Ծիծաղելի է
«Անհասկանալի ու անընդունելի է այսօրվա իրավիճակում գազի թանկացման մասին հարց բարձրացնելը: Հիմա պետք է խոսվի հակառակի` գազի գնի նվազեցման մասին: Որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար: Ինչ ուզում են` ասեն, ինչպես ուզում են` մեկնաբանեն, հատկապես` իշխանության ներկայացուցիչները, բայց որևէ տնտեսական հիմնավորում չկա, որ այսօր գազի գինը պետք է ՀՀ քաղաքացիների համար բարձրացվի,- 168.am-ին ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,- Հակառակը` այն պետք է իջեցվի, և դրա համար կան բոլոր պայմանները: Նման խոսակցություններ են սկսում շրջանառել, հետո ասում են, թե ամեն ինչ արեցին, որ գազի գինը չբարձրանա, ու պետք է ուրախանալ: Ոչ, գազի գինը պետք է իջնի, և «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը, որ մեծ գովասանքի էր արժանանում ՀՀ իշխանությունների կողմից, իբր գազի գնի բարձրացում չի լինի, պարզվեց, այսօրվա պայմաններում ծիծաղելի է դառնում»:
Ըստ նրա՝ համաշխարհային շուկայում գազի գինը կտրուկ նվազել է, այսօր ՌԴ-ն Ուկրաինային առաջին եռամսյակի համար գազ պետք է վաճառի 1000 խմ-ն` ընդամենը 225-245 դոլարով, երբ ուղիղ 1 տարի առաջ 400 դոլար էր, նվազել է նաև Եվրոպա առաքվող գազի գինը` դառնալով 245-250 դոլար։ «ՀՀ-ում այսօր որևէ առիթ չկա, որպեսզի գազի գինը բարձրանա, այլ պետք է խոսենք միայն գազի գնի իջեցման մասին: Եվ մամուլի միջոցով նման տրամադրություններ տարածելը ծիծաղ է առաջացնում»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: