Ինչու է փոխոստիկանապետը շփոթում ժամային գոտիները. պարզաբանում է ՀՀ ոստիկանապետի խորհրդականը
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում մի քանի վրիպակ է թույլ տվել, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Նա՝ խոսելով Ցեղասպանության միջոցառումների օրակարգի մասին, առավոտյան ժամը 08:00-ի փոխարեն ասել է 20:00, իսկ որպես գիշերվա 01:00 նշել է «13:000»:
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցի քննարկումներին՝ «բացելով մի քանի փակագծեր», թե ինչու է գնդապետ Սամվել Հովհաննիսյանը նման վրիպակներ թույլ տվել:
«Իհարկե, ամենահեշտ տարբերակը միշտ էլ մակերեսային քննարկումներն են, սակայն քանի որ իմ հայացքը ներսից է կբացեմ մի քանի փակագծեր։ Կարծում եմ՝ անլուրջ է ենթադրել, որ երկու ԲՈւՀ ավարտած և սեփական գիտելիքներով ու փորձով ուղի անցած գնդապետը առ այսօր տեղյակ չէր ժամային գոտիներից։
Օբյեկտիվ պատճառն այն է, որ ՀՀ բոլոր ուժայինները և այս դեպքում մասնավորապես ոստիկանությունը վերջին ամիսներին, կապված ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների հետ, աշխատում են ուժերի գերլարումով։ Ոստիկանության դեպքում գերծանրաբեռնվածությունն այն աստիճան էր, որ հետաձգվեցին ապրիլի 16-ին ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները։
Ժամանակ չկա որևէ բան նշելու, բոլոր ոստիկանները ուժեղացված ռեժիմով ներգրավված են տարբեր ծառայություններում։
Եթե ուշադիր նայեք վերջին օրերին ձեր կողմից լայքերի արժանացած լուսանկարներին, որոնցում տարբեր մեգաաստղեր ու արտասահմանյան պաշտոնյաներ այցելություններ կամ ուղղակի աստղային քմահաճույքներ են իրականացնում մեր երկրում, դուք համարյա բոլոր լուսանկարների ու տեսանյութերի երկրորդ պլանում կտեսնեք գնդապետ Հովհաննիսյանին, ում ուսերին է մեր երկրի բարձրաստիճան հյուրերի դիմավորում, ուղեկցում, անվտանգության ապահովում և ճանապարհումը։ Գեղեցիկ լուսանկարների հետևում հսկայական թիմային աշխատանք կա թաքնված՝ անքուն գիշերներով։
Հովհաննիսյանի ծանրաբեռնվածությունը եթե ես ունենայի՝ ոչ թե մի զրո, այլ մի քանի զրո ավել կասեի։
Ասածս այն է, որ եկեք ինքներս մեզ բանասեր ու հռետոր չզգանք և ըմբռնումով մոտենանք նման հարցերին։ Ի վերջո, սա այն հարցն է, որտեղ բոլորս միակարծիք ենք…
Սամվել Հովհաննիսյանից պահանջեք ոչ թե Ցիցերոնի ճարտասանություն, այլ հասարակական կարգի պատշաճ ապահովում»: