Լիկա Մեսրոպյանը՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին. «Մենք քրիստոնյա ենք, և լավ կանենք, որ ցույց տանք մեր քրիստոնյա լինելը»
Քիմ Քարդաշյանի Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը: Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ փաստորեն այնքան էլ «աստղ» չեն և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղի ամեն քայլափոխը հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին: Ծիծաղելի իրավիճակ է ստացվում. մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մի առանձնահատուկ հաճույքով «ուտում» եմ իրար: Տպավորություն է, թե նրանց պարզապես առիթ էր պետք իրար երեսի ցեխ լցնելու համար: Թե այդ օրերին ով ինչ գրառում կատաեղ սոցիալական ցանցում և ինչ պատասխան մեկնաբանություններ ստացավ, չգիտի միայն թերևս Քիմ Քարդաշյանը:
168.am-ը զրուցեց մեր շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչների հետ` Քիմի Հայաստան այցելության շուրջ առաջացած այս տեսակ իրարանցման շուրջ:
Քիմի համար տորթ պատրաստած Լիկա Մեսրոպյանն ասում է. «Ես ադեկվատ եմ նայում այս ամենին: Քիմը հայ է և ես ողջումում եմ նրա Հայաստան գալու որոշումը: Հիմա մի բան կասեմ, որի համար հաստատ ինձ էլ կքարկոծեն, բայց չգիտեմ՝ որտեղից, բայց լավ կլինի, որ մեր մեջ դեռևս մնացած այդ մուսուլմանական դրսևորումները մեր մեջից մի օր դուրս գան: Մենք քրիստոնյա ենք, և լավ կանենք, որ ցույց տանք մեր քրիստոնյա լինելը, պարզությունը, մաքրությունը: Եկեք հիշենք Մարիա Մագդալենային, երբ նրան քարկոծում էին, ի՞նչ ասաց Քրիստոս: Հիմա միգուցե բառացիորեն ճիշտ չարտահայտեմ, բայց իմաստը հետևայալն էր. «Թող առաջինը քար նետի նա, ով ամբողջովին անմեղ է»: Հուսամ՝ ինձ ճիշտ կհասկանան: Եկեք չքննադատենք ոչ ոքի: Իսկ Քիմին ես ողջումում եմ: