Բաժիններ՝

Կինը մեղավոր է ճանաչվել նախկին ամուսնու մորը և որդուն ծեծելու մեջ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել որդուն և նախկին ամուսնու մորը ծեծելու մեջ և տուգանվել 70 հազար դրամով:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երեխաներին տեսակցելու ժամանակ վիճաբանել է նախկին ամուսնու մոր հետ, ծեծել նրան` ոտքով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ազդրին, պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` արյունազեղումների ձևով, վնասվածքներ:

Ըստ դատարանի վճռի՝ կինն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնալուծվել է, երեխաները եղել են ամուսնու մոր խնամքի տակ, ինքը երբեմն այցելել է նրանց: Դեպքի օրը գնացել է կրտսեր որդուն ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու: Տանը վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ նախկին ամուսնու մայրը քաշել է իր մազերից, իսկ ավագ որդին բռունցքով հարվածել է մեջքին: Այդ ամենից բարկացել է և մեկ անգամ ապտակել որդուն: Պնդել է, որ որդուն ու նախկին ամուսնու մորը չի ծեծել, հնարավոր է՝ անզգուշությամբ ոտքը կպել է նրանց:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքն այն մասին, որ որդուն և նախկին ամուսնու մորը չի ծեծել, արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

Տուժող ճանաչված ամբաստանյալի նախկին ամուսնու մայրը ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը կրտսեր որդու ծննդյան օրը եկել է տուն: Վերջինս վիճաբանել է իր և երեխաների հետ, որի ընթացքում ոտքով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին և պատճառել ցավ, այնուհետև ապտակել է որդուն և ոտքով երկու անգամ հարվածել նրան:

Տուժող երեխան ցուցմունք է տվել, որ մայրը հերթական անգամ եկել է տեսակցության: Տանը վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում մայրը ոտքով երկու անգամ հարվածել է տատի ձախ ոտքին, այնուհետև ապտակել և ոտքով երկու անգամ հարվածել է իրեն:

Նշենք, որ դատարանի վճիռը հրապարակումից մեկ ամիս անց կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս