Ավերված Դոնբասն իսկապես կարող է անհրաժեշտ չլինել ո´չ Ուկրաինային, ո´չ էլ Ռուսաստանին. Süddeutsche Zeitung
Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ` Դոնբասն իսկապես կարող է անհրաժեշտ չլինել ո´չ Ուկրաինայի, ո´չ էլ Ռուսաստանի համար: Ճշմարտանման է հնչում պատմությունն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իբրև թե, առաջարկել է իրեն «վերցնել» Դոնբասը:
Եթե անգամ դա հնարել են ռուս քարոզիչները, ապա միևնույն է` հիմքեր կան կարծելու համար, որ ավերված ու վնասաբեր տարածքից կհրաժարվեն թե´ Ուկրաինան, թե´ Ռուսաստանը` թողնելով այն առանց հեռանկարի: Տնտեսական տեսանկյունից հասկանալի է երկու կողմի դիրքորոշումներն էլ:
Ուկրաինայի արևելքում պատերազմի հետևանքով արդեն իսկ զոհվել է 6000 մարդ, ևս 14.000 մարդ վիրավորվել է, իսկ միլիոնավոր մարդիկ էլ հարկադրված են եղել փախչել: Ռուսամետ անջատողականների առաջնորդները հայտարարում են Մարիուպոլն ու Խարկովը զավթելու մտադրությունների մասին:
Սակայն Դոնբասը գնալով ավելի մեծ բեռ է դառնում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ` Ռուսաստանի համար: Դեռ պատերազմից առաջ Դոնբասում բնակչության թիվը կրճատվել է կրկնակի ավելի արագ, քան` Ուկրաինայի մյուս շրջաններում:
Դրան զուգահեռ տեղի է ունեցել աստիճանական ապաինդուստրացում` չնայած նրան, որ 2014 թվականին ուկրաինական ածխի 35 տոկոսը ստացվել է հենց Դոնբասից:
Պատերազմի պատճառով Դոնբասում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 60 տոկոսով, տասնյակ հազարավոր փոքր ձեռնարկություններ սնանկացել են, իսկ քիմիական բոլոր գործարանների աշխատանքները դադարեցվել են:
Ո՞վ կցանկանա վերականգնել այդ ամենը. ռուսաստանցիները՞, որոնք Ղրիմի հետ միասին ստացել են ծանր բեռ և բախվել են տնտեսական լուրջ անկման, թե՞ Ուկրաինան, որը մշտապես գտնվում է սնանկության շեմին: