ԵՄ-ի առաջնորդները հաստատել են ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի միջոցները
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ մեծացրել են անլեգալ ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի բյուջեն:
Աֆրիկայից ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի համար նախատեսված «Տրիտոն» ծովային գործողության բյուջեն որոշվել է առնվազն կրկնապատկել: Ներկայումս այն կազմում է ամսական 2.9 միլիոն եվրո: Ընդ որում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել բյոջեի եռապատկմանը:
Գերմանիան ու Ֆրանսիան պարտավորվել են հատկացնել երկուական նավ՝ Միջերկրական ծովում պարեկություն կատարելու համար, ԵՄ-ի անդամ մյուս երկրները նույնպես պատրաստակամություն են հայտնել հատկացնել նավեր ու ուղղաթիռներ, որոնք կարող են օգտագործվել պարեկության համար:
Մեծ Բրիտանիան համաձայնվել է Միջերկրական ծով ուղարկել երեք նավ՝ ներառյալ թագավորական նավատորմի HMS Bulwark խոշոր դեսանտանավը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է. «Որպես ամենամեծ ռազմական բյուջեով եվրոպական երկիր մենք կարող ենք ունենալ իրական ներդրում»:
Քեմերոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան իր մոտ չի ընդունի փախստականներին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ՄԱԿ-ից հասնելու է բանաձևի ընդունմանը, որը կթույլատրի ոչնչացնել Եվրոպա ներգաղթյալների ապօրինի տեղափոխման ժամանակ գործածվող նավերը: