Բաժիններ՝

Դպրոցներում զինվորների համար հիգիենիկ պարագաներ են հավաքում

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 181 հիմնական դպրոցում, ինչպես նաև մի շարք այլ դպրոցներում այս օրերին դպրոցականները՝ կամավոր, հիգիենիկ պարագաներ են հավաքում զինվորներին օգնություն ուղարկելու համար:

168.am-ի հետ զրույցում թիվ 181 դպրոցի ծնող Թամարա Կարապետյանը նշեց, որ թեև միջոցառումն իրականացվում է կամավորության սկզբունքով, և երեխաների հանդեպ ուսուցիչների կողմից ճնշումներ չեն լինում, այնուամենայնիվ, երեխաներն իրենց վատ չզգալու համար բոլորն էլ մասնակցում են. «Հիմնականում ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, գուլպաներ և նման բաներ են ցանկացել: Սա նոր բան չէ, մենք էլ ժամանակին նման բաներ ենք ուղարկել զինվորներին, ուղղակի այսօր սոցիալապես դժվար է ծնողի համար, ով դպրոցում երեք երեխա ունի, յուրաքանչյուրի համար այս նպատակով 1000-1500 դրամ տրամադրելը»:

Թամարա Կարապետյանը չէր պատրաստվում բարձրաձայնել խնդրի մասին, սակայն երբ հետաքրքրվել է՝ արդյոք հասցեակա՞ն է լինելու իրենց օգնությունը զինվորներին, որևէ հստակ պատասխան չի ստացել: Նրան չեն պատասխանել, թե որ զորամասեր են ուղարկելու կամ ինչպես են այդ պարագաները փոխանցելու զինվորներին, ինչն էլ սկսել է նրան անհանգստացնել:

«Եթե ես 4000 դրամ եմ հատկացնում, ուրեմն՝ նաև իրավունք ունեմ տեղեկացված լինելու՝ իմ աջակցությունը հասնելո՞ւ է զինվորներին, թե՞ շատ հնարավոր է՝ վերևներում արկղերը բացվեն: Ամեն դեպքում պետք է այդ ամենը հրապարակային դարձնել»,- ասաց Թամարա Կարապետյանը:

Թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն երեխաները, ովքեր հնարավորություն չունեն՝ կարող են չմասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այն կազմակերպվում է կամավորության սկզբունքով. «Սովորաբար նման միջոցառումներ դպրոցներն իրականացնում են, սակայն այս դեպքում մենք համագործակցում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանի հետ, քանի որ իրենք վերջերս գրքեր տարան Քաշաթաղ զինվորների համար և հիմա էլ պայմանավորվածություն կա հիգիենիայի պարագաներով օգնել սահմանին կանգնած մեր զինվորներին»:

Լ. Արեյանը նշեց, որ իրենք ուղիղ կապ չունեն զորամասի հետ և տեղյակ չեն՝ ինչպե՞ս է իրականացվելու այդ պարագաների փոխանցումը զինվորներին, սակայն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին այս հարցում վստահում են: Նրա խոսքով՝ այս միջոցառմանը միացել են համայնքի ևս մի շարք դպրոցներ:

Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս իրավիճակին՝ նշեց, որ այն պետք է անցկացվի բացարձակապես կամավորությամբ, և երեխաները չպետք է պարտադրված լինեն. «Եթե պարտադրված է, ուրեմն՝ արդեն գաղափարն արժեզրկված է: Ճիշտ է, երբ երեխաներն են նախաձեռնում նման միջոցառումներ և գտնում ավելի հետաքրքիր տարբերակներ՝ իրենց շնորհակալությունը զինվորին հայտնելու, ուրախացնելու, ինչո՞ւ ոչ՝ օգնելու համար: Երեխաներն ավելի լավ նախաձեռնություններով հանդես կգան, քան խոզանակ ուղարկելով»:

Ա. Բախշյանը նշեց, որ այդ նախաձեռնությունը թեև ողջունելի է, սակայն տարբերակները պետք է առաջարկեն աշակերտները, հնարավոր է՝ նրանք ցանկանում են գրքեր ուղարկել, բացիկներ, գրիչներ, կարող են լինել աշակերտներ, ովքեր կնախընտրեն նաև հիգիենիկ պարագաներ ուղարկել:

Մյուս կողմից, ըստ Ա. Բախշյանի՝ կարևոր է, որ նախաձեռնությունը լինի ոչ թե օգնության, այլ զինվորներին արժևորելու համար, քանի որ հոգեբանորեն երեխաների համար զինվորին օգնելը կարող է նաև թերարժեքության զգացում առաջացնել բանակի հանդեպ. «Դպրոցականները կարող են մտածել, որ զինվորը կարիքի մեջ է, նրան անպայման այս ձևով պետք է նեցուկ լինել, ինչը, իհարկե, սխալ է»:

Ա. Բախշյանը կարծում է, որ այս հարցում պետք է նաև տեղեկություն տրամադրվի՝ ինչ ուղղությամբ են ուղարկելու հավաքված պարագաները, և անպայման հետադարձ կապ լինի, որպեսզի երեխաները, նրանց ծնողները վստահ լինեն, որ իրենք իսկապես օգտակար են եղել զինվորներին:

Նշենք, որ այս օրերին նմանատիպ ևս մեկ ակցիա է իրականացվում, բայց այս անգամ՝ դպրոցներից դուրս, որը կրում է «Շնորհակալություն, հայ զինվոր» անվանումը: Ակցիային կարող են մասնակցել բոլոր կամավորները և նվիրել քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, զինվորին անհրաժեշտ այլ իրեր: Ստացված բոլոր իրերը կհավաքվեն և կուղղվեն սահմանամերձ որևէ զորամաս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս