Արա Պապյանը սիրով կհանդիպի Քիմ Քարդաշյանի հետ, եթե նա ցանկանա իր գիրքն ընթերցելուց հետո

Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանին գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը նվիրեց Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն «Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson, full Report of the Committee Upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia: Washington, november 22 nd,1920», որտեղ տեղեկություններ կան Վահան Քարդաշյանի մասին: Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Վահան Քարդաշյանը եղել է Քիմ Քարդաշյանի պապը, սակայն գրքի հեղինակ Արա Պապյանը պնդում է՝ Վահան Քարդաշյանը Քիմ Քարդաշյանի պապը չէ:

168.am-ի հետ զրույցում գրքի հեղինակ, պատմաբան, իրավաբան և դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տեղեկացրեց, որ ինքը գիրքը նվիրելու նախորդ օրն է սոցիալական ցանցերից իմացել այդ նախաձեռնության մասին:

«Խոսքը մի գրքի մասին չէ, խոսքը 2 գրքերի մասին է: Մեկը Միացյալ նահանգների նախագահ Վուդրո Ուիլսոնի իրավարար վճիռն է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ, մյուսը կոչվում է «Հայրենատիրության, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքներ և հարակից հարցեր»: Առաջին գիրքը՝ «Վուդրո Ուիլսոնի իրավարար վճիռը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ», արդյունքն է այն աշխատանքի, որին մասնակցել է նաև Վահան Քարդաշյանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Պապյանը պատմեց, որ Վահան Քարդաշյանը հայտնի իրավաբան էր, որն 1916-ից ամբողջովին նվիրվել է Հայաստանի ու հայերի իրավունքների հարցին, ավարտել է Յելի համալսարանը, եղել է Նյու Յորքի Օսմանյան գլխավոր հյուպատոսության իրավաբանը, բայց երբ սկսվել են հայկական ջարդերը, հրաժարվել է այդ ամբողջից ու անցել է պայքարելու սեփական ժողովրդի իրավունքների համար:

«Այդ գրքի մեջ հոդվածներ կան Վահան Քարդաշյանի մասին, կոչվում է «Միայնակ խաչակիրը», որովհետև ժամանակակիցներն այդպես էին իրեն կոչում: Ինքը (խոսքը վերաբերվում է նաև 20-30-ական թվականներին) մինչև իր մահը միայնակ պայքարել է նվիրումով, ծախսելով իր ամբողջ ունեցվածքը, լինելով շատ հարուստ մարդ՝ աղքատության մեջ մահացել է: Իրենից ժառանգություն է մնացել այդ իրավարար վճիռը, որը նվիրեցին Քիմ Քարդաշյանին՝ այն առումով, որ ազգակիցը կամ ուղղակի անվանկիցը դեր է ունեցել այդ գործում»,- ասաց Ա.Պապյանը՝ տեղեկացնելով, որ այն լուրերը, թե Վ. Քարդաշյանը Քիմ Քարդաշյանի պապն է եղել, չեն համապատասխանում իրականությանը:

Նա նշեց, որ նրանք գուցե ազգական են, բայց Վ. Քարդաշյանը հաստատ Ք. Քարդաշյանի պապը չէ, որովհետև Քիմ Քարդաշյանենք Կարսի կողմերից են, իսկ Վահան Քարդաշյանը՝ Կեսարիայի. «Չի բացառվում, որ կարող է մի երկու երեք սերունդ առաջ այդ կեսարացիները գաղթած լինեն Կարսի կողմերից: Ի վերջո, Կեսարիայի հայությունը բնիկ հայություն չէ, գաղթած է ուրիշ տեղերից: Երևի ուզեցել են տեղյակ պահել, որ նրա ազգականը կամ անվանակիցը նման բան է արել, և միգուցե հուշեն Քիմ Քարդաշյանին, որ ուշադրություն հրավիրի ոչ միայն ցեղասպանության ճանաչման վրա, այլև Հայաստանի իրավուքների»:

Մենք Ա. Պապյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ հենց ինքը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպի՝ այդ գրքի հետ կապված ինչ-որ բաներ քննարկելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ չգիտի՝ ինչքանով Քիմը կխորանա այդ գրքի մեջ, ինչքանով կկարդա, մեջը շահագրգռվածություն կառաջանա՞ տարածելու Վահան Քարդաշյանի մտքերը. «Ի վերջո, Քիմ Քարդաշյանից չի սպասվում մասնագիտական վերլուծություն, նրանից սպասվում է ուշադրությունը բևեռել այդ գրքի մտքերի վրա: Եթե ինքը ուզենա հանդիպել և քննարկել այդ հարցերը և հետագա ինչ-որ ծրագրեր՝ կապված այդ գրքի հետ, ես սիրով կհանդիպեմ»:

Տեսանյութեր

Լրահոս