
ՌԴ 640 քաղաքներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտ 2000 միջոցառումներ. Արա Աբրահամյան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսատանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտ 2000 միջոցառումներ անցնելու են 640 ռուսական քաղաքներում:
Աբրահամյանն ընդգծել է, որ այդ քաղաքներից յուրաքանչյուրում կանցկացվի 3-5 միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Միայն Մոսկվայում անցկացվելու է ավելի քան 30 միջոցառում՝ նվիրված այդ ողբերգական իրադարձություններին, որոնց թվում նաև՝ «կլոր սեղաններ» ու ֆոտոցուցահանդեսներ: 640 քաղաքում ավելի քան 2000 միջոցառում: Դա ցույց է տալիս, որ այդ ցավը մեզ հետ կիսում է ռուս ժողովուրդը»:
Աբրահամյանն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հստակ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության հանդեպ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին ժամանելու է Հայաստան և մասնակցելու է հիշատակի միջոցառումներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Պետդուման պատրաստվում է ապրիլին ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: