Բաժիններ՝

Գինու թանկ սեգմենտը դուրս է եկել շուկայից

Անցած տարի գինեգործությունը զգալի աճ է արձանագրել արտահանման ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով` գինու արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե կրկնակի և կազմել 2.12 մլն լիտր: Գինեգործության զարգացման ու ոլորտի խնդիրների շուրջ է մեր զրույցը Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, գինու արտահանման այս աճն ինչո՞վ է պայմանավորված:

– Սա արդյունք է մեր աշխատանքի` առանց համեստության: Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում կոնյակը ծախում էին, իսկ գինու վրա ուշադրություն չէին դարձնում, մատների արանքով էին նայում, բայց 2008-09 թթ. ճգնաժամը ստիպեց, որ գինու վրա ուշադրություն դարձնեն, նայեն` որպես դիվերսիֆիկացման այլընտրանքային միջոց, և սկսեցին մտածել, քայլեր ձեռնարկեցին: Դրան նախորդեց վրացական գինու նկատմամբ էմբարգոն: Մի խոսքով, մենք նախապատրաստեցինք և ակնկալում էինք ավելին, բայց սպասվածից քիչ է եղել:

– Ի՞նչն է պատճառը, որ նախատեսվածից քիչ աճ է եղել:

Կարդացեք նաև

– Դրա պատճառն անցած տարի նոյեմբերի 5-10-ից ռուսական շուկայում սկսված կատակլիզմներն են: Արտահանումները դադարեցվել են նոյեմբերի 15-20-ից, և պատճառը դոլար-ռուբլի փոխարժեքի ճգնաժամն է: Եթե դա չլիներ, մենք այժմ առնվազն 30% ավելի կունենայինք: Աճի 70%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային, իսկ մնացածը հավասարաչափ բաշխվում է այլ շուկաների մեջ:

– Իրավիճակի փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Ոչ, վերականգնման նշաններ չկան: Այստեղ ուղղակի փորձում են նոր պայմանագրերը ռուբլով կնքել: Գինու թանկ սեգմենտը դուրս է եկել շուկայից: Եթե առաջ վաճառում էինք թանկ գինիներ` 4 դոլարից սկսած, հիմա դրա մասին մոռացել ենք արդեն: Երբ առաջ 4 դոլարով վաճառում էինք գինի, դա ռուսական շուկայում, վրադիր ծախսերից հետո, հայտնվում էր 300 ռուբլու սեգմենտում՝ այդ ժամանակ մոտ 10 դոլար: Հիմա 10 դոլարը հավասար է 700 ռուբլու, իսկ այդ գնով ոչ մեկը հայկական գինի չի գնի: Նույնիսկ 600-500 ռուբլի էլ չեն տա:

Այսինքն, ռուսական շուկան գնում է դեպի վերակառուցում: Իրենք հրաժարվում են թանկ սեգմենտից, 1000 դրամից ավելի գինու մասին մոռացեք, դա այլևս երազանք է ռուսական շուկայում, դրա վաճառքը 10 անգամ ընկել է: Հայկական գինիները գտնվում են 400-600 ռուբլու սահմաններում և այդ նիշային 1500 ռուբլուց իջել են նաև եվրոպական լավագույն գինիները, նաև վրացական գինիների մի մասը, ու մրցակցությունը կտրուկ աճել է:

Հայկական գինիները հիմա մղվում են 300-400 ռուբլու ինտերվալ, իսկ այստեղ էլ սկսվել է մեկ այլ վատ բան` բուն ռուսական արտադրողները սկսել են 50-100 ռուբլի արժողությամբ էժան գինիով ողողել ռուսական շուկան: Չափազանց վատ, ծանր դրություն է հիմա մեզ համար:

Դրա համար նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները գործնականում կամ լավագույն դեպքում 80%-ով նվազել են: Եվ հիմա մենք սպասում ենք 2 խնդրի կարգավորման` փոխարժեքը կայունանա, ու ռուբլին արժևորվի, և, որ ռուսական շուկայի սպառողը հարմարվի բարձր գներին: Հիմա իր ուղեղի մեջ չի տեղավորվում, որ հայկական գինին կարող է արժենալ այդքան: Հոգեբանորեն համակերպվելու համար կպահանջվի 5-7 ամիս, որ 60-70% ավելի պետք է վաճարի, քան մինչև ճգնաժամը: Բայց այդ դեպքում էլ նա կարող է նույն գնով գնել ֆրանսիական գինիներ: Իսկապես ցավալի իրավիճակի մեջ ենք: Մեր արտադրողները պետք է համակերպվեն, որ գինը չեն կարող բարձրացնել, և պետք է համակերպվեն, որ ցածր գնի պայմաններում պետք է որակը կտրուկ բարձրացնեն: Իսկ ցանկացած որակի բարձրացում 1 մակարդակ պահանջում է լրացուցիչ 1.5 մակարդակի ֆինանսական ռեսուրսներ:

– Ի՞նչ լուծում եք տեսնում: Հնարավո՞ր է այլ շուկաներում ակտիվանալ ու դրանով մեղմել վիճակը:

– Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին, դա պարզ է: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց տոկոսն են ուզում` ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն:

– Արդեն դիմե՞լ եք կառավարությանը:

– Պետք է դիմենք, բայց այս հարցազրույցի միջոցով էլ ենք դիմում: Այս ֆորսմաժորային իրավիճակում ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից և ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո և դասակարգվի 2-րդ ամսից հետո: Դա` մեկ: Երկրորդ` մենք հասկանում ենք, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ մենք ֆինանսական ռեսուրսներ չենք ունենալու նոր բերքը մթերելու համար ու նաև պարզապես տարաներ չենք ունենալու:

Այսինքն, չեն դատարկվի տարաները: Այս մասով կառավարությունից ակնկալում ենք` առաջին` մոտ 75-100 մլն դոլարի մասին է խոսքը, որ այդ գումարը նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին կուտակած լինի, կամ միջազգային դոնոր կազմակերպությունների կամ ՀԲ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերած լինի, որպեսզի մեզ տրամադրվեն վարկային ռեսուրսներ, որ մենք կարողանանք մինչև դեկտեմբերի 31-ը գյուղացիներին վճարել բերքի դիմաց: Այս դեպքում այդ գումարի տոկոսադրույքն այնքան էլ կարևոր չի, ինչքան կարևոր է ժամկետը, որ սպասարկել սկսենք 2017-ից: Այսինքն` 2016-ին փորձենք լուծել 2015-ի առաջացրած խնդիրները և միայն 2017-ին սկսենք սպասարկել 2015-ի վարկը:

Եթե իրավիճակը չուղղվի առաջիկայում, նաև ակնկալում ենք, որ ռուսական կառավարության հետ ՀՀ կառավարությունը պետական մակարդակով լուծի ապրանքափոխանակության խնդիրը: Այսինքն` ապրանքներ կան, որ ՀՀ-ն, այսպես թե այնպես, գնում է ՌԴ-ից` ցորեն, գազ, նավթ, զենք, ալյուր, յուղ և այլն: Այսինքն` ստեղծվի այն մարմինը, որ գործում էր 90-ականների սկզբին Թուրքմենիայի հետ հարաբերություններում` օպերատիվ կառավարման շտաբ, որը կփորձի կառավարական մակարդակով լուծել ապրանքափոխանակումների հարցը և ներսում վերաբաշխի այն: Եվ այդ դեպքում մենք կարող ենք շարունակել մատակարարումները, իսկ փողի դիմաց ապրանք բերենք ու գոնե 20 %-ով մեղմենք ապրանքներ ձեռք բերելու դիֆիցիտն այստեղ:

Սեփականատերերը դեռ կդիմակայեն այս ֆորսմաժորային վիճակին, մեր ընտանիքները դեռ ռեսուրսներ ունեն, իսկ բանվորներն ու գյուղացիներն այդ ռեսուրսը չունեն ու շատ վատ վիճակում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս