Հայկոն Մանկավարժական համալսարանում կատարեց Արմեն Աշոտյանի երգը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք և աղջիկներ են աշխատում այնտեղ: «Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել բոլոր ուսուցիչ, մանկավարժ և դասախոս հայ կանանց`շնորհակալություն հայտնելով իրենց անբասիր աշխատանքի և ավանդի համար: Հատուկ շնորհավորում եմ նաև հայ ուսանողուհիներին, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են մեր ոլորտը, այլ տալիս են փայլուն սովորելու օրինակներ: Մաղթում եմ, որ անպակաս լինի ձեր գեղեցկությունը, երջակությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում, որ մոտակա տարիներին ձեզ շնորհավորենք ոչ միայն գեղեցկության, այլ նաև մայրության բաղադրիչով; Մենք սովորաբար մեծարում և շնորհակալություն ենք հայտնում հայ ուսուցիչներին` նկատի ունենալով դպրոցներում աշխատող մեր կին մասնագետներին: Այսօր նման ձևաչափով առաջին անգամ ենք մեծարում մասնագիտական կրթության ոլորտում աշխատող կանանց, որոնց տրված պարգևները գուցե նաև մի քիչ ուշացած են: Մեր սերը և հարգանքը թող ուղեկցի ձեզ ողջ կյանքում»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը` ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում աշխատող բոլոր կին դասախոսներին` նրանց ընտանիքներին մաղթելով ամենայն բարիք և աշխատանքային հաջողություններ:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի» են արժանացել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Սուսաննա Թումանյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Լարիսա Ավետիսյանը: Մի խումբ դասախոսներ պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը երաժշտական անակնկալ-նվեր էր պատրաստել հայ կանանց համար` նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացիր» ստեղծագործությունը, որը կատարել է երգիչ Հայկոն:

Տեսանյութեր

Լրահոս