Հայաստանը պետք է օգնի ԵՄ-ին կողմնորոշվելու հարցում. եվրոպացի վերլուծաբան

«ԵՄ-ն շարունակում է դասեր քաղել ուկրաինական ճգնաժամից և «Արևելյան գործընկերություն» ծրագրի գոտում ստեղծված իրավիճակից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտը` անդրադառնալով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրում Հայաստանի նոր դերակատարությանը ԵՏՄ անդամակցությունից հետո:

Նա նշեց, որ, ցավոք, ՀՀ ԵՏՄ անդամակցության որոշումը և Ասոցացման համաձայնագրից հրաժարումը Հայաստանին տեղափոխեցին ԱլԳ ծրագրի երկրորդ խումբ, որում Ասոցացման համաձայնագիր չստորագրած երկրներն են, ինչպես Ադրբեջանն ու Բելառուսը: Բնականաբար, ըստ նրա, առաջին խմբում արդեն ասոցիացված երկրներն են` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդավան: Սյուզան Ստյուարտի խոսքով` ԵՄ-ն դեռ չի «վերականգնվել» ուկրաինական ճգնաժամից հետո և փորձում է վերանայել Հարևանության ծրագիրը: Իսկ այդ հարցում, գերմանաբնակ փորձագետի համոզմամբ, ԵՄ-ին անհրաժեշտ է իր արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի օգնությունը, քանի դեռ ԵՄ-ն չի կարողանում կողմնորոշվել:

«Հայաստանը պետք է հստակորեն ներկայացնի իր հավակնություններն ու այն գործիքները, որոնց միջոցով կարող է առանց խոչընդոտների հարաբերվել Եվրոպական միության հետ՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, քանի որ ԱլԳ վերանայման գործընթացը միգուցե երկար ժամանակ խլի Եվրոպական միությունից»,- ասաց Սյուզան Ստյուարտը: Նա նաև ասաց, որ ԵՄ-ն մասամբ է դասեր քաղել ուկրաինական ճգնաժամից, ներկայում ևս գտնվում է այդ գործընթացում, որի հետևանքով ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը դանդաղում է: Նրա համոզմամբ` անվտանգության ոլորտում ևս ԵՄ-ն ներկայում չի կարող աջակցություն ցուցաբերել ԱլԳ երկրներին, քանի որ ՆԱՏՕ-ն ևս առաջիկայում զգուշանալու է ազատորեն անվտանգության երաշխիքներ «բաժանելու» հարցում: Սյուզան Ստյուարտի կարծիքով` Հայաստանն այլ տարբերակներ ունի անվտանգության այլընտրանքային աղբյուրներ գտնելու հարցում:

Սյուզան Ստյուարտի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս