից ազատվեն ու իրոք ուշադրություն դրաձնեն այս ոճրագործությանը: Տարբեր գաղթօջախներում հայերն ու ասորիները միասին սկսել են պահանջատիրության պրոցես և մենք միասին ավելի ուժեղ ու լսելի ենք»: