«Մարդկանց 66%-ը կարծում է՝ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների կարիք կա, իսկ 55%-ը կարծում է՝ դա հնարավոր չէ». «Գելլափ Ինթերնեյշնլ»

Ըստ  «Գելլափ Ինթերնեյշնլի» հարցման արդյունքների՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների առճակատման մասին տեղյակ է մարդկանց  87%-ը: Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից՝ մարտի 2-14-ը կատարած հետազոտության արդյունքները, որի մեջ ներառել են նաև հարցեր  ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության վերաբերյալ: Հարցման մեթոդը եղել է հեռախոսային, իսկ հարցումներին մասնակցել է 1500 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի կոշտ գնահատականներից հետո, որն ուղղված էր ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, որից հետո վերջինս  հայտարարեց իր՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Հարցին՝  ըստ Ձեզ՝ դա ի՞նչ էր, հարցման մասնակիցների 27%-ը դժվարացել  է պատասխանել, 10%-ը նշել է, որ սա արտաքին ուժերի կողմի պլանավորված սցենար էր, 22%-ը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը գիտակցեց ստեղծված արտաքին և ներքին մարտահրավերները և ճիշտ որոշում կայացրեց, 23%-ը նշել է, որ սա Ծառուկյան-Սարգսյան նախապես պլանավորված սցենար էր՝ ժողովրդի ուշադրությունն այլ խնդիրներից շեղելու համար, և 24%-ն է միայն նշել, որ Սերժ Սարգսյանը ճնշեց Գագիկ Ծառուկյանին:

Հարցին՝ ՀՀ-ում կա՞ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարիք, հարցման մասնակիցների 40%-ը պատասխանել է՝ «Միանշանակ՝ այո», 26%-ը նշել է՝ «Ավելի շուտ՝ այո»: «Սա սպասելի պատկեր է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը և այն, որ մեկ տարուց մենք արդեն ունենալու ենք նոր ընտրություններ»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Հարցին՝ հնարավո՞ր եք համարում ՀՀ-ում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, մարդկանց 10%-ը նշել է, որ միանշանակ հնարավոր է, ավելի շուտ հնարավոր է՝ 19%,  ավելի շուտ հնարավոր չէ՝ 23%, միանշանակ հնարավոր չէ՝ 32%: Այսինքն՝ 55 %-ը կարծում է՝ արտահերթ ընտրություններ մեզ մոտ հնարավոր չեն:

Տեսանյութեր

Լրահոս