
Ապրիլի 24-ից հետո

Այսօր և վաղը տեղի են ունենալու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերջին՝ ամենամեծ միջոցառումները: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տասնյակ այլ երկրներում: Այսօր և վաղը վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության, աշխարհի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու հետաքրքրությունը հասնելու է գագաթնակետին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանն ինչ-որ իմաստով ինտեգրեց աշխարհին, դարձրեց միջազգային հանրության մաս, որից քաղաքականապես մեր երկիրը գնալով մեկուսանում ու հեռանում է: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա դա, իհարկե, չափազանց դրական ազդեցություն կունենա: Բայց… ապրիլի 24-ն անցնելու է, և Հայաստանը մնալու է բոլոր այն խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք, գուցե նաև օբյեկտիվորեն, երկրորդական պլան են մղվել Ցեղասպանության միջոցառումների լույսի ներքո:
Արդյո՞ք թեկուզև՝ Ցեղասպանության առիթով Հայաստանի վրա բևեռված միջազգային ուշադրությունը, «աշխարհի մաս» դառնալու հանգամանքը Հայաստանը կկարողանա օգտագործել՝ այդ մարտահրավերներին դիմակայելու, երկրի կենսական խնդիրները լուծելու և ժամանակակից աշխարհի ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար: