Բաժիններ՝

Գինի արտահանողների խնդիրները չեն լուծվում

Շուրջ 2 ամիս առաջ Հայաստանի գինեգործներն ահազանգել էին, որ ֆինանսական շուկայում ճգնաժամի պատճառով գրեթե դադարեցվել են արտահանումները Ռուսաստան, որը հիմնական շուկան է: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել էր, որ այս ֆորսմաժորային իրավիճակում խիստ անհրաժեշտ է կառավարության միջամտությունը ու առաջարկել էր խնդրի լուծման ուղիներ: 168.am-ը միության նախագահից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ կան և ի՞նչ է կատարվել:

«Ոչինչ չի արվում խնդիրները լուծելու համար, թեև կառավարությանը ոչ պաշտոնապես, բոլոր խողովակներով տեղյակ ենք պահել խնդրին»,- ասաց Ա.Հարությունյանը:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում կառավարության անտարբերությունը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ անտարբերության խնդիր չի, կոնցեպտի ու փիլիսոփայության խնդիր է. «Այն, ինչ մենք առաջարկում ենք, չի տեղավորվում իրենց ծրագրերի մեջ: Իրենք ծրագրում են դրամը կայունացնել ու դրա հիմնական գործիքը դրամի դեֆիցիտի մեջ են դիտում, այսինքն՝ վարկերի անհասանելիություն, տոկոսադրույքների բարձր լինելու, բայց դրա հետևանքով բիզնեսը կործանվում է: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ երկու խնդիր է հարկավոր լուծել՝ ընթացիկ վարկերի և մթերումների: Աշնանը մթերումերի համար դեկտեմբերին մատակարարներին անհրաժեշտ կլինի վարկ, որի տոկոսները կկարողանանք վարճարել 2016թ., իսկ մայր գումարը՝ 2017-ին: Ընթացիկ վարկերի խնդրով առաջարկել ենք վարկերի դասակարգման ու ժամկետանցի մեխանիզմները փոխել: Չի կարելի հիմա նույն «երջանիկ» ռեժիմով աշխատել: Այն ժամանակ մի մեխանիզմ էր, հիմա պետք է այլ մեխանիզմ լինի»:

Ա.Հարությունյանը նշեց, որ մասնավոր բանկերից ևս արձգանք չկա: Նրա խոսքով՝ որևէ մի դրական ազդակ չի ստացվել, որ իրավիճակը կփոխվի, կան խոստումներ, թե լավ կլինի, բայց դա ինչքանով կիրականանա, հայտնի չէ:

Ըստ նրա՝ շուկայում նույնպես փոփոխություն չկա. «Ռուսական ռուբլին 2 օր է՝ կայուն է, մի փոքր դրական տեղեկություն եկավ, թե լավանում է վիճակը, բայց մեր արտահանումը 30-40 % նվազել է, ներքին շրջանառությունը ալկոհոլի շուկայում 40% ընկել է, իսկ խնդրի լուծումն էլ չի երևում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս