
Պորոշենկոն Պուտինին առաջարկել է Դոնբասը ներառել Ռուսաստանի կազմում. Forbes

Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստտանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավար բյուրոյի հետ դռնփակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է Դոնբասը ներառել Ռուսաստանի կազմում:
Այս մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը: Պորոշենկոն այդ առաջարկն արել է փետրվարի 11-12-ին՝ բանակցությունների ընթացքում: Աղբյուրի խոսքերով՝ Պուտինը պատմել է. «Նա (Պորոշենկոն) ինձ ուղիղ ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Իսկ ես նրան պատասխանեցի. «Ի՞նչ եք խոսում: Ինձ պետք չէ Դոնբասը»: Եթե ձեզ էլ պետք չէ, ապա հայտարարեք նրա անկախության մասին»»:
Հանդիպման ևս մեկ մասնակից հաստատել է տվյալ տեղեկատվությունը. «Պորոշենկոն առաջարկել է վերցնել Դոնբասը ֆինանսական ապահովման համար: Իսկ Պուտինն ասել է, որ այդ մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, եթե Դոնբասը մտնի Ռուսաստանի կազմում: Դոնբասը դեռ Ուկրաինայի մասն է, և բոլոր վճարումները պետք է անի ուկրաինական կողմը»: