«Տարբեր կառույցներ և անձեր անշահախնդիր ոչինչ չեն անում, ու դա ոչ միայն վերաբերում է Հռոմի պապին, այլ բոլորին». Հարություն Մեսրոբյան

«Մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք, որ այս տարվա ապրիլի 24-ից հետո ստեղծվում է սկզբունքորեն այլ իրավիճակ Ցեղասպանության հետ կապված, 100-ամյակն անցած կլինի, ինչ-որ մի նշաձող հայտարարած կլինի, բայց ի՞նչ անել հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չպետք է սկսվեր մի քանի ամիս առաջ, այլ այն պետք է սկսվեր առնվազն 2010 թվականից և գնար դեպի վեր՝ «թե՛ լարվածության իմաստով, թե՛ միջոցառումների տարեցտարի ավելի խտությամբ՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, իսկ գագաթը պետք է լիներ այս տարվա ապրիլի 24-ը, որից հետո պետք է սկսվեր նոր որակ, այլ մարտահրավերներ, այլ թիրախ»:

Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ն ամեն մի տարին պետք է ունենար որոշակի խորհրդանշական ուղղվածություն, որպեսզի դա լիներ «համակարգված, համալիր» ծրագիր: «Իսկ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ սկսվեց ինչ-որ շարժ մի քանի ամիս առաջ, ինչն անթույլատրելի է: Ունենալով քսանչորս տարի՝ մեր պետությունը սկսեց արտաքին աշխարհի համար որոշ չափով տեսանելի դառնալ մի քանի ամիս առաջ: Սա համար մեկ թերացումն է»,- ասաց բանախոսը:

Նա նկատեց, որ մենք «մեր քարոզչության մեջ շատ քիչ ենք անդրադառնում այն փաստին, որ 1919 թվականից մինչև 1921 թվականը 50-ից ավելի դատական գործեր են եղել՝ հենց Ցեղասպանության հետ կապված». «Ճիշտ է՝ այդ ժամանակ «ցեղասպանություն» եզրը չկար: Եթե չեմ սխալվում, այդ նույն Թուրքիայում եղել է 63 դատական գործ: Մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ դա չենք օգտագործում, սա բավականին ծանր հարված է»:

Կարդացեք նաև

Հ. Մեսրոբյանի խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանությունը Հայկական հարցի կիզակետային խնդիրներից մեկն է, և պետք չէ միայն մտածել, որ այն զուտ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է. «Եթե մենք հիշենք, թե ինչ վտանգավոր քայլ արեցինք՝ ֆուտբոլային դիվանագիտության հետ կապված… Ցավոտն այն էր, որ դրա մասին հայտարարվեց ապրիլի 22-ին՝ լույս 23-ի գիշերը, խորհրդանշական իմաստով՝ սա գոտկատեղից ներքև հարված էր, նման բան անել ուղղակի չէր կարելի»:

Ըստ Հ. Մեսրոբյանի՝ աշխարհում մարդու իրավունքներ, ազատություն, նման երևույթներ չկան. «Աշխարհում միշտ կան շահեր գեղեցիկ լոզունգների տակ, ու եթե իրենք օգտագործում են «ցեղասպանություն» եզրը, բնական է, որ իրենք շահեր ունեն»:

Նա նշեց, որ գործընթացը, որը սկսվելու է այս տարվա ապրիլի 25-ից հետո, իրավիճակն այլ է լինելու, և մենք պետք է շարժվենք առաջ՝ ծրագրավորված. «Պետք է լինի համառ, կուռ ծրագիր, որը կնպաստի հայության կոնսոլիդացիային»:

Հարցին, թե՝ որևէ շահ տեսնո՞ւմ եք Հռոմի պապի՝ Ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտնի ելույթում, Հ. Մեսրոբյանն այսպես պատասխանեց.

«Մենք պետք է հասկանանք, որ տարբեր կառույցներ և անձեր անշահախնդիր ոչինչ չեն անում, ու դա ոչ միայն վերաբերում է Հռոմի պապին, այլև բոլորին: Բնական է, որ եկեղեցին՝ որպես խղճի արտահայտություն, որոշ դեպքերում շատ դժվար կլիներ՝ անցներ նման տարելիցի կողքով: Եկեղեցին մի քիչ այլ կառույց է, ինքը չի կարող բացատրել, որ քաղաքականությունից ելնելով և այլ… բոլոր եկեղեցիները միշտ իրենց դրոշի վրա կրում են արդարություն, դրա համար այս հարցը դժվար հարց է: Հաճախ որոշումներ կայացվում են այն դեպքում, եթե այլ որոշումներն ավելի վատ հետևանքներ են ունենալու: Այսինքն՝ այստեղ որոշ չափով աշխատեց նաև բարոյականության գործոնը, որի ջատագովն է հենց եկեղեցին: Մենք պետք է գնահատենք, պետք է հասկանանք, որ պետք է և պարտավոր ենք օգտագործել դա»:

 

Տեսանյութեր

Լրահոս