Հռոմի պապին օգտագործում են որպես քաղաքական գործիք՝ Թուրքիային վատաբանելու համար. Ջեմիլ Չիչեք

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա հայտնի հայտարարության համար.

«Մի կողմից Վատիկանը պետական կազմավորում է, իսկ մյուս կողմից էլ Հռոմի պապն ունի կրոնական պարտականություններ: Սակայն կրոնական գործիչները պետք է նպաստեն հասարակությունում խաղաղությանը: Մինչդեռ նա ընտրել է մի կողմի դիրքորոշումը, ինչն անարդար է, դա խաղաղապահ մոտեցում չէ:

Պատմական փաստերի քաղաքականացումն անընդունելի է: Քանի դեռ մի կողմից մեղավորությունը չի ապացուցվել, քանի դեռ չկա դատարանի որոշում, անթույլատրելի է ժողովրդին ու հասարակությանը մեղադրելը: «Ցեղասպանություն» եզրույթը իրավական և ոչ թե քաղաքական հասկացություն է:

Մենք պատրաստ ենք կիսել բոլոր ժողովուրդների ցավը, սակայն անթույլատրելի ենք համարում այս իրավիճակը, երբ Հռոմի պապին օգտագործում են որպես քաղաքական գործիք՝ Թուրքիային վատաբանելու համար: Դա սխալ քայլ է, և այդ սխալի ընդունումը շատ կարևոր է: Աշխարհում աճում են ատելությունն ու ագրեսիան, և կրոնական գործիչները պետք է նպաստեն այդօրինակ բացասական երևույթների նվազմանը»:

Տեսանյութեր

Լրահոս